Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է արդյոք նոր հեղափոխություն

Ապրիլ 27,2022 15:00

«Պրետորական հասարակության» եւ ավտորիտարիզմի վերարտադրման գործոնների մասին

Անցած շաբաթ Քաղաքացու օրը (այլ կերպ ասած՝ Փաշինյանի կազմակերպած հեղափոխության 4-րդ տարեդարձը) առանձնապես չնշվեց: Իշխանության մի քանի ներկայացուցիչներ եւ կողմնակիցներ ֆեյսբուքում ստատուսներ գրեցին, շնորհավորեցին բոլորիս պանծալի տոնը, բայց պաշտոնապես որեւէ միջոցառում չկար՝ անգամ գորգեր չլվացին: Հավանաբար, պարծենալու բան, մեծ հաշվով, չկար: Մյուս կողմից՝ նրանք, ում հեղափոխությունը զրկել էր որոշակի վայելքներից, բնականաբար, եւս մեկ առիթ ստացան չարախնդալու՝ «տեսա՞ք, ինչ եղավ»:

Բայց ինձ այս պարագայում հետաքրքիր են ոչ թե հեղափոխությունից շահածների կամ դրանից տուժածների զգացմունքներն ու նրանց քարոզչությունը, այլ երեք՝ ավելի սկզբունքային հարցերի պատասխանները՝ 1/ օրինաչա՞փ էր արդյոք հեղափոխությունը, 2/ արդյո՞ք այն լուծել է իր առջեւ դրված խնդիրները, 3/ եթե ոչ՝ արդյոք պե՞տք է սպասել նոր հեղափոխությունների:

Առաջին հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչ էր նախորդ դարի ամերիկացի քաղաքագետ Սեմուել Հանթինգթոնը հասկանում՝ ասելով «քաղաքական կարգուկանոն»: Նա նկատի ուներ այն դեպքը, երբ քաղաքական համակարգն այն աստիճանի է ինստիտուցիոնալիզացված (հղկված, բարդ մեխանիզմներով անխափան աշխատող), որ կարողանում է պահպանել իր որակը՝ իր մեջ ներառելով նոր խմբեր (մեկ այլ տեղում Հանթինգթոնը նրանց անվանում է «վտանգավոր խմբեր»), եւ դա անել այնպես, որ այդ խմբերը գործեն արդեն ընդունված խաղի կանոններով եւ արժեքներով: Արդյո՞ք համակարգը, որը գոյություն ուներ 2018 թվականին, ընդունակ էր այդ՝ հանթինգթոնյան իմաստով, «քաղաքական կարգուկանոնը» պահպանել: Ակնհայտորեն՝ ոչ. համակարգը «հետխորհրդային էր»՝ կոռուպցիայով, կեղծվող ընտրություններով, իշխողների եւ մեծահարուստների ամբարտավան ապօրինություններով:

Իսկ ովքե՞ր էին «նոր խմբերը», որոնք չէին ներառվում այդ համակարգի մեջ: Նրանք, առաջին հերթին, 1990-ականների սկզբին ծնվածներն էին, որոնք 2010-ականների սկզբին արդեն իսկ կարող էին քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել: 2010-ականների հասարակական շարժումները, օրինակ, «Էլեկտրիկ Երեւանը» կամ «Վճարում ենք 100 դրամ»-ը պետք է որ տագնապի նշան լինեին այն ժամանակվա իշխանության համար, որը, սակայն, որեւէ քայլ չձեռնարկեց համակարգը փոխելու համար: Նոր խմբերին ավելացել են «հները»՝ 1990-ականներին «լյումպենացվածները», որոնց 27 տարի ասում էին՝ «համբերեք՝ հանուն Արցախի», բայց ասողները բացարձակապես չէին «համբերում», եւ հարստանում էին բոլորի աչքի առաջ: Ամերիկացի քաղաքագետի եզրաբանությումբ՝ քաղաքական ակտիվությունն ավելի բարձր էր, քան ինստիտուցիոնալիզացիան, ու դա կարող է բերել ու տվյալ դեպքում բերեց հեղափոխության:

Հեղափոխությունն, այդպիսով, օրինաչափ էր: Հիմա փորձենք պատասխանել երկրորդ հարցին՝ արդյոք այն լուծել է իր առջեւ դրված խնդիրները: Եթե նպատակը հնացած, հետխորհրդային, ավտորիտար համակարգից դեպի ավելի ժամանակակից՝ ժողովրդավարական համակարգին անցնելն է, ապա, կարծում եմ՝ ոչ: Համակարգի պահպանման ցուցիչները բազմաթիվ են, եւ դրանցից ինձ համար ամենաակնառուն (գուցե ոչ այնքան կարեւորը) այն է, որ, ինչպես Քոչարյանի եւ Սարգսյանի, այնպես էլ Փաշինյանի ժամանակ, օլիգարխները պարտավոր են լոյալություն պահպանել իշխանությանը՝ վերջինս բոլոր հնարավորություններն ունի նրանց սնանկացնելու: Ծառուկյանի օրինակն ամենաթարմն է:

Քաղաքագիտության մեջ թվարկվում են ավտորիտարիզմի վերարտադրման նախադրյալները. 1/ ավանդական հասարակության պահպանումը՝ ընդունված սոցիալական նորմերով, 2/ «կլիենտային»՝ թագավոր (իշխաններ) – հպատակներ հարաբերությունների վերարտադրությունը, 3/ կրոնական նորմերի ազդեցությունը բնակչության քաղաքական կողմնորոշումների վրա, 4/ տնտեսական հետամնացությունը, 5/ հասարակության մեջ կոնֆլիկտայնության բարձր մակարդակը: Ինչպես տեսնում ենք՝ թիվ 2, 4 եւ 5 նախադրյալները մեր հասարակության մեջ կան, հետեւաբար, մենք հակում ունենք ավտորիտարիզմի նկատմամբ:

Եվ վերջապես, անդրադառնանք գործոններին, որոնք կարող են նպաստել նոր հեղափոխություններին: Դրանց թաքնված են, այսպես կոչված, «պրետորական հասարակության» առանձնահատկությունների մեջ, որոնք ձեւակերպել է մեկ այլ ամերիկացի քաղաքագետ Դեյվիդ Ռապոպորտը: Ի դեպ, Հանթինգթոնի հիշատակած տեսությունը շատ հարցերում հիմնված է հետ այդ գաղափարների վրա: «Պրետորները» Հռոմի զորավարների թիկնապահական ջոկատներն էին՝ այն, ինչ կարող ենք անվանել ժամանակակից օլիգարխների «ախրանա»: Թեեւ Ռապոպորտի դիտարկումները վերաբերում են ռազմական հեղաշրջման նախադրյալներին, դրանք, ինձ թվում է, կարելի է կիրառել ցանկացած հեղաշրջման վերաբերյալ:

Այդ գործոնների թվում են. 1/ խաղի կանոնների հանդեպ առավել ազդեցիկ խմբավորումների կոնսենսուսի բացակայությունը,

2/ իշխանության եւ սեփականության վերաբաշխման վերաբերյալ սուր կոնֆլիկտը, 3/ հասարակության բեւեռացումը, 4/ իշխանության լեգիտիմության եւ ինստիտուցիոնալիզացման ցածր մակարդակը: (Խոսքը ոչ թե «բյուրոկրատական»՝ քվեների քանակով պայմանավորված, այլ իրական հասարակական լեգիտիմության մասին է): Քանի որ 4 գործոններն էլ առկա են, նոր հեղափոխության հավանականությունը բավականին մեծ է:

Բայց ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա մոտ ամիսներին, եւ իրականացնողները կլինեն այսօր Ազատության հրապարակում գտնվող ուժերը: Նրանց հետ տհաճ հիշողություններ են կապված:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել