Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Այսպիսի վատ իշխանություն հայ ժողովուրդն իր պատմության մեջ չի ունեցել եւ ցանկացած իշխանափոխության դեպքում չի ունենա»

Ապրիլ 26,2022 16:59

Ընդդեմ իշխանության վարած քաղաքականության շարժումը ինչի՞ կբերի Հայաստանը, ի՞նչ պետք է արվի, որպեսզի մեկնարկած բողոքի գործողությունները ընթանան արդյունավետ եւ իշխանափոխությունը կատարվի սահուն, առանց ցնցումների: «Այլընտրանքային նախագծեր» խմբի հրավիրած քննարկմանը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ սպասելու ժամանակ չկա: Հակառակ պարագայում նա վստահ չէ, թե մի երկու-երեք տարի հետո Հայաստան չի լինի ու Փարիզի մի ինչ-որ սրճարանում կխոսենք մեր սխալների մասին: «Մեր սերնդին էլ բաժին հասավ այնպիսի վիճակ, որ տեսել էին մեր պապերն ու նախապապերը: Ողբերգություն: Բայց այսօր մենք կանգնած ենք ավելի մեծ ողբերգության առաջ: Գուցե, վատատես եմ, բայց ես այդ զգացողությունն ունեմ:

Այն մղձավանջը, որ սկսվեց 2020 թվականից, շարունակվում է: Ու զարմանալի է, թե ոնց է շարունակվում: Մի քանի անգամ ասել եմ, որ այդպիսի պարտությունից հետո որեւէ ժողովուրդ չէր հանդուրժի պարտված իշխանություն: Բայց մենք հանդուրժեցինք: Ես ընդդիմադիրներից շատերի նման չեմ ասում, թե նրանց ձայն տվեցին: Ոչ, ես համարում եմ, որ ընտրությունները կեղծվել են: Վարչապետ կոչեցյալը չի ստացել նույնիսկ այնքան ձայն, որ այդքան շեշտում են ընդդիմադիրները: Ունենալով իր թիմում այնպիսի գործիքներ, ինչպիսին է Գագիկ Ջհանգիրյանը, ընտրությունները կեղծելը տեխնոլոգիայի հարց էր:

Ովքեր զգացել են վարչապետ կոչված երեւույթի էությունը, գիտեն, որ նա երբեք չէր գնա արտահերթ ընտրությունների, եթե չիմանար, որ ինքը մնալու է իշխանության: Սա անցած տարի ցույց տվեց մեր հասարակության թուլությունը եւ, թող ինձ ներեն ընդդիմադիր գործիչները, իրենց սնանկությունը: Վճռականություն չեղավ: Եվ դրան հաջորդեց մեր նվաստացումների շարքը:

Ես կարող եմ շատ քննադատել ընդդիմությանը, բայց լիդերության հետ կապված իմ անկեղծ կարծիքն այն է, որ հնարավոր ցանկացած իշխանափոխության դեպքում այսպիսի վատ իշխանություն հայ ժողովուրդն իր պատմության մեջ չի ունեցել եւ չի ունենա:

Բայց մի մեծ վտանգ կա: Հայաստանի քաղաքական միտքը սկսած 19-րդ դարից ունեցել է երկու ծայրահեղություն, որոնք հավասարապես վտանգավոր են եղել: Դա եղել է վերաբերմունքը տարբեր երկրների, հատկապես, Ռուսաստանի հանդեպ: Կամ եղել է թշնամական, կամ՝ չափից դուրս քծնողական: Քծնողականի դեպքում դու Ռուսաստանի համար դառնում ես մանրադրամ, որ կարող է քեզ օգտագործել իր շահերի համար, մյուս դեպքում քեզ կարող է ոչնչացնել թշնամական պահվածքի պարագայում:

Ես համոզված եմ, որ այս պատերազմը եղավ Ռուսաստանի հետ թշնամանալու պարագայում: Հատուկ ծրագրով Ռուսաստանի հետ թշնամացան ու Ալիեւին պատերազմ սկսելու համար հող ստեղծվեց: Ես շատ անհանգստանում եմ հնարավոր իշխանափոխության դեպքում մենք կունենանք մյուս ծայրահեղությունը. «Куда мы денемся»:

Ես շատ կուզենայի, որ այսօրվա ընդդիմությունը այս հարցերը քննարկեր, որ մենք ունենանք արժանապատիվ կեցվածք, վստահելի դաշնակից Ռուսաստան: Բայց դա չի նշանակում ամեն հարցում համաձայնել եւ չի նշանակում թշնամանալ Արեւմուտքի հետ:

Եվ հաջորդ շատ կարեւոր հարցը: Հնարավոր իշխանափոխության դեպքում, իսկ ես որոշակի հույսեր ունեմ, նոր իշխանությունը երբեք չպետք է ասի՝ բա ինչ անեինք, վիճակն այնպիսին էր, որ մենք չէինք կարող ինչ-որ բան փոխել: Այդ նույն բանն է ասում այսօրվա վարչապետ կոչեցյալը: Հավաքական ընդդիմությունը շատ հստակ պետք է ասի, որ հնարավոր իշխանափոխության դեպքում իրենք այս, այս, այս եւ այս հարցերում երբեւէ զիջման չեն գնալու:

Եվ, թերեւս, ամենակարեւորը: Ընդդիմությունը, ինչպես իրենք են ասում, առայժմ մտքում չպետք է ունենա իշխանության մասին հարց: Անհրաժեշտ է առաջին հերթին իշխանափոխություն, հետո՝ վերկուսակցական մի մարմին, գաղափարական հստակ ծրագիր, որը ներկայացվի հասարակությանը»,-ասաց Ավետիք Իշխանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930