Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երկրորդ երեւանյան քայլերթն այսօր սկսվեց Սասունցի Դավթի արձանի շրջակայքից եւ ամփոփվեց Ֆրանսիայի հրապարակում։ «Հայաստանը մեր տունն է, Արցախը՝ տան բակը։ Այս ապաշնորհները բակի մի մասը հերիք չի տվել են, հիմա էլ ուզում են ողջ բակը տան թշնամուն, որ մեր դուռը ծեծի։ Դուռը Սյունիքն է, Տավուշը, Գեղարքունիքը»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ու խոսքն ուղղեց ննջասենյակներում քնած տղամարդկանց․ «Արա զարթնի՜․․․լաոն արդեն զարթնել է, չեք տեսնո՞ւմ։ Զարթնի, թե չէ տասը օրից ամոթից չես կարողանալու երեխաներիդ աչքերի մեջ նայես, որովհետեւ անցնելու է, վերջանա, ու դու անբաժան մաս դարձած չես լինելու»։
Վահե Հակոբյանի խոսքով՝ իշխանությանը րոպե առաջ պետք է վռնդել․ «Իրենց վախերն անգամ չեն կարողանում կառավարել, ուր մնաց՝ երկիրը։ Հղի աղջկան այսօր տվել-գցել են մեքենայի տակ, չեն էլ կանգնել, օգնություն ցույց չեն տվել։ Արա՜ ո՞վ եք դուք»։
Նշենք, որ ըստ մամուլի եւ սոցցանցային օգտատերերի որոշ գրառումների՝ Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկն այսօր վրաերթի է ենթարկել հղի կնոջ, որը մահացել է․ պտուղը փրկել եւս չի հաջողվել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ