Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երկրորդ երեւանյան քայլերթն այսօր սկսվեց Սասունցի Դավթի արձանի շրջակայքից։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Երեկ եւ այսօր ակցիաների ժամանակ ոստիկանությունը դիմում է բիրտ ուժի։ Այսօր ունենք ձերբակալվածներ։ Դուք չեք կարող այսքան մարդու ձերբակալել։ Մենք պայքարի դուրս գալուց առաջ ասել ենք, որ պատրաստ ենք ամեն ինչի եւ գնալու ենք մինչեւ վերջ»։
Իշխան Սաղաթելյանի խոսքով․ «Որեւէ ձերբակալությամբ, քաշքշուկով մեր պայքարը չեք կարող կասեցնել։ Ուշադրություն չենք դարձնելու։ Եղբորը բռնեք՝ քույրն է փողոց դուրս գալու, քրոջը բռնեք՝ հարեւանը եւ այսպես շարունակ։ Շարժումը կասեցնել հնարավոր չի»։ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ապրիլի 28-ին էլ Բաշ-Ապարանից եւ Սարդարապատից են քաղաքացիները քայլելով հասնելու Երեւան։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ