Այսօր Ազատության հրապարակից «Հայրենիք» կուսակցությունը մեկնարկեց իրազեկման ակցիա: Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ պայքարի յուրաքանչյուր օր ավելի շատ մարդ է գալիս Ազատության հրապարակ, Երեւանում տեսնում են տարբեր մարդկանց խմբեր, որոնք անհնազանդություն են հայտնում իշխանությանը. «Մարդիկ ասում են՝ համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Մենք անպայման հաջողելու ենք: Այսօր կանցկացնենք իրազեկման երթ: Այն իր արդյունքները տալիս են: Մեզ հանդիպող վարորդները գրեթե բոլորը ողջունում են մեզ, պատշգամբներից նայող մարդիկ գրեթե բոլորը ողջունում են մեզ»:
Նա հորդորեց մարդկանց իրենց աջակցությունը պայքարին ցույց տալ աշխատավայրերում, փողոցներում սոցցանցերում, հարեւանների հետ զրույցներում:
Վանեցյանը հայտարարեց, որ պայքարը ցույց տվեց, որ հայը չի հանձնվել ու արժանապատվություն ունեն. «Մենք համբերատար ենք ու անպայման հասնելու ենք մեր նպատակին: Իսկ մեր նպատակը շատ պարզ է՝ ունենանք անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ ու մեր երկրում ապրող արժանապատիվ քաղաքացի»:
Կարդացեք նաև
Երթի ժամանակ Վանեցյանի գլխավորությամբ մասնակիցները վանկարկում էին՝ «Հայաստան, ոտքի», «Արցախ, ոտքի՛», «Հայեր, ոտքի՛», «Հայեր, միացեք»: Այսօրվա երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, Մաշտոցի պողոտայով, Կորյուն փողոցի խաչմերուկից պետք է շարժվեին Տերյան, Թումանյան փողոցներ ու վերադառնային Ազատության հրապարակ:
Սակայն այլ ընթացք ունեցավ, երբ նախատեսված երթուղուց ցուցարարները անակնկալ մտան Իսահակյան փողոց: Լարված իրավիճակ ստեղծվեց, որոշ ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախում եղավ: Բղավում էին՝ «մի խփի, արա՛»: Մի քանի րոպե իրար քաշքշելուց ու հրմշտելուց հետո հանդարտվեցին ու շարունակեցին երթը՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկումով:
Աբովյան փողոցում Վանեցյանն ու երթի մասնակիցները նստեցին փողոցի մեջտեղում ու կաթվածահար արեցին երթեւեկությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ