Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմաթիվ երկրներում քովիդի համաճարակային սրացում է նկատվում»․ Գայանե Սահակյան

Ապրիլ 26,2022 13:10

Ապրիլի 25-ից Հայաստանում մեկնարկել է իմունականխարգելման շաբաթը․ այս իրազեկման միջոցառմանը Հայաստանը միացել է 2007 թվականին։ Իմունիզացիայի շնորհիվ է, որ Հայաստանում 2007-ից չեն շրջանառվում կարմրուկի, կարմրախտի, պոլիոմելիտի տեղական դեպքերը, իսկ փայտացման, կապույտ հազի դեպքերը եզակի են։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ Նա ասաց, որ պետք է մանկական պատվաստումների ձեռքբերումները տարածել նաեւ մեծահասակ բնակչության շրջանում։

Գայանե Սահակյան

«Մեծահասակների համար ունենք փայտացման եւ դիֆտերիայի դեմ պլանային պատվաստաումներ, սակայն պատվաստման մակարդակը ցածր է։ Սա նշանակում է, որ եթե անգամ մեկ բերովի դեպք ունենանք՝ կտուժի մեծահասակ բնակչությունը»,-ասաց Սահակյանը։

Սեզոնային գրիպի պատվաստումներին անդրադառնալով, Գայանե Սահակյանը նշեց՝ կորոնավիրուսի համավարակի առաջին տարում գրիպի դեմ պատվաստումների բավականին բարձր ցուցանիշներ գրանցվեցին, սակայն երկրորդ տարում ցուցանիշները գոհացուցիչ չէին, հատկապես մեծերի եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում, մինչդեռ նրանք թիրախային խմբում են եւ պետք է պատվաստվեն։

«Համավարակի ամբողջ ընթացքում թիրախային խմբում մեծահասակներն են ու քրոնիկ հիվանդները, եթե 18 տարեկանից բարձր ազգաբնակչության շրջանում քովիդի դեմ առաջին դեղաչափ պատվաստումների մակարդակը մոտ 50% է, երկրորդ դեղաչափը՝ 44%, ապա խթանիչ դեղաչափն ընդամենը 2%։ Իսկ այս օրերին գրեթե ամենակայուն համաճարակային իրավիճակն է եւ այս շրջանը պետք է օգտագործել եւ պատվաստվել, քանի որ համավարակը չի ավարտվել, որոշ երկրներում նույնիսկ ակտիվացում կա»,-ասաց Սահակյանը։ Նա հորդորեց 65 եւ բարձր տարիքի, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիներին այս համեմատաբար հանգիստ շրջանն օգտագործել եւ ստանալ խթանիչ պատվաստումները։

Ըստ Սահակյանի, քովիդով վարակվածների կամ դրական դեպքերի մեջ 95%-ը չպատվաստված անձինք են, վերակենդանացման բաժանմունքում գտնվող անձանց 100%-ն է չպատվաստված։

Մեր երկրում կորոնավիրուսի դրական նոր դեպքերի նման ցածր թվեր երբեւիցե չեն գրանցվել, եւ ինչպես Սահակյանն ասաց՝ իրակա՞ն են արդյոք այդ թվերը՝ ոչ ոք չի կարող ասել․ «Որովհետեւ մարդիկ կարող են վարակվել, թեթեւ տանել, նույնիսկ իրենք էլ չիմանան եւ չմտածեն թեստավորման մասին։ Վիրուսի վերարտադրողական ցուցանիշը 1-ի է հասնում։ Ակնհայտ է, որ 1-ի բարձր ցուցանիշի դեպքում համաճարակային իրավիճակի սրացումներ են լինում։ Այսօր բազմաթիվ երկրներում, օրինակ՝ Իտալիայում համաճարակային սրացում է նկատվում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ՌԴ-ում կանխատեսումներ կան, որ մայիսի վերջին նոր ալիք կլինի»։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, Երեւանի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենի տեղակալ, իմունականխարգելման գործընթացի ղեկավար Անահիտ Պիվազյանն էլ անդրադառնալով մանկական իմունիզացիայի գործընթացին՝ ասաց, որ իրավիճակը բարվոք է։

Անահիտ Պիվազյան

Նա ներկայացրեց չպատվաստվելու վտանգներն ու ծնողների մտահոգությունները․ «Ծնողներն ասում են՝ ԿԿԽ-ն չենք ուզում պատվաստել։ Նշում են, թե պատվաստումից հետո առողջական խնդիրներ են առաջանում։ Դրանք կեղծ լուրեր են, հերքվել են բազմիցս։ Պետք է հասկանալ՝ եթե մանուկ հասակում երեխան չի պատվաստել, հետագայում կինը հղիության ընթացքում կարող է կարմրախտը ոտքի վրա տանի, բայց հիվանդանալով հնարավոր է երեխայի մոտ սրտի բնածին արատներ լինեն, խլություն, կուրություն։ Տղաներին էլ չպատվաստելու դեպքում հետագայում խոզուկ այդ թեթեւ հիվանդությունը հետագայում տղամարդկանց մոտ ախտահարում է համապատասխան գեղձերը եւ չբերություն է առաջացնում»։

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930