Սկիզբը՝ այստեղ
Մաս 10
- Թվային վերափոխման անհրաժեշտ աստիճանի որոշում. Ժամանակակից տեխնոլոգիաները փոխում են ենթակառուցվածքների, շուկաների, արտադրանքի, բիզնեսի կառուցվածքի և արտադրության կազմակերպման բնույթը։ Համավարակին առնչվող սահմանափակումների պատճառով փոխգործակցության էական մասը, ինչպես արդեն նշվեց, տեղափոխվել է վիրտուալ տարածք, ինչը նպաստել է տեխնոլոգիական ընկերությունների շռնդալից աճին, որոնց տնտեսական և ֆինանսական ցուցանիշները, ներառյալ կապիտալացումը, բազմապատիկ աճել են։ Միևնույն ժամանակ, շատ այլ ոլորտներ հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակի մեջ։ Համոզված եմ, որ կրած հետաճը կհաղթահարեն նրանք, ովքեր լավագույնս կկարողանան հարմարվել նոր իրականությանը։ Airbnb հյուրատան օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կործանման դատապարտված թվացող ընկերությունը կարողացավ վերակազմավորվել, արմատապես փոխել իր բիզնես մոդելը և օգտատերերին առաջարկել հարմար ծառայություն, որն այսօր կապում է ավելի քան 4 միլիոն կացարանային սեփականատիրոջ և ավելի քան մեկ միլիարդ ճանապարհորդի` աշխարհի գրեթե բոլոր երկրներում[1]:
Անձնական տվյալները տնտեսական նոր կազմավորման՝ վերահսկողական կապիտալիզմի մեջ վերածվում են ապրանքի։
Իհարկե, պետք է հստակ գիտակցել, որ տեխնոլոգիական նոր հեղափոխության ձեռքբերումները կարող են հավասարապես օգտագործվել և՛ ի բարօրություն, և՛ ի վնաս մարդու։ Անձնականի սահմաններն ավելի ու ավելի են մշուշվում։ Անձնական տվյալները դառնում են ապրանք և երկրի վրա ամենաթանկ ռեսուրսը տնտեսական նոր ձևավորման, այսպես կոչված` վերահսկողական կապիտալիզմի (surveillance capitalism) մեջ: Միևնույն ժամանակ, թվային փոխակերպման գործընթացից դուրս մնացող ընկերություններն անտեսանելի կդառնան հաճախորդների ու գործընկերների համար և աստիճանաբար կդադարեն գոյություն ունենալուց։
Կարդացեք նաև
«Մարդկությունը կանգնած է ընտրության առջև՝ ազատությո՞ւն, թե՞ երջանկություն, և ճնշող մեծամասնության համար երջանկությունն ավելի լավ է», – կարդում ենք Օրուելի «1984» վեպում։ Մի բևեռում հայտնվում են նրանք, ովքեր ընտրում են հարմարավետությունն ու պաշտպանվածությունը, որոնք կարող է ապահովել արհեստական բանականությունը, և կամավոր կերպով համակարգին ու խոշոր ընկերություններին տեղեկություններ են տրամադրում իրենց մասին, մյուս բևեռում՝ մեկդի մնացածները, որոնք դիմադրում են թվային ամբողջատիրությանը: Այս առումով կարևոր է ճիշտ հավասարակշռություն գտնելը, որպեսզի թվային հարթակները վերածվեն փոխազդեցության հարթակների, վստահության արտահայտման և հեղինակության ամրապնդման գործիքի:
- Հայաստանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական և գիտատեխնոլոգիական գոտի. Որպես մի կողմից ԵԱՏՄ անդամ և մյուս կողմից որպես ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրած երկիր, Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է դառնալ մի տարածք, որտեղ կստեղծվի այնպիսի սարքավորումների և տեխնոլոգիաների արտադրություն, որոնք անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների, օրինակ՝ Ռուսաստանի տնտեսությունը արդիականացնելու համար։ Դա, առաջին հերթին, թույլ կտա ներդրումներ գրավել միջազգային (նախևառաջ եվրոպական) ընկերություններից, որոնք հետաքրքրված են ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, բայց ունեն փոխգործակցության սահմանափակումներ, երկրորդ, Հայաստանում ստեղծել տեխնոլոգիական հաբ՝ հիմնված ԽՍՀՄ ժամանակներից մասամբ պահպանված, բայց զարգացման կարիք ունեցող գիտական ու տեխնոլոգիական ժառանգության և բարձր կրթությամբ հայ մասնագետների ռեսուրսի վրա, և երրորդ, նվազեցնել գործազրկության և աշխատանքային միգրացիայի մակարդակը՝ ստեղծելով բեկումնային զարգացման տարածք։
- Լեռնամետալուրգիական արդյունաբերության արդիականացում. Աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա հիմնված որակյալ տնտեսական աճի հասնելու և միաժամանակ նոր աշխատատեղեր ստեղծելու համար քարի արդյունահանման և վերամշակման արդյունաբերությունը պակաս կարևոր չէ, քան տեխնոլոգիաներն ու այլընտրանքային էներգիան, գյուղատնտեսությունն ու գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը, ինչպես նաև զբոսաշրջությունն ու ֆինանսական ծառայությունները։ Արդյունաբերության արդիականացումը կպահանջի հրաժարում շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանն անուղղելի վնաս հասցնող օգտակար հանածոների հանքավայրերի յուրացման մեթոդներից, տեխնոլոգիական գործընթացների և թվային տեխնոլոգիաների կիրառման արդիականացում, բնապահպանական ստանդարտների մշակում և ներդրում, հողերի վերամշակում և ջրային մարմինների վերականգնում, հարկային համակարգի վերանայում՝ հաշվի առնելով ինչպես ընթացիկ միտումները, որոնք ազդում են համաշխարհային ամբողջ հանքարդյունաբերության ոլորտի վրա, այնպես էլ տեղական առանձնահատկությունները, և ներդրումների ներգրավում:
- Կրթական համակարգի բարեփոխում՝ սկսած նախադպրոցական կրթությունից և կողմնորոշվելով միջազգային լավագույն չափորոշիչներով. Դեռևս 20 տարի առաջ «Հայաստան-2020» ծրագրի շրջանակներում մենք կրթությունը ճանաչեցինք գործունեության առաջնահերթ ոլորտներից մեկը, որն անհրաժեշտ է Հայաստանին` հաբի մոդելի ուղղությամբ ընթանալու համար։ Մի կողմից, կրթությունը ժամանակակից մեծագույն արդյունաբերությունն է, որտեղ առկա է պահանջարկի մշտական աճ՝ գերազանցելով առաջարկին, ինչն ապահովում է այս ոլորտի զգալի ներդրումը տնտեսության մեջ։ Մյուս կողմից, դա այն ոլորտն է, որը պայմաններ է ստեղծում մնացած բոլոր ճյուղերի զարգացման համար. այս առումով իսկապես կադրերն են որոշում ամեն ինչ։
Հայաստանում երեխաների 8%-ից 10%-ը, համապատասխան տարիքը լրանալուց հետո, չի հաճախում տարրական դպրոց։
Այս աշխատանքում ես չեմ անդրադառնա նախադպրոցական և դպրոցական կրթության խնդիրներին, միայն ասեմ, որ Հայաստանում երեխաների 8%-ից 10%-ը, համապատասխան տարիքը լրանալուց հետո, չի հաճախում տարրական դպրոց. բացարձակապես անհավատալի իրողություն մի երկրի համար, որտեղ հանրակրթական միջնակարգ կրթությունը պարտադիր է։
Իմ կարծիքով, բարձրագույն ուսումնական հաստատությունների բարեփոխման գործընթացում նշաձող կարող է լինել, առաջին հերթին, հայկական բուհերի ներկայությունը համաշխարհային կրթական հեղինակավոր վարկանիշների առաջին հորիզոնականներում, և երկրորդ` կրթական ծառայությունների արտահանման ավելացումը՝ ներգրավելով ավելի մեծ թվով օտարերկրյա ուսանողների։ Դրա համար անհրաժեշտ է հայաստանյան առաջատար բուհերի ռեկտորների պաշտոնների համար հայտարարել միջազգային մրցույթներ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների մեջ, ստեղծել հոգաբարձուների խորհուրդներ և տարբեր ֆակուլտետների դեկանների պաշտոններում հրավիրել նշանավոր գիտնականների։ Օրինակ, ռուսաստանյան բուհերի ռեկտորներից ութը հայկական արմատներ ունեն։
Բարեփոխման կարիք ունի նաև այն մոդելը, որը մենք ժառանգել ենք խորհրդային ժամանակներից, որտեղ գիտական հետազոտական կենտրոններն առանձնացված են բարձրագույն ուսումնական կենտրոններից։ Փորձը ցույց է տվել, որ նման մոդելը նվազ հաջող է, քան այն, որն ստեղծվել է անգլո–սաքսոնական աշխարհում։
Ակնհայտ է, որ կյանքի տևողության աճի և մարդկանց կենսաթոշակով ապահովելու մշուշոտ հեռանկարների պատճառով մարդիկ ստիպված կլինեն հնարավորինս երկար մնալ աշխատաշուկայում, ինչը նշանակում է` սովորել ամբողջ կյանքի ընթացքում: Հավանաբար, բարձրագույն կրթությունն իր ներկայիս տեսքով լավագույնս հարմար չէ սրա համար, ինչն իր հերթին նշանակում է, որ, ի լրումն բուհերի, Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել կրթության, մասնագիտական ու անհատական աճի և առաջնորդության ունակությունների զարգացման լրացուցիչ կենտրոններ։ Այդպիսի կենտրոններից մեկում՝ «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցում, որն ստեղծվում է Մոսկվայի ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի գործընկերությամբ, մոտ ապագայում կգործարկի առաջին ծրագիրը՝ «Executive MBA»-ն, որը նախատեսված է բարձր օղակների ղեկավարների և ձեռնարկատերերի համար։
- Երիտասարդների (25–35+) ներգրավում. Մենք տեսնում ենք, թե զարգացող երկրներում բուռն տնտեսական զարգացման ընթացքում կուտակված հարստությունն ինչպես է վերջին երեսուն տարվա ընթացքում փոխանցվում այսօրվա 20-30 տարեկան սերնդին, որը, դեռևս միջին տարիքի չհասած, դառնում է հսկայական ֆինանսական ռեսուրսների տեր։ Բիզնեսը զգալիորեն երիտասարդացել է. թվային տնտեսության բացած հնարավորությունների շնորհիվ տնտեսական ակտիվ կյանք մուտքը հաճախ սկսվում է 15 տարեկանից: Մարդկության պատմության մեջ կարծես թե առաջին անգամ բախվում ենք այն իրողությանը, որ գիտելիքների ու հմտությունների փոխանցումը տեղի է ունենում ոչ թե ավագ սերնդից երիտասարդներին, այլ` հակառակը։ Երիտասարդների հայացքների թարմությունն ու դատողությունների հանդգնությունը մեզ դրդում են նորովի գնահատելու ներկա իրավիճակի շատ առանձնահատկություններ։
Դժբախտաբար, երեսուն տարիների անկախությունը, որի մասին դարեր շարունակ երազում էին մեր նախնիները, Հայաստանը չդարձրեց այնպիսի երկիր, որն ի վիճակի լիներ երիտասարդ ու տաղանդավոր քաղաքացիներին զերծ պահելու արտագաղթից։ Հայ երիտասարդության մեծ մասը ներկայումս չի մասնակցում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և չի պատկանում որևէ կուսակցության՝ գլխավորապես այն պատճառով, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերից և ոչ մեկը չի առաջարկում գաղափարական հարթակ, որի շուրջ մարդիկ համախմբվեն։ Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ Հայաստանում և հայկական աշխարհում պահենք մտածող, վճռական, համառ երիտասարդությանը, որն ունի երևակայություն և ինքնադրսևորվելու կարողություն։ Դրա համար հարկավոր է թույլ տալ նրան` ղեկավարել փոփոխությունների գործընթացը:
- Կանանց ավելի շատ հնարավորություններ տալ մասնակցելու սոցիալական ու տնտեսական կյանքին, ինչպես նաև պետական կառավարմանը. Ըստ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի, «չկա ավելի արդյունավետ զարգացման գործիք, քան կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը»: Բարձրացնելով կանանց քաղաքական ու տնտեսական ավելի մեծ ներկայացվածության հարցը՝ ես, իհարկե, նկատի ունեմ ոչ թե քվոտաները, այլ արժանավարության սկզբունքների հաստատումը։ Նորվեգական բիզնես դպրոցում 2011 թ.-ին պրոֆեսոր Մարտինսենի[1] գլխավորությամբ կատարված ուսումնասիրությունը, որը հիմնված է տարբեր ոլորտների 3000 ղեկավարների բնավորության ու բնութագրերի վրա, ցույց է տվել, որ կին առաջնորդները տղամարդկանց գերազանցում են հինգ կարգերից չորսում՝ նախաձեռնության և հաղորդակցության հստակության, բացության և նորարարության կարողության, մարդամոտության և աջակցություն տրամադրելու պատրաստակամության, կառավարման համակարգայնության և նպատակադրության բնագավառներում:
Հայաստանում կանայք սովորաբար ավելի են ծանրաբեռնված աշխատանքով, քան տղամարդիկ, և, միևնույն ժամանակ, մեծ մասամբ մնում են իրավազուրկ ու ընկճված։
Ամբողջ աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնք փոխում են ընտանիքում դերերի ավանդական բաշխվածությունը, երբ տղամարդը հանդես է գալիս որպես կերակրող ու պաշտպան, իսկ կինը՝ ընտանեկան օջախի պահապան։ Այս գործընթացները չեն շրջանցում նաև Հայաստանը, հատկապես որ տիրող հանգամանքների՝ 1990-ականների ծանր քաղաքական, տնտեսական ու սոցիալական վիճակի, բարձր գործազրկության, հարկադիր աշխատանքային միգրացիայի և այլ պատճառներով հայ ընտանիքներում տղամարդկանց դերն արմատապես փոխվել է։ Նրանք անորոշություն են զգում ապագայի նկատմամբ, վախենում են կորցնել իրենց ընտանիքն ապահովելու հնարավորությունը, կորցնել իրենց սոցիալական կարգավիճակը։ Սա հաճախ ներքին վհատության տեղիք է տալիս, որը երբեմն արտահայտվում է փոխհատուցող հակազդեցություններով՝ ագրեսիվությամբ ու անհանդուրժողականությամբ: Ինչպես արդեն նշել եմ, Հայաստանում, հատկապես քաղաքական ասպարեզում, մեծ խնդրի է վերածված կիսագողական մաչիզմի մթնոլորտը, երբ որևէ շփում հանգում է ուրիշների աչքում սեփական առավելությունը հաստատելուն, այլ ոչ թե երկխոսություն վարելու և խնդիրների համատեղ լուծումներ գտնելու փորձերի։
Իսկ կինը հանդես է գալիս որպես յուրօրինակ սոցիալական կայունարար՝ հարթելով սուր անկյունները և ապահովելով հասարակության մեջ վարքագծի չգրված կանոնների պահպանումը։ Ցավոք սրտի, այսօր Հայաստանում կանայք սովորաբար ավելի են ծանրաբեռնված աշխատանքով, քան տղամարդիկ. կանանց վրա է ընկած ընտանիքի, երեխաների, հիվանդների ու ծերերի խնամքի չվարձատրվող աշխատանքի բեռը: Միևնույն ժամանակ, կանայք մեծ մասամբ մնում են իրավազուրկ ու ընկճված. նրանք դիմանում են ընտանեկան բռնությանը, տառապում են արժանապատիվ աշխատանքի հնարավորության բացակայությունից, բախվում են մասնագիտական խտրականության և աշխատավարձերի մակարդակի գենդերային խզվածքին:
Կարևոր է, սակայն, հաշվի առնել, որ կրթությունն սկսվում է ընտանիքից, և դրանում առաջատար դերը, որպես կանոն, պատկանում է մորը։ Այսօր գրեթե բոլոր տնային աշխատանքները կարելի է ավտոմատացնել, բայց միայն մայրը կարող է երեխային տալ եռանդ ու սեր, որոնք ձևավորում են նրա անհատականությունը և հնարավորություն են տալիս զարգանալու: Կարծում եմ, որ ավանդական ընտանիքն իր արժեքներով պահպանելու և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման, նրանց իրացման և սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքի մեջ ավելի մեծ ներգրավվածության պայմաններ ստեղծելու միջև ներդաշնակ հավասարակշռություն գտնելը կնպաստի բազմաթիվ խնդիրների լուծմանը և տեղական համայնքների ու առհասարակ ամբողջ երկրի առավել կայունացմանը։ Փոփոխությունները պետք է վերաբերեն նաև տղամարդկանց. հասարակության մեջ նրանց դերը կփոխվի գենդերային առումով ոչ ավանդական գործառույթներ ստանձնելու շնորհիվ, ինչպիսին է, ասենք, երեխաների դաստիարակությունը:
Փոփոխությունները պետք է կատարվեն տարբեր մակարդակներում, այդ թվում՝ «անտեսանելի ինստիտուտների» մակարդակում, մասնավորապես արգելիչ դրույթներում՝ ահազանգելով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման անթույլատրելիությունը, որը կործանարար է ժողովրդագրական ճգնաժամի մեջ գտնվող երկրի համար։
- Ընտանիքի ինստիտուտի և ընտանեկան ժառանգության նկատմամբ հարգանքի վերականգնում. Ցանկացած ազգի և ցանկացած պետության հաջողության գրավականը, ըստ Կոնֆուցիուսի, ամուր ընտանիքն է, արժեհամակարգի, ավանդույթների ու կանոնների առկայությունը, ինչպես նաև ազնիվ ու վեհ նպատակներով առաջնորդը: Իմ խորին համոզմամբ, ընտանիքն ու տոհմը ինքնության հիմնասյուներից են, որոնց շնորհիվ հայերը, անկախ իրենց բնակության վայրից, դարեր շարունակ եղել և շարունակում են մնալ մեկ էթնիկ խումբ։ Ցավոք սրտի, 20-րդ դարում, երբ մեծացավ պետության և նրա ինստիտուտների դերը, ընտանիքն ու տոհմը սկսեցին կորցնել ավանդույթների ու գիտելիքի փոխանցմանը ծառայող ինստիտուտի գործառույթը։ Անհրաժեշտ է նորովի, ժամանակակից համատեքստում իմաստավորել ընտանիքի դերն ու տեղը, ներդաշնակ հավասարակշռություն գտնել ընտանիքի և պետության միջև գործառույթների բաշխման մեջ, վերականգնել անձի ու ընտանիքի հեղինակության նշանակությունը, վերադարձնել ազգանվան նկատմամբ հարգանքը՝ ելնելով երկրի և հասարակության զարգացման գործում ընտանիքի (գերդաստանի) ներդրումից։
- Ձերբազատում մեր և առհասարակ աշխարհի մասին առասպելներից. Առասպելներն ու լեգենդները յուրաքանչյուր ազգի մշակութային հյուսվածքի անբաժանելի մասն են: Սակայն այստեղ խոսքը կուրացնող ու վտանգավոր պատրանքների մասին է, որոնք փոխարինում են իրականությանը և մեզ թույլ չեն տալիս այնպիսի որոշումներ կայացնել, որոնք համարժեք են այն մարտահրավերներին ու սպառնալիքներին, որ իրականում ծառացած են մեր առջև: Ինչպես արդեն նշվեց, գտնվելով հաղթանակի էյֆորիայի և սեփական անպարտելիության պատրանքի մեջ՝ մենք չկարողացանք ապահովել Արցախի անվտանգությունը, և վտանգի տակ դրվեց նաև Հայաստանի անվտանգությունը։ Մեզ անհրաժեշտ է մեր անցյալի և ներկայի անաչառ վերլուծություն՝ հիմնված փաստերի վրա, որպեսզի հասկանանք, թե որոնք են մեր ուժեղ ու թույլ կողմերը, և միասին որոշենք, թե ինչպես կառուցենք այն երկիրը, որը ցանկանում ենք թողնել մեր երեխաներին՝ արդյունավետ օգտագործելով մեր առավելությունները և հմտորեն շրջանցելով սահմանափակումները։ Առաջադրված խնդիրների իրականացնման համար անհրաժեշտ կլինի ստեղծել բաց տեղեկատվական դաշտ և մշակել «ֆեյքերի» դեմ պայքարի գործուն միջոցների համակարգ։
Սա, անկասկած, ընդամենն ուրվագիծ է, ընդհանուր ուրվագիծ, որը պետք է լայնորեն ու բաց քննարկվի, շատ հարցեր ճշտվեն ու հղկվեն։
Շարունակելի
Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր