Որպես զգուշացում ոստիկանությանը եւ բողոքի ձայնի արտահայտում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ բազմամարդ երթի բոլոր մասնակիցներին կոչ արեց տասը րոպեով նստել գետնին։ Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երկրորդ երեւանյան քայլերթն այսօր սկսվեց Սասունցի Դավթի արձանի շրջակայքից։
Սաղաթելյանը շեշտեց, որ ոստիկանությունն այսօր առանց հիմնավորումների բերման է ենթարկել ցուցարար երիտասարդներին․ «Եթե պետք է՝ թող գան բոլորին հատ-հատ ձերբակալեն։ Մեզ չեն կանգնեցնելու»։ Իշխան Սաղաթելյանը խնդրեց այսպես զորակցություն հայտնել նաեւ քաղբանտարկյալներ Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մանթաշյանին եւ այլոց։ Ապա երթը Երեւանի կենտրոնում շարունակվեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ