«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ պայքարի երկրորդ փուլն են սկսելու ու քաղաքացիական անհնազանդություններ կազմակերպելու:
Այսօր կազմակերպված երթի ժամանակ լրագրողների հարցին՝ իշխանությունը թույլ կտա՞, որ ապակենտրոն այս շարժումը մեծանա՝ Վանեցյանը պատասխանեց. «Իշխանությունն ամեն ինչ անում է, հատկապես այսօր մենք տեսանք բիրտ ուժի կիրառում տարբեր քաղաքացիների նկատմամբ, բայց դա չի փրկի: Ժողովուրդն արդեն արթնացել է, մնում է այդ ամենը կարողանանք ճիշտ ձեւով փաթեթավորենք ու հասցնենք ավարտին: Առաջիկա օրերին կլինեն ավելի մեծ քանակությամբ բողոքի ակցիաներ, ավելի դինամիկ ու ավելի կարեւոր ու մեր հայրենակիցները կմիանան, ամբողջը դուրս կգան ու մենք կունենանք այն կրիտիկական զանգվածը, որին իշխանությունը չի կարող դիմակայել»:
Եթե այդ կրիտիկական զանգվածը հավաքվի, ըստ Վանեցյանի, Փաշինյանը չի կարող ուժ կիրառել. «Այն մարդկանց քանակը, որը մենք սպասում ենք, անհնարին է, ժողովրդի դեմ որեւէ մեկը չի կարող որեւէ բան անել: Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առաջ չի կանգնի, մենք կորցնելու բան չունենք: Մենք ամենաթանկն ենք կորցրել ու շարունակում ենք կորցնել, մենք մեր հայրենիքի մի հատված ենք կորցրել, որոշակի մասն էլ կորցնում ենք, մենք մեր հանգիստն ենք կորցրել, մեր երկրի անվտանգությունը, մեր երեխեքին ենք կորցրել»:
Վանեցյանը վստահեցրեց, որ ուժային կառույցներում հայրենասեր մարդիկ կան. «Ինձ մշտապես ասում են՝ մի արդարացրու ուժայիններին, թող դնեն իրենց ուսադիրները ու դուրս գան պայքարի: Բայց ես հասկանում եմ նրանց, մարդիկ ընտանիքներ են պահում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ