Արդեն ինը օր «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, որը նաեւ «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահն է, Ազատության հրապարակում է: Այսօր Սերոբ Գասպարյանը Aravot.am-ին ասաց. «Ինը օր առաջ ես «Սեւ հովազի» մի քանի տղաների հետ եկա Ազատության հրապարակ, որտեղ մեզ միացավ Պավլիկ Մանուկյանը: Այդ ժամանակ այս հրապարակում ոչ ոք չկար: Այդ օրը ես խոսեցի ու ասացի. ես կլինեմ այն կաթողիկոսը, որը 1918 թվականին զանգերը հնչեցրեց եւ ես դուրս եմ եկել զանգեր հնչեցնելու: Այսօր ուրախ եմ, որ արդեն բազմաթիվ մարդիկ կան հրապարակում: Հավատացած եմ, որ մի քանի օր հետո ամեն ինչ կվերջացնենք: Ես դեռ կոչ չեմ արել: Շատ կողմնակիցներ կան, որ գալիս, հարցնում են ու սպասում են իմ կոչին: Ինը օր է շփվում եմ ժողովրդի հետ՝ հասկանալու ժողովրդի մտադրությունը, թե ժողովուրդը ինչ է մտածում, ում է սիրում, ում չի սիրում: Փառք աստծո, ինչ մտածում էի, կատարվում է:
Ուժեր կան, որոնք ժողովրդին տարբեր որակումներ են տալիս: Ես դա չեմ ընդունում: Հայ ազգը ազնվական է, հայ ազգը դավաճան չի, հայ ազգը միավորված է, ու շուտով կտեսնենք հայ ազգի հզոր բազկի ուժը: Ես նկատի ունեմ գենետիկորեն հայի տեսակին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ