Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու Ղանդիլյան փողոցի շենքերից մեկում դանակահարություն է տեղի ունեցել․ նույն հասցեից միաժամանակ հիվանդանոց են տեղափոխել երկու քաղաքացիների․ 1973 թվականին ծնված մի կնոջ՝ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք և որովայնի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և 1984 թվականին ծնված տղամարդու, որի մոտ եղել է սրունքի ծակած-կտրած վերք։
Ինչպես մեզ տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանցից մեկին այս պահին վիրահատում են, մյուսին կվիրահատեն քիչ հետո։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վիճաբանություն է տեղի ունեցել Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկում, այնուհետ՝ ժամը 16․22 րոպեին Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխել երկու քաղաքացու՝ մեկը կին է, մյուսը տղամարդ՝ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ։
Կարդացեք նաև
Նախնական տեղեկություններով, ընտանեկան խնդրի շուրջ է ծագել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ, հիվանդանոց տեղափոխված կինն ու տղամարդը ազգակցականներ են։
Կատարվում է նախաքննություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի