Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարգավորումը հիմա, հաշտեցումը՝ հետո. Մենուա Սողոմոնյան

Ապրիլ 25,2022 22:30

Կարգավորումը հիմա, հաշտեցումը՝ հետո. իշխանությունների՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության դարաշրջանի մասին հայտարարություններին այս թեզն է հակադրում  «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը:

Նախաձեռնության անդամներն այսօր իրազեկման ակցիա իրականացրեցին  Երեւանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող Համալսարանական պուրակում:

Մենուա Սողոմոնյանի փոխանցմամբ, իշխանությունը հիմա մեկ փաթեթում է փորձում իրականացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ հաշտեցման գործընթացը, ինչը ռիսկային է մի քանի պատճառով, այդ թվում նաեւ այն, թե ինչ պատրաստվածությամբ եւ փութաջանությամբ է Թուրքիան վերաբերվում հարցին:

Բանախոսը մատնանշում է իշխանության՝ «ամենապատ ծակող փաստարկը», որը բոլոր հարցերի առնչությամբ բերվում է՝ «ժողովուրդը մանդատ է տվել» 2021 թվականի ընտրություններում: Այդ պնդումը բանախոսը կեղծ եւ շինծու է որակում, այն պատճառով, որ ժողովուրդը իրենց մանդատ չի տվել հակապետական գործընթաց տանելու համար, իսկ իշխանության բոլոր քայլերն այդ տրամաբանության մեջ են: Մենուա Սողոմոնյանը կեղծ է որակում նաեւ իշխանության կողմից տարածվող թեզը, թե իրենք խաղաղություն են ապահովում, իսկ մյուսները, ովքեր իրենց դեմ են, պատերազմ են բերելու:

Ստեղծված իրավիճակից, նախաձեռնության անդամները դուրս գալու հետեւյալ ճանապարհն են տեսնում՝ ժամանակավոր կառավարության ձեւավորում՝ մասնագետների ներգրավմամբ, որը սահմանափակ քայլերի եւ գործողությունների հնարավորություն կունենա: Առաջին խնդիրը բանակի վերակազմավորում-վերակազմակերպումն է լինելու, մարտունակության բարձրացումը, պաշտպանական համակարգի ամրացումը, ապա արտաքին սպառնալիքների կանխում՝ դիվանագիտական ճիշտ մարտավարական եւ ռազմավարական քայլերով, տնտեսական ազատությունների եւ սոցիալական արդարության երաշխավորում, հետո միայն որեւէ խելամիտ ժամկետի ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Ժամանակավոր կառավարությունը չի կարող ղեկավարել կամ այդ կառավարության մաս կազմել ՀՀ-ն ղեկավարած որեւէ նախկին պաշտոնյա: Այսինքն, ժամանակավոր կառավարության մեջ չի լինելու մարդ, որը կկանխորոշի իշխանության հետագա կազմավորման գործընթացը:

Մանրամասները՝  տեսանյութում

Նախաձեռնության անդամ, երգիչ Արսեն Գրիգորյանը լուծում չի տեսնում, եթե ժողովուրդը չարթնանա: «Սա քաղաքական խնդիր չէ, սա անձնական խնդիր չէ, շաքարավազի կամ դիզվառելիքի թանկացման խնդիր չէ, սա պետության գոյության խնդիր է, առհասարակ, գոյութենական խնդիր է»,- ասաց նա՝ հիշելով, թե ինչպես 1988-ին մարդիկ կանգնեցին մեկ նպատակի համար եւ արդյունք արձանագրեցին: Վստահ է՝ հիմա էլ են կանգնելու. «Ոչ մեկի ծառա չենք լինելու»: Նա հորդորեց չտրվել խոսակցություններին, թե մենք փոքր ենք, մեզնից ոչինչ չենք ներկայացնում, գերտերությունները ինչպես հարցերը լուծեն, այդպես էլ պիտի ենթարկվենք. «Մեր ձեռքն է, ուրիշի ձեռքը չի եւ եթե այսօր ոտքի չկանգնենք՝ վաղը ուշ է լինելու»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930