Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու անունը պետք է գրել մեծատառով

Ապրիլ 26,2022 10:00

Ինչպես հայտնի է, ֆեյսբուքում բազմաթիվ օգտատերեր կան, որոնք մարդկանց անունները գրում են փոքրատառով: Իբր, տեսե՜ք, թե որքան եմ ես արհամարհում այդ անձնավորությանը, որ արժանի չեմ համարում նրա անուն-ազգանունը գրել մեծատառով: Երբ ես հորդորեցի այդպես չվարվել, անգամ իմ ֆեյսբուքյան ընկերները, որոնց մեջ օդիոզ դեմքեր չկան, սկսեցին առարկել՝ ընդհանուր առմամբ դու ճիշտ ես, բայց այսինչը կամ այնինչը մարդ չեն եւ, հետեւաբար, բոլոր հիմքերը կան նրանց այս ձեւով ստորացնելու: Դա նման է ցանկացած վատ արարքի «արդարացումներին»: Օրինակ, «իհարկե, ծխելը կամ հայհոյելը վատ բան է, բայց ախր հոգուս վրա էր հասել, էլ դիմանալ չէր լինում»:

Մինչդեռ մանր, այսրոպեական հաճույքը, որը մարդը ստանում է ծխելուց կամ անունները փոքրատառով գրելուց, չի համեմատվի մարմնի եւ հոգու համար հեռու գնացող բացասական հետեւանքների հետ: Հայաստանյան քաղաքական գործիչները, ինչպես նաեւ Ալիեւը, Պուտինը կամ Էրդողանը չեն տուժում այդ վերաբերմունքից, տուժում է փոքրատառով գրողը: Վիրավորելով որեւէ մեկի (նույնիսկ վերջին սրիկայի եւ հանցագործի) մարդկային էությունը՝ վիրավորում ես, վնաս ես տալիս ինքդ քեզ: Ճիշտ նույն ձեւով, եթե որեւէ երկրի անունն ես փոքրատառով գրում, ուրեմն դու քո՛ պետությունը չես հարգում: Ի՞նչն է ավելի հեշտ՝ Ադրբեջանին հաղթե՞լը, թե՞ այդ պետության անունը ֆեյսբուքում փոքրատառով գրելը:

Այս ամենը ես հիշեցի, որովհետեւ վերջերս նույն ֆեյսբուքում տեսա, որ աղճատված հոգի ունեցող ինչ-որ մարդիկ իրենց դուր չեկող պատգամավորի նկարը փակցրել էին կենդանու մարմնի վրա, եւ նույն հոգեկան ախտերով տառապող օգտատերերը սկսեցին այդ լուսանկարը տարածել: Դա նույնքան նողկալի է, որքան կենդանի մարդկանց անուններով ծաղկեպսակներ դնելը: Սպասելի է, որ հիմա էլ են ինձ առարկելու՝ «բա որ նա, բա որ նրանք…» հայտնի երգի մոտիվներով: Բայց ես հստակ սահման եմ տեսնում այս կամ այն պատգամավորի գործունեությունը չընդունելու, անգամ նրա խուլիգանական վարքագիծը դատապարտելու եւ որեւէ մարդու մարդկային էությունը մերժելու մեջ: Եթե որեւէ մարդ իրեն տգեղ արարքներ է թույլ է տալիս, ապա, կարծում եմ, մեր խնդիրը պետք է լինի տվյալ անձի արարքների վրա տվյալ մարդու եւ հասարակության ուշադրությունը դարձնելը: Շատ հավանական է, որ դա իրեն չի փոխի կամ որ նա չի էլ ընդունի իր սխալները՝ դարձյալ «բա որ նրանք» արդարացումով: Բայց իմ գործը որեւէ մեկին վերադաստիարակելը չէ, իմ գործը (թող վերամբարձ չհնչի) մեր հասարակության մեջ բարի զգացմունքներ արթնացնելն է:

Բռնությունը (հոգեբանական եւ ֆիզիկական), ցինիզմը, անհավատությունը, ատելությունը, ուրիշին ցավ պատճառելու մոլուցքը նոր բան չեն այս աշխարհում: Պարզապես սոցցանցերի դարաշրջանն աննախադեպ հնարավորություն է տալիս մարդկանց անկեղծորեն արտահայտելու այդ զգացմունքներն ու որակները: Ավելին՝ դրանք այսօր ամենալավ վաճառվող ապրանքն են: Առավել եւս՝ դրան պետք է հակազդել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պատերազմի համար հող պատրաստելու համար ատելություն են սերմանում, քաղաքացիական պատերազմի համար՝ մի ժողովրդի սեւ սպիտակների միջեւ, ազգամիջյան պատերազմի համար՝ հերիք է մի ազգին վարակել ատելությամբ եւ պատերազմը պատրաստ է: Մենք ազգովի պետք է դառնանք մի շունչ մի մարմին, իրար սիրենք եւ իրար թիկունք լինենք, հակառակ դեպքում սկզբից մեր մեջ քաղաքացիական պատերազմ կգցեն, իսկ հետո աջից ձախից կհարձակվեն ու վերջ՝ ոչ սպիտակ կմնա ոչ էլ սեւ: Այնպես որ, ով ատելությամբ է լցված կամ ուրիշի պռովոկատորն է կամ էլ հիվանդ շիզո է:

  2. Anonymous says:

    Ձեր թերթի այսօրվա ամենաընթերցված նյութի (https://www.aravot.am/2022/04/26/1263258/) վերնագրում մարդու (???) անունը փոքրատառով է գրված՝ «ծեծեմ Արամ»: Ավելի ընդունելի կլիներ «Ծեծեմ արամ»: «Հանձնեմ նիկոլ»-ն էլ վատ չի նայվում:

    • Սարգիս Զեյթունյան says:

      Կներեք, անանուն չեմ, Սարգիս Զեյթունյանն եմ:

    • Հարգելի Սարգիս, «ծեծեմ»-ը համենայն դեպս, անունը չէ: Անունն Արամ է, որը մեծատառով է եւ վերնագրում, եւ տեքստում

      • Սարգիս Զեյթունյան says:

        Ճիշտն ասած, նպատակս ուղղագրության մեջ խորանալը չէր: Համենայնդեպս (http://www.irtek.am/views/act.aspx?aid=19823).
        ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը սահմանում է հետևյալ կանոնները….
        1. Բոլոր բառերն սկսել մեծատառով.

        Բ. Բոլոր բաղադրյալ այն անձնանուններում և մականուններում ու ծածկանուններում, որոնց մեջ`
        ա) …..
        բ) լրացյալը հատուկ անուն է, իսկ լրացումը (նախադաս թե հետադաս)` մականուն. օրինակ` Աշոտ Երկաթ, …..Հայկ Նահապետ, այսպես նաև` Առյուծաձև Մհեր, Գայլ Վահան, Ձախորդ Փանոս, Ձենով Օհան, Մայր Թերեզ, Քաջ Նազար, Անբան Հուռի, Միկիտան Սաքո և այլն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930