Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքե Իսայան. «Խնդրի սահուն եւ արդյունավետ լուծումը արտահերթ ընտրություններ կազմակերպելու մեջ է»

Ապրիլ 26,2022 17:50

Գործող իշխանության վարած արտաքին եւ ներքին քաղաքականության դեմ բողոքի ցույցերի, երկրում ստեղծված լարված իրավիճակի արդյունավետ ու անցնցում լուծումների շուրջ «Հայկական օրակարգ» խորագրով քննարկման ժամանակ ԲՀԿ անդամ Շաքե Իսայանն ասաց. «Նախ, որպեսզի հասկանանք, թե ինչ պետք է անենք, պետք է վերլուծենք եւ հասկանանք, թե ինչ իրավիճակում ենք մենք հայտնվել: Երբ հետք ենք նայում, հասկանում ենք մի պարզ ճշմարտություն. այն ամենը, ինչում մենք կանք, մի շարք գործոնների հետեւանք է՝ պատերազմ, պարտություն, ազգային վիրավորվածություն, իշխանությունների կոպիտ սխալներ, կենսամակարդակի անկում եւ որ ամենաքայքայիչն է, անորոշություն: Եվ փոխանակ այս անորոշության գիտակցմանը օր առաջ լուծումներ տրվեն, իմ խորին համոզմամբ, ավելի խորանում է:

Պետք է գիտակցել, որ այսօր ոչ միայն մեր երկրի ներսում, այլեւ մեր երկրի շուրջ են պրոցեսներ տեղի ունենում: Աշխարհը, կարծես, անորոշության ու կոնֆլիկտային փուլի մեջ է: Եվ պետք է անել ամեն բան, որ մեր երկրի ներսի եւ երկրի շուրջ պրոցեսները որեւէ փուլում հանկարծ չհակադրվեն: Հակառակը մեր պետության համար ճակատագրական կարող է լինել:

Ինչ ունենք մենք այսօր: Սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ: Ամեն օր տեսնում ենք, որ մարդկանց վիճակը ակնհայտորեն ավելի է վատանում, որ արտահերթ ընտրություններից հետո ցասումն էլ ավելի է ուժգնանում: Բայց ես կարծում եմ, որ այսպիսի լուրջ մարտահրավերները կարողանալու են պատվով հաղթահարել այն պետությունները, որոնք ունակ են սառը գլխով հաշվարկ անել:

Քաղաքացիների հետ շփումներից հետո պարզ է դառնում, որ նրանց հետաքրքրում է, թե այս կամ այն պրոցեսից հետո ինչ է առաջարկվելու իրենց. միայն իշխանափոխությո՞ւն, թե նշածս բոլոր խնդիրների լուծումներ»,- ասաց Շաքե Իսայանը եւ հավելեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մեր երկիրը պատմական փոփոխությունների առաջ է կանգնել:

Բանախոսը ընդգծեց, որ ԲՀԿ-ն ընդդիմության որեւէ քննարկման եւ որոշումների կայացման մեջ ներգրավված չէ եւ խնդրի սահուն եւ արդյունավետ լուծումը տեսնում է արտահերթ ընտրություններ կազմակերպելու մեջ: «Իսկ եթե իշխանությունը վերարտադրվի, աշխարհում պրակտիկա կա՝ երկու, երեք, չորս արտահերթ ընտրություններ պետք է կատարվեն, մինչեւ ունենանք այն գաղափարական հենքը, այն սառը հաշվարկը, որի մասին խոսում եմ: Որովհետեւ եթե խնդիրը անձին մեկ այլ անձով փոխելն է, դրանով չեն լուծվելու այն բոլոր անվտանգային, սոցիալ-տնտեսական մարտահրավերները, որի առջեւ կանգնած ենք»,- ասաց տիկին Իսայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930