Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվան առաջ է մղում Ալիեւի 5 կետերը

Ապրիլ 27,2022 12:00

Հայաստան-Ադրբեջան համաձայնագիր ստորագրելուց հետո Բաքուն էլ ի՞նչ է պահանջելու Երեւանից՝ Մոսկվայի լուռ համաձայնության պայմաններում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության, այսպես ասած՝ ոչ պաշտոնական ավարտից հետո ուշագրավ իրադարձություններ են ծավալվում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ արդեն Հայաստան-Ադրբեջան խնդիրների առնչությամբ: Նախ՝ Մոսկվան վերջերս հայտեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահը նոր պաշտոն է ստանձնել, դեսպանն այսուհետ ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն է Հայաստանի եւ Ադրբեջանի կարգավորման հարաբերություններին աջակցելու հարցերով:

Փաստորեն, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի, դրան հաջորդող հայտարարությունների ստորագրումից հետո Մոսկվայի «ջանքերով» ու գործուն մասնակցությամբ նոր հակամարտություն է ստեղծվել, որում, բնականաբար, Մոսկվան փորձելու է գլխավոր մրցավարի իր դերակատարությունը ստանձնել ու պահպանել իր ազդեցությունը:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահը նույնպես նոր գործառույթներ է իրականացնելու: Էնդրյու Շոֆերը ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն է, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատնից: «Այդ պաշտոնում նրա պարտականությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթներ կատարելը եւ ղեկավարելն ԱՄՆ պատվիրակությունը` Ժնեւի միջազգային քննարկումներում վրաց-ռուսական հակամարտության վերաբերյալ»,-ասված է դեսպանատան պատասխանի մեջ:

«Ազատությունը» հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է փոխվել ԵԱՀԿ խմբում ամերիկացի համանախագահ Էնդրու Շոֆերի պաշտոնը. դեսպանատան հաղորդագրությունում նա ներկայացվել էր որպես Կովկասյան բանակցությունների գծով պետքարտուղարության հատուկ խորհրդական, եւ թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Մինսկի խմբում իր մասնակցությունից, թե՞ նոր պաշտոնյա է նշանակվելու որպես ամերիկացի համանախագահ։ «Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագայի խթանմանը», – հավելել են ԱՄՆ դեսպանատնից:

«Ազատության» հարցին` ԱՄՆ-ը հնարավոր համարո՞ւմ է Մինսկի խմբի հետագա գործունեությունը Ռուսաստանի հետ ներկայիս լարված իրավիճակում, Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատունը արձագանքել է, որ իրենք ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին ջանքերը՝ անմիջականորեն, ուղիղ ներգրավվելու ղեկավարների եւ արտգործնախարարների մակարդակով: Ինչպես նաեւ նշել է, որ երկու կողմերի պարտավորությունն ու ճկունությունը, երկկողմանի ուղղակի համագործակցությունը առանցքային են տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար: «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», – ասված է դեսպանատան գրավոր պատասխանի մեջ։

Մոսկվայի, ապա՝ Վաշինգտոնի վերջին որոշումներից հետո, փաստացի, Հայաստան-Ադրբեջան խնդիրների հարցով Ռուսաստան-Արեւմուտք առճակատումն էլ ավելի սրված է արտահայտվում: Ու դժվար է կանխատեսել, թե նման պայմաններում Հայաստանի հնարավոր որոշումներն ինչպես են ազդելու՝ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների վրա:

Հատկանշական է, որ Մոսկվայից անցյալ շաբաթ արդեն հստակ դժգոհություն հնչեց, թե՝ Փարիզը եւ Վաշինգտոնը հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ Բրյուսելը ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն անանուն լրատվամիջոցի հարցին պատասխանելու ձեւաչափով հայտարարություն էր հրապարակել ԱԳՆ-ի կայքում, որում նշված էր՝ «Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խումբը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում օգտագործելու մասին ազդանշաններ Միացյալ Նահանգներից եւ Ֆրանսիայից չի ստացել»։

Մոսկվան շարունակում է ակտիվորեն հայտարարել, թե ուկրաինական պատերազմի պատճառով Վաշինգտոնն ու Փարիզը հրաժարվում են համագործակցել Մոսկվայի հետ Մինսկի խմբի շրջանակներում, եւ որ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցվել է կամ, ինչպես երեկվա հայտարարության մեջ է ասված, կաթվածահար է եղել։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու Վաշինգտոնի եւ Բրյուսելի դիվանագիտական ակտիվությունը նկատելիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը, հրաժարվելով համագործակցել մեզ հետ, փաստացի կաթվածահար արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ապրիլի 6-ի եռակողմ բանակցություններից, դրանց հետեւած հայտարարություններից հետո, փաստացի, Մոսկվան Բրյուսելին մեղադրեց «ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման ամենաբարձր մակարդակով յուրացնելու անամոթ փորձերի մեջ»։

Ընդգծելով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Ռուսաստանն ունի բարեկամական եւ դաշնակցային հարաբերություններ՝ Մոսկվան շեշտում է՝ «ունի վճռականություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելու համար»։

Ընդ որում, նկատենք, որ ռուսական կողմը վերոնշյալ հայտարարությունը հրապարակել էր Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի հաջորդ օրը։ Սրան արդեն հաջորդեց մեկ այլ ուշագրավ իրադարձություն՝ հեռախոսազրույց կայացավ Պուտինի ու Միշելի միջեւ: Ապրիլի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ ի թիվս այլ թեմաների, անդրադառնալով նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությանը: Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինն ու Միշելը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետեւողական իրականացման կարեւորությունը: Այդ համատեքստում Ռուսաստանի նախագահը Միշելին հայտնել է տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ սահմանազատման գործընթացի մեկնարկին եւ խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված քայլերի մասին:

Մոսկվան, այսպիսով, ընդգծված շեշտում է, որ տարածաշրջանային հարցերում գլխավոր դերակատարի իր գործառույթները չի զիջելու Արեւմուտքին: Նկատենք, որ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հատուկ կարեւորեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը խորհրդակցություններ է անցկացրել Երեւանում, համաձայնեցվել է նաեւ նրա այցը Բաքու։ «Իգոր Խովաեւի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի եւ հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն միացել է աշխատանքին, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երեւանում։ Համաձայնեցված է նրա այցը Բաքու, որը տեղի կունենա մոտ ապագայում»,-ասել է դիվանագետը։ Զախարովան նշել է, որ երկխոսությունը հիմնված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքների, ինչպես նաեւ այդ առաջարկներին Երեւանի կառուցողական արձագանքի վրա։

Մոսկվան, այսպիսով, կառուցողական համագործակցություն է ակնկալում պաշտոնական Երեւանից ու Բաքվից, նույնիսկ որոշակի շտապողականություն է ցուցաբերվում: Զախարովան դեռ 2 շաբաթ առաջ էր ընդգծել, թե՝ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ, եւ որ երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն վերականգնելու համար անհրաժեշտ են՝ «հետեւողական քայլեր»։

Ի դեպ, ուշագրավ է, թե որպես հիմք ինչ է մատնանշում պաշտոնական Մոսկվան: Զախարովան ասել էր, որ՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների» հաստատման համար Բաքվի առաջարկած բազային սկզբունքները եւ դրանց Երեւանի արձագանքը հիմք են հանդիսացել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի բանակցությունների մեկնարկի համար։ Այսինքն, պարզից էլ պարզ է, որ Մոսկվան առաջ է մղում Ալիեւի առաջարկած 5 կետերը:

Հետեւաբար, ռուսական կողմը ջանք չի խնայելու Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների հաստատման հարցում Բաքվի առաջարկած 5 կետերի հիմքով խաղաղության համաձայնագրի ստորագրման հասնել:

Իսկ բոլոր նրանք, ովքեր Բրյուսելին մեղադրում են, թե՝ ինչո՞ւ է Արեւմուտքը խառնվում Հայաստան-Ադրբեջան խնդիրներում, ինչո՞ւ են կողմերին շտապեցնում, երբեք չեն անդրադառնում հարցին, թե ինչո՞ւ է Մոսկվան Երեւանի ու Բաքվի հետ մի քանի եռակողմ հայտարարություններ «հովանավորելուց» ու ստորագրելուց հետո (նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի վրա հղում անելով, Ալիեւն, օրինակ, մինչ օրս Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, ընդ որում՝ Մոսկվայի հետեւողական լռության պայմաններում), այժմ էլ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում է ձգտում «քավորություն» անել: Նման համաձայնագիր ստորագրելուց հետո Բաքուն էլ ի՞նչ է պահանջելու Երեւանից՝ Մոսկվայի լուռ համաձայնության պայմաններում:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930