Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհերն ուսման վարձի զեղչ ստացող ուսանողների թիվը կարող են ավելացնել 2 անգամ՝ չավելացնելով իրենց հարկային պարտավորությունները». օրինագիծը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ

Ապրիլ 26,2022 17:15

Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն իրավական բնույթի առաջարկ է ներկայացրել: Այս մասին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

«Կրթության մասին» օրենքի համաձայն՝ բուհերը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին՝ ըստ առաջադիմության, փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների ուսման վարձը: Միեւնույն ժամանակ, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն` բուհերը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին ուսանողների վարձավճարից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը, սոցիալական խումբը՝ իրականացնում են ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

««Կրթության մասին» օրենքում ունենք բուհերի առջեւ դրվող պահանջ` նվազագույնը 10 տոկոսի չափով, իսկ Հարկային օրենսգրքում՝ առավելագույնը 10 տոկոսի պահանջ: Մենք առաջարկում ենք Հարկային օրենսգրքի 10 տոկոսի առավելագույն պահանջը բարձրացնել մինչեւ 20 տոկոս»,- պարզաբանել է Գեւորգ Պապոյանը:

Ըստ պատգամավորի՝ բուհերն ուսման վարձի զեղչ ստացող ուսանողների քանակը կարող են ավելացնել երկու անգամ՝ այդ մասով չավելացնելով իրենց հարկային պարտավորությունները: Արտոնությունից կարող են օգտվել բարձր առաջադիմություն, սոցիալական խնդիրներ ունեցող, պատերազմի մասնակից, սահմանամերձ բնակավայրերում բնակվող եւ այլ արտոնություններ ունեցող ուսանողները:

Կառավարության առաջարկով, եթե մինչեւ 2024թ. օգոստոսի 1-ը ուսանողն այդ համակարգի շահառու է, ապա քանի դեռ ուսանող է, կշարունակի օգտվել դրանից: 2024թ. օգոստոսի 1-ից հետո նոր ընդունվող ուսանողի համար այդ համակարգն այլեւս չի գործի: Նոր համակարգով Կառավարությունն ուղղակի կֆինանսավորի այդ ուսանողներին:

Հարակից զեկույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը պարզաբանել է, որ 2024թ. օգոստոսի 1-ից հետո նոր կարգավորումներով գումարը տրվելու է ուսանողին, այլ ոչ թե՝ բուհին:

Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած օրինագծի քննարկումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930