Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահվան աչքերի մեջ էլ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաև այն տղաների աչքերին, որոնց այս ձեռքերով հուղարկավորել եմ»․ Բագրատ սրբազան

Հունիս 05,2024 22:44

«Հիմա բոլորս դարձել ենք ոչ միայն սահմանապահ, այլև սահմանն ամբողջությամբ կրողներ»,-Սոթքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա փաստեց՝ տեղեկություններ ունի, որ ուսուցիչներին, պայմանագրային զինծառայողներին, նրանց ընտանիքներին կանչել, խոսել են հետները, երևի նկատողություն են արել, փորձել են վախեցնել մեր արցախցի ընտանիքներին, որ այսօր չգան հավաքի․ «Ինչո՞ւ չգան հավաքի, որովհետև ուզում են արժանապատիվ կյանք ունենալ, որովհետև ուզում են ազատվել ձեր անպատիվ ներկայությունից, որովհետև ուզում են հաշտություն ունենալ կյանքում, ճշմարտության մասին վկայել ու ապրել, գործել ազատության մեջ, ուզում են թշնամությունն ու ատելությունը հեռացնել։ Սրա համար չգա՞ն։ Ուշի-ուշով այդ մարդիկ հետևում են, թե մենք ինչ ենք անելու։ Ի՞նչ ենք անելու՝ բարձրանալու ենք սարը, գնալու ենք էն լեռը, ասենք՝ էս մեր հողերն են, էդ ենք անելու»։

Բագրատ սրբազան ցավով փաստեց՝ հենց հիմա վերևում մեր թշնամիներն են կանգնած․ «Հայաստանի իշխանությունները պապանձվել են, մի բառ անգամ նրանց չեն ասում, բայց մեզ՝ նրանց, ովքեր ասում են՝ պատիվ ենք ուզում, հայրենիք ենք ուզում, հաշտություն ենք ուզում հասարակական իմաստով, արդարություն ու ճշմարտություն ենք ուզում, ուզում ենք, որ թշնամությունը մեր տներից վերանա, ատելությունը մեր կյանքից հեռանա, ուզում ենք արժանապատիվ, կայուն, հզոր պետություն ունենալ, ուզում ենք, որպեսզի աշխարհը մեզ հետ, ոչ թե մեր վրա խոսի, այս իշխանությունները մեզ ինչ ասես, ասում են»։

Այնուհետև վստահեցրեց՝ շարժումը թևակոխում է երրորդ փուլ․ «Սա է վճռական փուլը, որովհետև այցելել ենք պետական հաստատություններ արդեն ժողովրդային ներկայությամբ փաստելու, որ ոչ միայն չեն աշխատում, այլև ուղղակի թշնամի են․ արտաքին ու ներքին գործերի մեջ են թշնամի, քաղաքացիների հանդեպ ունեցած վերաբերմունքով են թշնամի»։

Սրբազանը, դիմելով հավաքված ժողովրդին, վստահեցրեց․ «Մեր կյանքը դեռ մեր ոտքերի վրա շարունակելու ենք պատվով ու արժանապատվությամբ ապրել՝ անկախ բոլոր փորձանքներից ու փորձություններից, որոնք բերել են մեր գլխին։ Մեր վճռական գերլարումով՝ մկանների, սրտի, հոգու, մտքի՝ բոլոր տեսակի՝ թե′ հոգևոր, թե′ ֆիզիկական մտավոր հարձակումների դեմ պիտի գործենք անխափան ու առանց կասկածելու։ Ամսի 9-ը չափազանց կարևոր է մեզ համար, որը մեր մյուս քայլի՝ հուսամ վերջնական ու հաղթական քայլի պատրաստությունն է լինելու»։

Նա ասաց՝ բացարձակ ոչինչ չկա այս կյանքում, որ կարող է իրեն որևէ ձևով վախեցնել․ «Մահվան աչքերի մեջ էլ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաև այն տղաների աչքերին, որոնց այս ձեռքերով հուղարկավորել եմ և ինձ եմ տեսել այնտեղ, բայց ոչ այդ փառքով, այլ անարգված, անպատված։ Ես չեմ ուզում այդ օրն ունենալ, և վստահ եմ, որ ամեն արժանապատիվ հայ մարդ նույն մտածումն ունի։ Մենք այլ տարբերակ չունենք։ Մեր կյանքի ամենամեծ ուժն եմ տեսնում, տեսնում եմ համառ կռվող, պատիվ ունեցող մեր գյուղերի բնակիչներին, որոնց ուղղակիորեն մեծ հարգանքից բացի գրեթե պաշտամունքի հասնող հարգանք ունեմ։ Ամեն ինչ պետք է անենք, որ գյուղն ամենաբարձր աստիճանի վրա լինի․ կռվողն էլ է եղել գյուղացին, սնունդ տվողն էլ է եղել գյուղացին, երկիր պահողն էլ է եղել գյուղացին»։

Ամփոփելով ելույթը՝ սրբազանն ասաց․ «Մեր իղձերի ու երազանքների իրականացման ճանապարհը հենց այսօրով է նաև պայմանավորված, հետևաբար ամսի 9-ին՝ ժամը 18։30-ին, մենք հանդիպելու ենք Հանրապետության հրապարակում, որպեսզի այլևս մեր կյանքի սրբագրման նոր էջը սկսենք»։

Հանրահավաքի ավարտին մասնակիցները Բագրատ սրբազանի հետ միասին հնչեցրին ՀՀ օրհներգը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930