Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անհետացած» տենորը հայտնվել է

Ապրիլ 27,2022 13:30

Եթե երաժիշտների շրջանում փորձեին պարզել, թե հայաստանցի քանի երաժիշտ է ապրում ու ստեղծագործում արտերկրում, ապա առաջին հորիզոնականում, միանշանակ, կհայտնվեին վոկալիստները՝ օպերային երգիչները։ Ու թեեւ բոլոր ժամանակներում վերջիններս պահանջված են եղել հեղինակավոր թատրոնների ու նվագախմբերի կողմից, բայց ասենք՝ մեկ-երկու տասնամյակ ներկայանալով «դրսում»՝ նույնիսկ հեղինակավոր թատրոններում, այդպես էլ համաշխարհային ճանաչման չեն արժանացել: Երջանկահիշատակ անվանի դերասանուհի Ժենյա Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում ժամանակին ասել էր, թե 1980-ականների սկզբներին, երբ Մոսկվայում մի ամբողջ երեկո կարդում էր Սայաթ-Նովայի բանաստեղծությունները, իրեն է մոտենում ու շնորհավորում Ինոկենտի Սմակտունովսկին եւ ափսոսանք հայտնում, որ եթե նման շքեղ կինը ստեղծագործեր մեծ քաղաքում, անկասկած, համաշխարհային հռչակ կվայելեր։ Հավելում է նաեւ, թե ինքն էլ եթե արվարձանից Մոսկվա չտեղափոխվեր՝ Սմակտունովսկի չէր դառնա։


Վերադառնանք օպերային արվեստ, որտեղ յուրաքանչյուր երգչի բեմական ու ստեղծագործական կյանքը միմյանցից տարբերվող, բայց ընդհանրություններ ունեցող պատմություն է։ Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Տիգրանյանի «Անուշ» օպերայում Անցորդի դերերգով եւ Բիզեի «Կարմենում»՝ Ռեմենդատոյի, տարիներ անց հանդիպեցինք տենոր Տիգրան Օհանյանին։ Հինգ կամ գուցե ավելի տարիներ նա հանդես չէր եկել մեր օպերային թատրոնում, ինչի առիթով տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում, թե երգիչն ամուսնացել է, տեղափոխվել արտերկիր, մի մասն էլ հավաստիացնում էր, որ նա վիրավորված է թատրոնի տնօրինությունից, քանի որ դիմել էր մեներգիչների խումբը համալրելու առիթով ու ստացել պատասխան, թե ազատ հաստիք չկա… Եվ սա այն դեպքում, երբ 2016թ. երիտասարդ երգիչ Տիգրան Օհանյանը ռուսաստանյան «Կուլտուրա» TV-ով անցկացվող «Բոլշայա օպերա» նախագծում երեւույթ որակվեց թե ժյուրիի եւ թե հեռուստադիտողի կողմից։ Նշենք, որ մինչ այդ նա փայլել էր նաեւ Գալինա Վիշնեւսկայայի անվան միջազգային մրցույթում։ Այդ տարիներին նա հանդիսանում էր օպերային թատրոնի նորաբաց Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մեներգիչ։ Մի ոչ պակաս կարեւոր հանգամանք եւս. դեռեւս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում ուսանելու տարիներին նա ստացել էր իր առաջին դերերգը. Երիտասարդ գնչու՝ Ռախմանինովի «Ալեկո» օպերայում։ Հետո երգչին Ռուդոլֆի դերերգով՝ Պուչինիի «Բոհեմում», հանդիպեցինք մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ օպերայի համերգային կատարման ժամանակ, եւ կարծես վերջ։ Կարճ ասած՝ 2016-ից մինչեւ վերջերս Տիգրան Օհանյանը իսկապես անհետացել էր հայաստանյան բեմերից։ Բայց մի բան էլ մտաբերեցինք. նույն թվականին Երիտասարդ գնչուի դերերգով հանդիպեցինք նրան Երեւանի օպերային թատրոնում, միառժամանակ անց՝ Հանրապետության հրապարակում՝ Հռոմի պապի այցի առիթով, որտեղ նա եւ գերմանաբնակ Հրաչուհի Բասենցը ներկայացրին Ռադամեսի ու Աիդայի զուգերգը՝ Վերդիի «Աիդա» օպերայից։ Այ այստեղ իսկապես վերջ։
Տիգրան Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, թե 5 տարվա անհետանալուց հետո վերջապես ընդգրկվել է օպերային թատրոնի մեներգիչների ցանկում։ Կայացած երկու օպերաներից հետո պատրաստում է Ալֆրեդի դերերգը Վերդիի «Տրավիատայում» եւ Երիտասարդ գնչուինը՝ «Ալեկոյում»։ Ընդ որում, մայիսին Երեւան կժամանի ռեժիսոր Իռկին Գաբիտովը, որը կվերականգնի ժամանակին մեր թատրոնում իրականացրած «Ալեկոն», գուցեեւ զուգահեռ «թարմացնի» Գեղամ Գրիգորյանի բեմադրած «Տրավիատան»։ Հարցին, թե՝ տարիներ անց կբարձրաձայնի՞, թե ինչու էր անհետացել, երգիչը պատասխանեց. «Չէի անհետացել։ Իրականում անվանի Բարսեղ Թումանյանի ղեկավարությամբ զբաղված եմ եղել վոկալ տեխնիկաս կատարելագործելով»։ Մեր տարակուսանքին՝ բայց Բարսեղ Թումանյանը տարիներ շարունակ ապրում եւ աշխատում էր Աստանայում, մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքն էլ շուրջ երեք տարի եղել է այնտեղ, իսկ հետո արդեն սկսվել է քովիդ, պատերազմ… Հետաքրքրությանը՝ սահմանափակվել է միայն կատարելագործմա՞մբ, արվեստագետը մանրամասնեց. «2017-ին Իտալիայում, Վերդիի անվան թատրոնում Լենսկու դերերգով՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում մասնակցել եմ թատերաշրջանի բացմանը, 2018-ին էլ թատերաշրջանի բացման եմ մասնակցել Գերմանիայում, Կասսել քաղաքի թատրոնում՝ Տեբալդոյի դերերգով՝ Բելինիի «Կապուլետտի եւ Մոնտեկի» օպերային ներկայացման մեջ։ Կուզեի նշել 2017-ին մասնակցությունս Բելառուսի «Բոլշոյ» թատրոնում Վերդիի «Ռիգոլետոյին»՝ Դուքսի դերերգով։ Մասնակցել եմ Սանկտ Պետերբուրգում Վերդիի եւ Մոցարտի Ռեքվիեմներին, նույն քաղաքում՝ Մարիինյան թատրոնում, Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ ներկայացա Էդուարդ Արտեմեւի ստեղծագործական երեկոյին, 2019-ին մենահամերգներ ունեցա Մոնրեալում, Տորոնտոյում եւ այլուր։ Կարճ ասած՝ գուցե Հայաստանից, ինչպես ասում եք՝ անհետացել էի, բայց ստեղծագործական կյանքս բուռն էր մինչեւ քովիդը։ Եթե հետաքրքիր է, ասեմ, որ հիվանդացել եմ քովիդով, 39 աստիճան ջերմությամբ հանդես եկել Սանկտ Պետերբուրգում՝ «Եկատերինյան պալատում», Ելցինի անվան գրադարանում։ Իհարկե, հետո իմացա հիվանդությանս մասին։ Փաստեմ, որ 2020-21-ին, երբ քովիդը սկսեց նահանջել, շուրջ 15 բեմել եմ ունեցել Սանկտ Պետերբուրգում, մեր հայրենակից Մարիա Սաֆարյանցի ղեկավարությամբ ավանդաբար անցկացվող «Պետերբուրգի դարպասներ» փառատոնի շրջանակներում»։


Հետաքրքրվեցինք՝ իսկ «դրսի» թատրոններից աշխատանքի հրավեր չի՞ ունեցել եւ եթե հիմա հրավիրեն՝ կհամաձայնի՞։ Երգիչը պատասխանեց. «Մոտ երկու տարի ապրել եմ Սանկտ Պետերբուրգում ու համոզվել, որ առանց իմ հող ու ջրի, որից էներգիա, ուժ, եռանդ եմ ստանում, չեմ կարող բեմ բարձրանալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ հաճախ մեկ-երկու օրով գալիս էի Երեւան, լիցքավորվում ու վերադառնում։ Փաստորեն, շնորհիվ Կարեն Դուրգարյանի, այլեւս դրա կարիքը չունեմ, բայց, իհարկե, ինչպես ցանկացած օպերային երգչի, իմ դեպքում էլ հյուրախաղերը անպակաս կլինեն։ Աշխատանքի առաջարկներ եղել են, ցանկություն չեմ ունեցել։ Ես միշտ ցանկացել եմ մեներգիչ լինել մե՛ր թատրոնում»։ Իսկ համագործակցո՞ւմ է որեւէ պրոդյուսերի հետ, մեր զրուցակիցն ասաց. «Համավարակից առաջ իտալական DMartist պրոդյուսերական կենտրոնի արտիստ էի, հիմա էլ ունեմ ագենտ (չբարձրաձայնեց անունը)»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930