Այսօր Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ մարզային այցելությունների շրջանակներում եղել ենք Օձունի, Շնողի և Ճոճկանի բժշկական ամբուլատորիաներում և Ալավերդու բժշկական կենտրոնում, զրուցել ենք բժշկական անձնակազմերի հետ, արձանագրել խնդիրները և մատնանշել դրանց լուծման ուղիները։
Չնայած Օձունի և Ճոճկանի ամբուլատորիաները զրոյից կառուցվել են 2000-ականների սկզբներին, սակայն կարիք ունեն կապիտալ վերանորոգման կամ վերակառուցման, քանի որ աշխատանքները ժամանակին ակնհայտորեն որակյալ չեն իրականացվել։
Ամբուլատորիաները համայնքային ենթակայություն ունեն, հետևաբար այդ աշխատանքները առաջին հերթին պետք է իրականացվեն համայնքային բյուջեների հաշվին՝ այդ թվում սուբվենցիոն ծրագրերով, կառավարության հետ համաֆինանսավորմամբ։
Պարոն Մկրտչյանի հետ պայմանավորվեցինք, որ կաշխատենք մեր գործընկերների հետ, աշխատանքներն ապագա ծրագրերում ընդգրկելու համար։
Շնողի ամբուլատորիան շատ լավ շենքային պայմաններ ուներ, այդ թվում՝ Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ջանքերի և աջակցության շնորհիվ։ Եղել ենք նաև Շնողի համայնքապետարանում, որտեղ ծանոթացել ենք քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքներին։
Կարդացեք նաև
Ալավերդու բժշկական կենտրոնը նույնպես այս պահին շատ լավ շենքային պայմաններ, սարքավորումներով և որակյալ բժշկական անձնակազմով հագեցվածություն ունի։ Բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի հետ քննարկել ենք հետագա զարգացման հնարավորությունները։
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ
ԱԺ պատգամավոր
Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն