«Մենք մեկ անգամ ևս ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք, որ մեր վրեժի պայքարը շարունակելու ենք»,- այսօր այս մասին զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնած հավաքի ժամանակ հայտարարեց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ այն արյունը, ողբերգությունը, որ բերեցին իրենց տներ՝ հնարավոր էր կանխել, եթե ինչ-որ մեկը չասեր, որ ավելի լավ է իրեն գժի տեղ դնենք, քան դավաճան կոչենք։
Գեղամ Նազարյանը հայտնեց, որ այսօրվա հավաքի նպատակներից է իշխանությանն ազդակ հասցնել, որ մարտի 8-յան ծաղիկներով և գլխների տակ փափուկ բարձ դնելով՝ զոհված զինծառայողների ծնողները չեն մոռանա իրենց կորստի մասին։
«Այսօր այստեղ պետք է առնվազն մի քանի հազար մարդ լիներ, սակայն նրանք, ովքեր ներկայացել են, բոլոր զոհված զինծառայողների հարազատների հավաքական կերպարն են։ Կան ծնողներ, որ իրենց զավակների կորստից հետո նոկաուտային վիճակում են և կորցրել են հետաքրքրությունն ամեն ինչի նկատմամբ, մենք պետք է նրանց օգնենք օր առաջ դուրս գալ այդ իրավիճակից։ Կան նաև անձինք, ովքեր ինչ-ինչ պատճառներով որոշել են մի կողմ քաշվել. Աստված իրենց հետ»,- հայտարարեց Նազարյանը։
Կարդացեք նաև
Ամփոփելով՝ Գեղամ Նազարյանը շեշտեց, որ իրենք հետևողական են լինելու։ Նրա կարծիքով՝ եթե նա, ով արյուն բերեց, ողբերգություն բերեց, հետո խոստովանեց, որ կարող էր արյուն չբերել, դրանից հետո որևէ բանական մարդ, որևէ քննիչ, դատախազ չի կարող անտարբեր մնալ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ