«Առայժմ ապակենտրոն, ամեն մեկը, ամեն քաղաքական ուժ իր բողոքի ձայնն է բարձրաձայնում։ Այսպես արդյունավետ է։ Չորս կետերից խմբերն արդեն շարժվում են դեպի Երեւան»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Ինչպես հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակից եւ Ազատության հրապարակից այսօր սկսված բազմամարդ երթերը միավորվեցին Ֆրանսիայի հրապարակում։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց․ «Այսօր Իջեւանից, վաղը՝ Տիգրանաշենից, հետո Բաշ-Ապարանից, Սարդարապատից արժանապատիվ քաղաքացիները շարժվելու են Երեւան։ Այդ ընթացքում ամեն օր Երեւանում տարբեր բողոքի եւ անհնազանդության գործողություններ ենք անելու մինչեւ ամսի մեկը։ Դրանից հետո անցնում ենք շատ ավելի կոնկրետ եւ հստակ գործողությունների։ Սա ով ոնց ուզում է՝ թող հասկանա։ Սա հայրենիքի համար պայքար է»։
Իշխան Սաղաթելյանի խոսքով․ «Այսօր շատերը հարցնում էին՝ մնալո՞ւ ենք։ Մնալու օրը մենք կասենք, դա լինելու է։ Ունենք հստակ, ծայրից ծայր գծված ծրագիր, որը բերելու է սրանց հեռացմանը։ Վստահ եղեք»։ Այսքանով այսօրվա գործողություններն ու երթերն ամփոփվեցին։ Վաղը կրկին կշարունակեն․ Տիգրանաշենից ցուցարարների խումբը դեպի Երեւան կշարժվի 11:00-ից։ Իսկ Երեւանում ժամը 18:30-ին Սասունցի Դավթի արձանի մոտից կմեկնարկի հերթական երթը, որի ընթացքում եւս անհնազանդության տարբեր գործողություններ կլինեն։ «Առանց Նիկոլ Հայաստան»,-վանկարկեցին ցուցարարները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ