Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամեն վառված կիսատ մոմ մի կյանք էր

Ապրիլ 26,2022 12:00

Ապրիլի 26-ը հերոսի հիշատակի օրն է

Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանի ծնողների հետ մեկնում եմ Արցախ՝ հյուսիս-արեւելյան դարպաս, գնում ենք այն զորամասը, որտեղ Վազգեն Սարգսյանի Ռազմական ինստիտուտն ավարտելուն պես ծառայության է անցել նրանց որդին, ինչպես ընկերներն ու հարազատներն են ասում՝ Կյաժը…

Զորամասում ծանոթանում եմ Տիգրանի զինակից ընկերների հետ, նրանց ուղեկցությամբ շրջում գումարտակում, նրանք մեզ ցույց են տալիս այն պատվո անկյունը, որը նվիրված է Ապրիլյան պատերազմում ընկած քաջերին…

Ձախ կողմում Տիգրանի անկյունն է, դիմացը՝ 116-րդ դիրքի տղաներինը` Արմենակի, Քյարամի, Ռոբերտի, Անդրանիկի: Զինակից ընկերները` Հայկն ու Դավիթը, մեզ ուղեկցում են այն աշխատասենյակը, որտեղ Տիգրանն էր նստում:

Բացում եմ աշխատասենյակի դուռը, դիմացի պատից կախված է մեծ ու լուսավոր նկարը: Տղաները մեզ սուրճ են հյուրասիրում, նրանցից յուրաքանչյուրը մեծ հպարտությամբ, բայց եւ միեւնույն ժամանակ կորստի ցավով պատմում են Տիգրանի ամեն մի անցկացրած օրը թե զորամասում եւ թե առաջնագծում… Ես փորձում էի նրանց հիշողություններից փոքրիկ պատառիկները պոկել, եւ պահել իմ մոտ…
Պատերազմը խլեց տղերքին, բայց նրանց թողած վառ հուշերն ու սխրանքները՝ երբեք: Գումարտակի դռան մոտ մեզ սպասում էր զինվորական արագընթացը, մենք Տիգրանի ընտանիքի հետ պիտի բարձրանանք դիրքեր, այնտեղ, որտեղ Տիգրանն է պայքարել ու ընկել հերոսի մահով: Մեզ ուղեկցողը Դավիթն էր՝ բարձրահասակ, շիկահեր, կապուտաչյա երիդասարդը: Զինվորական արագընթացը ճանապարհ է ընկնում դեպի դիրքեր, խորդուբորդ ճանապարհները հաղթահարելով հասնում ենք տեղ, Դավիթը կանգ է առնում այն դիրքում, որտեղ ապրիլի սկզբի օրերին Տիգրանն է պաշտպանել եւ այդտեղից հետ շպրտել թշնամուն: Գետնատնակի դիմաց խաղողի վազն էր, խաղողը հասել էր ու քաղցրացել, իսկ դիմացը՝ փոքրիկ մատուռն էր, քարերի վրա փորագրված մեծ խաչը:

Մատուռի ներսում եմ, սեղանի վրա դրված էր փոքրիկ Աստվածաշունչ, ու այն տասնյակ լուսանկարները, որոնք թողել են զինվորները, իմ աջ կողմում պատից կախված տարբեր փորագրություններով խաչերն են. «Աստված պահապան մեզ, Տեր պահիր ու պահպանիր»:

Հողե կույտերի մեջից գտնում եմ կիսատ վառված մոմեր, որոնք հանգել էին պատերազմի օրերին, սրտումս ցավ եմ զգում, մտածում եմ՝ ամեն մի վառված կիսատ մոմ մի կյանք էր: Հողի մեջից հանում եմ այն ու նորից լույս տալիս, փակում աչքերս ու լուռ մտքումս աղոթում։
Պատերազմի թողած սպիներն ամենուր էին, եւ ամեն քայլափոխը հիշեցնում էր դա…Մենք կրկին շարժվեցինք հաջորդ դիրքը, այն դիրքը, որտեղ զոհվեց Տիգրանը։

Հաղթահարելով ոլորապտույտ ճանապարհները՝ մենք հասանք տեղ: Մեզ դիմավորեցին զինվորները՝ ըստ զինվորական կարգի: Մի քանի քայլ այն կողմ Տիգրանի հուշակոթողն էր, մոտենում ենք, ծաղիկներ խոնարհում, խնկարկում, իսկ ծնողները կամաց ձայնով ասում են.
-ԲԱՐԵՎ, ԲԱԼԵՍ…

Որդեկորույս ծնողների ցավն ու արցունքները խառնվել են իրար, աչքերից հոսում ու գլորվում են արնաշաղախ հողին, այն հողին, որտեղ ներծծված էր նրանց որդու թափված արյունը: Հողը ծարավ էր, կարոտ էր տենչում: Մայրը ամեն մի քայլի հետ խոսում էր որդու հետ, հայացքով նայում հեռուն եւ սպասում էր, որ որդին ուր է որ կգա…

Տիգրանի դիրքը, որտեղ ընկավ քաջը, կոչվեց նրա անունով, զինվորները՝ ամենքը իր պարտականությունն էր կատարում, իսկ այն տղաները, ում համար հանգստի ժամ էր, խառնվել էին իրար, մեկը սուրճ էր դնում, մյուս սառը ջուր տալիս ծարավածներիս, մյուսը փորձում էր սեղան գցել, որ վայելեինք նրանց եփած սուրճը…Սովորույթի համաձայն՝ հերոսածին մայրը իր խորհուրդներն էր տալիս զինվորներին, ապա գրկախառնվում, իր մայրական հզոր օրհնանքով հրաժեշտ տալիս…

Ինչպես ասում էր Տիգրանը. «ԱՄԵՆԱԼԱՎՆ ԱՅՍ ՏՂԱՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ԴԻՐՔ ԵՆ ՊԱՀՈՒՄ, ՄԱՄ ՋԱՆ»:

Ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ մարտիկն է իր հայրենի հողի տերն ու հրամայողը: Տիգրանն իր զինվորների հետ կենաց-մահու կռիվ էր տալիս, գետնին հավասարեցնելով տասնյակ ազերիների: Նա պայքարեց այն մի թիզ հողի համար, որ վստահված էր իրենց: Տիգրանը զոհվեց այս դիրքում ուժգին հրետանակոծությունից, փրկելով իր զինվորի կյանքը:

Կյանքը՝ հանուն կյանքի: Տեսածս ու զգացածս ավելին է, բայց ինձ համար հայրենիքս սկսվում է այստեղից. հենց այստեղ ես արժեւորում քո կյանքը, եւ գնահատում այն…

Ամուր կանգնելով հողին, փորձում ես ավելի խորացնել արմատներդ։

Արմինե ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930