Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շառլ Միշելը, Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը բիզնես-գործընկերներ են. Ավետիք Չալաբյան

Ապրիլ 25,2022 23:45

Արցախի Փառուխ եւ Խրամորթ բնակավայրերից, որտեղից հայկական կողմը վերջերս միակողմանի ետ էր քաշել զորքերը եւ ինչի պատճառով հինգ դիրք ենք հանձնել Ադրբեջանին, 400 մարդ գաղթական է դարձել. այս մասին այսօր Երեւանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող Համալսարանական պուրակում, «Համախմբում» նախաձեռնության անդամների իրականացրած իրազեկման ակցիայի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը: Հայաստանում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու՝ իշխանության սկսած գործընթացը, Ավետիք Չալաբյանը համեմատեց «Չարի վերջը» հեքիաթի հետ, երբ «հիմար կկուն» անընդհատ մի ձագ է տալիս, բայց աղվեսի ախորժակը գնալով բացվում է:

Ավետիք Չալաբյանը հիշեցնում է՝  2018-ին՝ իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունները փչացնի: Իր դիտարկմամբ, այդ գործընթացում մեծ դեր է ունեցել Նիկոլ Փաշինյանի՝ այն ժամանակվա խորհրդական Արսեն Խառատյանը: Իսկ այդ չորս տարիների ընթացքում, Ադրբեջանի ղեկավարությունը՝ ՌԴ-ում բնակվող իր հարուստ եւ ազդեցիկ գործարարների օգնությամբ, զբաղվել է ՌԴ բարձրաստիճան զինվորականներին սիրաշահելով, արժեքավոր նվերներ տալով, որպեսզի հարկ եղած ժամանակ՝ լոյալություն դրսեւորեն. այդ ամենի արդյունքը տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ: Ավետիք Չալաբյանն անդրադարձավ նաեւ իրադարձություններին, թե ինչը հանգեցրեց 2020 թվականի պատերազմին, քանի որ գործող իշխանությունն ամեն կերպ ցանկանում է իր վրայից մաքրել պատերազմի պատասխանատվությունը:

Մանրամասները ՝ տեսանյութում

Ավետիք Չալաբյանը հիշեցրեց նաեւ, որ հոկտեմբերի 4-ից ռուսական կողմը անընդհատ առաջարկել է՝ կանգնեցնել պատերազմը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է՝ առաջ մղելով իր «Հաղթելու ենք» թեզը: Նա, ի դեպ, 44-օրյա պատերազմում, մեծ իմաստով, Հայաստանին պարտված չի համարում, քանի որ Ադրբեջանը երեք անգամ ավել կորուստներ է կրել, ռազմական գործողությունները ծավալվել են միայն Արցախի տարածքում եւ ռազմական գործողությունների ընթացքում մենք մեր տարածքների 30 տոկոսն ենք կորցրել: 44-օր հետո, ռազմական գործողությունների դադարեցումից հետո միայն, ՀՀ քաղաքական ղեկավարությունը կապիտուլյացիայի ակտ է ստորագրել, ինչի արդյունքում մենք ավելի շատ եւ առավել ռազմավարական նշանակության տարածքներ ենք հանձնել թշնամուն:

Ավետիք Չալաբյանը Նիկոլ Փաշինյանին «կեղծ փրկիչ» է համարում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ստեղծված իրավիճակին իբրեւ այլընտրանք՝ բանախոսը համարում է դիմադրելը. «Եթե պատերազմ չես ուզում, եթե խաղաղություն ես ուզում, թշնամին պետք է դիմադրություն տեսնի»: Նա հիշեցնում է, որ այդպես էր մինչեւ 2018 թվականը, իսկ 2014-ին, Նախիջեւանի հատվածում, հայկական զինված ուժերը մոտ 2 կիլոմետր առաջ էին շարժվել, նույն կերպ՝ նաեւ Նոյեմբերյանի հատվածում էր. «Մարդիկ դուխով կռվում էին, քանի որ ոչ ոք նրանց չէր ասում՝ դուք խեղճ եք: Դա է խաղաղության ձեւան այն մարդկանց հետ, որոնք ուզում են քո ձեռքից հողդ ու ջուրդ վերցնել»:

Ավետիք Չալաբյանը նաեւ նշում է, որ կան առողջ գիտակցություն ունեցող մարդիկ եւ վերջին 1,5 տարվա ընթացքում նրանք իրենց մարտունակությունն են բարձրացնում, նաեւ Արցախում նոր ստորաբաժանումներ են ստեղծվում, մասնավոր ընկերություններ կան, որոնք ռազմարդյունաբերության մեջ ներդրումներ են անում՝ ի հեճուկս պետության, որը մոտ 50 տոկոսով խնայում է ռազմարդյունաբերական ոլորտի համար նախատեսված գումարները եւ դրանք բյուջե վերադարձնում, խնայողներն էլ պարգեւատրվում են:

Ընդդիմադիր գործիչն անդրադարձավ նաեւ իշխանության դիվանագիտական քայլերին, մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանի Բրյուսել եւ Մոսկվա կատարած այցերին, ստորագրած փաստաթղթերին՝ ընդգծելով, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ փաստաթուղթ է ստորագրել, որտեղ Արցախ կամ անգամ Լեռնային Ղարաբաղ հիշատակում չկա: «12 հազար զոհ ենք տվել Արցախի համար, Փաշինյան, դու ո՞վ ես, որ բոլորի իրավունքները փաթեթով լցնում ես ունիտազը»,- ասաց Ավետիք Չալաբյանը՝ կարծիք հայտնելով, որ Շառլ Միշելը, Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը բիզնես-գործընկերներ են, որոնց միակ նպատակն է՝ գազամուղը հասցնել Եվրոպա եւ մեծ գումարներ վաստակել: Նիկոլ Փաշինյանն էլ նրա գնահատմամբ, այդ գումարների մի մասն «իր ուսապարկերին» կբաժանի ու կապահովի իր հետագա իշխանավարումը՝ ազգային եւ պետական շահերի հաշվին, շարունակելով ստի եւ կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությունը:

Նիկոլ Փաշինյանին Ավետիք Չալաբյանը համարում է Հայաստանի ամենաանազնիվ ղեկավարը: Ընդդիմադիր գործիչը երեք քայլ է առաջարկում՝ գիտակցել սուտը, պայքարել ստի դեմ, համախմբվել եւ ստեղծել իրավիճակ, որպեսզի հնարավոր լինի կեղծիքի դիմացն առնել. «Կամ մենք կեղծիքին կհաղթենք, կամ՝ կեղծիքը մեզ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930