Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատում եմ, որ իրավունքը, օրենքը և բարոյական նորմերը խախտող այս ստորության համար խորհրդարանը հաշիվ կպահանջի դրա հասցեատիրոջից. Էրդողանը սպառնացել է Փայլանին

Ապրիլ 26,2022 12:47

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 25-ին կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նա հերթական անգամ ներկայացրել թուրքական ժխտողական կեղծ թեզերը, ապա խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին, վերջում էլ անդրադարձել հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ մեջլիս ներկայացած առաջարկին։

Թուրքիայի նախագահը կրկնելով թուրքական կեղծ թեզերը հերթական անգամ ասել է, որ 1-ին աշխարհամարտի ընթացքում հայերը օտար պետությունների դրդմամբ ապստամբել են Օսմանյան կայսրության դեմ ու երկրի տարբեր շրջաններում կոտորածներ իրականացրել: Չբավարարվելով այսքանով Էրդողանն ասել է թե իբրև այդ ընթացքում ավելի շատ մուսուլմաններ են մահացել քան՝ հայեր:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ինքը վերջին տարիներին հայ համայնքին ցավակցություն է հայտնում «1-ին աշխարհամարտի ընթացքում իրենց կյանքը կորցրած» հայերի համար՝ կեղծ թեզերով լի «ցավակցական նամակը» որակելով իբրև մարդասիրական պարտք:

Գալով տարբեր երկրների խորհրդարանների ու կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հարցին՝ Թուրքիայի նախագահը դրանք քաղաքական շահարկումների դրսևորում է համարել՝ ասելով, որ այդ որոշումներն իրենց համար առոչինչ են:

«ԱՄՆ նախագահի հայտարարությունն էլ այս կերպ ենք նկատում, և քանի որ հիմնված է ամբողջովին սուտ, սխալ տեղեկությունների վրա, դրան անդրադառնալ իսկ արժանի չենք համարում։ Նախ պարոն Բայդենը հայերի հետ եղած պատմությունը պետք է շատ լավ սովորի, շատ լավ իմանա։ Առանց դրանք իմանալու վեր կենալ Թուրքիային մարտահրավեր նետելը հնարավոր չէ, որ մենք ներենք։ Չպետք է մոռացվի, որ թուրք և հայ ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու համար ցուցադրվող այս կեղծավորության ամենամեծ վնասը հայ համայնքը է կրել և կրելու։ Գիտենք, օրինակ, որ մեր երկրում ապրող մեր հայ քաղաքացիները և մեր հյուրերն անհանգստացած են այս շահագործման քաղաքականությունից»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանն, առանց անուն նշելու անդրադարձել է նաև Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին մեջլիս ներկայացված առաջարկին։ Նա նման «հանդգնությունը» դավաճանություն է որակել։

«Ազգային կամքի դրսևորման խորհրդանիշ հանդիսացող այս մեծ կառույցում (մեջլիսում-խմբ.) այդպիսի հանդգնության դրսևորումը համարում ենք բացեիբաց դավաճանություն: Հավատում եմ, որ իրավունքը, օրենքը և բարոյական նորմերը խախտող այս ստորության համար խորհրդարանը հաշիվ կպահանջի դրա հասցեատիրոջից՝ անելով այն, ինչ անհրաժեշտ է»,- սպառնացել է Էրդողանը:
Նշենք նաև, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հետ էր ուղարկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930