Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«40 դատախազների հետ գնացել եւ խրամատում ծառայել եմ, նույն հաջողությամբ ես կարող էի քո որդու տեղը լինեի». Արթուր Դավթյանը՝ Մխիթար Գալեյանի հորը

Ապրիլ 26,2022 20:11

«Պարոն Դավթյան, կուզեմ ծնողներիս աչքերի մեջ նայես խոսելուց»,-գլխավոր դատախազության շենքի մոտ՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը:

Հիշեցնենք, 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն այսօր, Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք, նրանք պահանջում են, որպեսզի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ ստանան, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալի եւ խափանման միջոց ընտրվի կալանավորումը:

«Նվազագույն խոսքը, որ կարող եմ ասել՝ խոնարհվում եմ բոլորիդ հերոս տղերքի շիրիմների առջեւ: Հազարավոր հերոս տղերք ենք կորցրել այս պատերազմում, տասնյակ հազարավորներն էլ հայրենասիրության ոչ պակաս մղումներով կանգնած են եղել առաջնագծում եւ ունեցել ենք պատերազմի այսպիսի ելք: Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը, դրա համար իջել եմ այստեղ, որովհետեւ արտառոց իրավիճակի հետ մենք գործ ունենք»,- ծնողներին այսպես դիմեց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ այսպիսի միջավայրում եւ իրավիճակում քրեական գործ չի քննվում: Նա հավելեց, որ Գլխավոր դատախազությունը քաղաքական գործունեություն իրականացնող մարմին չէ, եւ գործ ունենք օրենքով նախատեսված իրավիճակների հետ:

Արթուր Դավթյանն ասաց, որ եթե խոսքը վերաբերում է մի քանի օր առաջ զոհված զինծառայողների ծնողների կողմից ներկայացրած հաղորդմանը, իրենք հրավիրել են ծնողներին եւ պարզաբանել, թե ինչ են արել: Նա վստահեցրեց, որ դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել, այս պահին էլ դատախազական ողջ հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար. «Խնդիրն առաջացավ այն պահից, որ վարչապետն ԱԺ ամբիոնից ձևակերպում արեց՝ որ «կարող էինք կանխել պատերազմը, կանգնեցնել, այսինքն, զոհեր չլինեին, որի հետևանքով կունենայինք նույն ելքը»: Եվ առաջացավ հարցադրումը շատերի մոտ դրանից, որ միայն այս ձեւակերպումը բավարար է, որպեսզի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի: Իսկ ես հիմա հակառակն ասեմ, եթե առանց պաշտպանություն կազմակերպելու, մեր հայրենիքից տարածքներ զիջվեին, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր գրվի, որ առանց պաշտպանություն կազմակերպելու, զիջվեցին մեր հանրապետությունից տարածքներ»: Այս համեմատությունը Արթուր Դավթյանն արեց՝ ասելու համար, որ հանգամանքները շատ կարեւոր են, թե ինչպիսի՞ իրավիճակ է եղել, ի՞նչ օպերատիվ իրավիճակ է եղել, ի՞նչ տվյալներ ենք ունեցել՝ զենքերի գոյություն…

Դատախազի այդ հայտարարությունից ծնողները վրդովվեցին: «Մեր երեխեքը ավելո՞րդ էին, չհասկացանք»,- բղավեց ներկաներից մեկը: Այլ բղավոցներ էլ հնչեցին. «Նայի տղայիս նկարին, իր աչքերի մեջ նայելով ասա»: Դա ասաց Մխիթար Գալեյանի հայրը: Արթուր Դավթյանը նրան առանձին ասաց. «Ինքս 40 դատախազների հետ գնացել եւ խրամատում ծառայել եմ, նույն հաջողությամբ ես կարող էի քո որդու տեղը լինեի»:

Արթուր Դավթյանն իր ասելիքը չավարտեց, քանի որ ասաց, առարկայական եւ բովանդակային զրույց չի ստացվում, ուստի առաջարկեց 10 հոգանոց պատվիրակությամբ գնալ իր հետ զրույցի: Ծնողները վրդովվեցին, պահանջեցին, որ դատախազը կալանավորի Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազը հեռացավ՝ «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Արթուր Դավթյանի պահվածքը խուսափողական որակեց, քանի որ, ըստ նրա, դատախազը ծնողների հարցերի պատասխանները չունի: Նա վստահեցրեց, որ այս գործով, առանց Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու, հնարավոր չէ որեւէ բան անել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930