Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է «Ի գործ» ծրագրի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նախագծի շնորհիվ սփյուռքահայ մասնագետներից յուրաքանչյուրը Հայաստանի պետական կառավարման տարբեր մարմիններում աշխատելու հնարավորություն է ստացել: Երիտասարդներից երեքը, ի դեպ, գործի են անցել Երևանի քաղաքապետարանում: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Սարգսյանը վստահեցրել է, որ ծրագրի մասնագետների հետ համայնքի համագործակցությունը լինելու է շարունակական:
««Ի գործ» ծրագրի շրջանակում մենք իսկապես ունենք հաջողված համագործակցություն: Ուրախ եմ, որ մեր թիմը համալրել են նաև սփյուռքահայ մասնագետները, որոնք իրենց գիտելիքն ու փորձը հայրենիքին ծառայեցնելու պատրաստակամություն են հայտնել: Քաղաքի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում մենք կարևորում ենք երիտասարդների ներուժը»,- նշել է քաղաքապետը:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ «Ի գործ» ծրագրին միանալու համար, և համոզմունք հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի գործակցության նոր եզրեր գտնելուն:
«Ուրախ եմ, որ ծրագիրն իր համեստ լուման է ներդնում քաղաքի կառավարման և Երևանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: Մենք փորձում ենք ոչ միայն ներգրավել սփյուռքահայ մասնագետների ինտելեկտուալ կարողությունները Հայաստանի կառավարման համակարգում, այլև ևս մեկ թելով կապել սփյուռքը հայրենիքի հետ»,- նշել է Զարեհ Սինանյանը:
Կարդացեք նաև
Հանդիպման շրջանակում քաղաքապետը պատասխանել է երիտասարդների հարցերին, ինչպես նաև լսել է նրանց՝ քաղաքի զարգացմանը վերաբերող առաջարկություններն ու դիտարկումները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն