«Հասկանում եմ, որ ձեզ համար հարմարավետության զոնայից դուրս գալը հաճելի չէ, բայց եթե այսպես շարունակենք, հետո կհասկանանք, որ բոլորս ենք հայտնվել շատ վատ տեղում։ Եթե այսօր չմերժենք այս իշխանությանը, եթե չասենք, որ չենք ուզում թուրքական լծի տակ ապրել, սա կդառնա իրականություն»,-Ազատագրական շարժման մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց շարժման ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը։
Շարժման անդամները ներկայացրին, թե համազգային պայքարի շրջանակում ինչ գործողություններ են նախաձեռնում, որոնց ուղղությամբ աշխատանք են տանելու։
Շարժման ներկայացուցիչ Նաիրի Հոխիկյանը հիշեցրեց, թե շարժումն ինչ գործողություններ է իրականացրել և դրանք ինչ արդյունքներ են տվել։ Այնուհետև տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն 20․000 ստորագրություն հավաքել են ու հայտնեց․ «Յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 17․00-20․00 և շաբաթ օրը ժամը 14․00-18․00 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք ենք անցկացնում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում»։
Շարժման ներկայացուցիչ Սևակ Հակոբյանն էլ նշեց, որ իրենց գործողությունները լինելու են ազատագրում ներքին ու արտաքին թշնամուց, ազատագրում այլասերումից, պառակտվածությունից, ստից և ստախոսներից, ազատագրում վախերից ու վախկոտությունից թեմաներով ու մանրամասնեց․ «Ազատագրում այլասերումից թեմայով վաղն է լինելու միջոցառում՝ ժամը 10․30 իրազեկման ակցիա Մարիոթի հյուրանոցի դիմաց, ժամը 18․30-ին Հանրապետության հրապարակում ակցիա։ Հորդորում եմ քաղաքացիներին իրենց հետ բերել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը և այլ այլասերված գրքեր, որպեսզի աղբարկղը նետեն։ Իսկ ազատագրում պառակտվածությունից, ազատագրում ստից ու ստախոսությունից թեմայով միջոցառումների մասին նախօրոք կհայտնենք»։
Կարդացեք նաև
Արա Զոհրաբյանը նշեց․ «Առնվազն Նիկոլ Փաշինյանի գործողությունները հրահրում էին Ադրբեջանին սկսել ռազմական գործողություններ։ Նա հնարավորություն է ունեցել ավելի շուտ դադարեցնել պատերազմը, բայց դա չի արել։ Այսօր՝ ժամը 15․00 լինելու ենք ՀՀ Գլխավոր դատախազության մոտ՝ ՀՀ գլխավոր դատախազին հանձնելու մեր պահանջը՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քաղաքացիներին էլ հորդորում ենք գալ ու ստորագրել այս պահանջը։ Գաղտնիք չէ, որ հիմա գտնվում ենք ռազմական բախումների կիզակետում, բայց չունենք Գլխավոր շտաբի պետ։ Ամեն օր՝ հնարավոր է մենք ռազմական բախում ունենանք, բայց մենք չունենք ԳՇ պետ։ Սա նույնպես Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է, և ազատագրական շարժումն այս շաբաթ ակտիվ գործողությունների շարք է իրականացնում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ