Ընդդիմության «Դիմադրության շարժման» խմբերից մեկը ապրիլի 26-ի առավոտից Տիգրանաշենից շարժվում է դեպի Երեւան։
Երթին միացած քաղաքացիներին առաջնորդում է նաեւ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Արցախն այսօր պատմության ամենավճռորոշ փուլում են, ուստի պետք է լինել միասնական ու ոչ մի պարագայում չհանձնվել։
«Մեզնից հիմա առավել, քան երբեւէ, պահանջվում է միասնական լինել արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար։ Բայց դրա համար, նախ եւ առաջ, պետք է հեռացնենք նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ովքեր պատրաստ են ամեն օր Սյունիքից, Գեղարքունիքից նոր տարածքներ զիջել թշնամուն։ Մենք դրան ասում ենք՝ ո՛չ»,-լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը։
Տիգրանաշենից երթը մեկնարկելու խորհուրդը, ըստ պատգամավորի, նպատակ ունի մեկ անգամ եւս հաստատել՝ որ Տիգրանաշենը, ինչպես միշտ հայկական եղել է, այնպես էլ մնալու է։
Կարդացեք նաև
Ըստ Աննա Գրիգորյանի՝ Փաշինյանը անձամբ է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն տարածքներ, որոնք ադրբեջանական են։ «Հետո իրենց պատգամավորներից մեկն ասել էր՝ ՀՀ–ում կան անկլավներ, նշելով Տիգրանաշենը։ Երբեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ Կապան-Գորիս Ճանապարհը մի օր հանձնվելու է Ադրբեջանին, Կապանի միջհամայնքային ճանապարհները կհանձնվեն Ադրբեջանին։ Սա իրականություն է, գրչի մի հարվածով հանձնել են ռազմավարական նշանակության բարձունքներ, ճանապարհներ»,-ասաց Աննա Գրիգորյանը։ Վերջինս կոչ է անում օր առաջ ոտքի կանգնել ու ճանապարհել այս իշխանություններին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները Աննա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից