Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և նրա հետ քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու Հարավային Կովկասում գործընթացները:
Ալիևն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ Օվերչուկի այցի ընթացքում կքննարկվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, առաջին հերթին Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցային ուղիների բացման հարցը: Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն կառուցել է մինչև Հայաստանի սահման 100 կմ-անոց երկաթուղային ճանապարհի 60 կմ-անոց հատվածը, շինարարությունն ամբողջությամբ կավարտվի գալիք տարում:
«Ցավոք, Երևանն անգամ այդ մասով որևէ աշխատանք չի սկսել: Հայաստանը նաև ցույց չի տվել իր տարածքում ենթադրյալ ավտոերթուղու աշխարհագրական կոորդինատները: Չնայած որ Ադրբեջանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը, Հայաստանի կողմից այդ մասով պատասխան չի եղել»,- դժգոհել է Ալիևը:
Ալիևն ու Օվերչուկը նաև քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային, ֆինանսական և այլ ոլորտներում երկկողմ գործակցության հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ