Լրահոս
Օրվա լրահոսը

Հելսինկյան կոմիտեն կրկին կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից և անհամաչափ սահմանափակումներից

Ապրիլ 26,2022 21:21

Նախորդ շաբաթ մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարեցին գալիք ժամանակահատվածում մշտական բողոքի ցույցերի անցկացման մասին։ Հավաքների ընթացքում մասնակիցները հաճախ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ, ներառյալ փողոցների երթևեկելի հատվածների ժամանակավոր արգելափակումներ։ Հաշվի առնելով երկրում առկա խիստ լարված քաղաքական մթնոլորտը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ հավաքների վարչարարության ընթացքում դրսևորել առավելագույն զսպվածություն և արհեստավարժություն։

Կոմիտեի կողմից իրականացվող մշտադիտարկումը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող միջամտությունները անհամաչափ են և անհարկի, դիտարկվել են բռնության գործադրման դեպքեր։ Օրինակ՝ ապրիլի 25-ին Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի, ինչպես նաև ապրիլի 26-ին՝ Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկներում անցկացված բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության զորքերի և ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից մասնակիցների նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ, բռնի ուժ։

Համացանցում տարածված տեսանյութերից մեկում ակնհայտ երևում է, թե ինչպես է նույն գումարտակի ծառայողը բռունցքով հարվածներ հասցնում ոստիկանական մեքենայում գտնվող ցուցարարին ։ Բացի այդ, ապրիլի 25-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել մասնակիցներին մոտենալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի շենքին, մինչդեռ նման սահմանափակում նախատեսված չէ օրենքով։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կրկին կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից և անհամաչափ սահմանափակումներից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված բոլոր ոստիկանության ծառայողներին։

 

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ԻՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930