«Սա ՀՀ նախագահի նստավայրն է, սակայն այստեղ նստած է ՔՊ-ից ինչ-որ մեկը։ Ինքը ՀՀ նախագահությունը ներկայացնելու իրավունք չունի, նա պատերազմի եւ պարտության կուսակցության ներկայացուցիչն է այս շենքում։ Ինքը հերթական դավաճաններից է։ Բոլորիս ձայնը հիմա նա պետք է լսի»,-նախագահական նստավայրի առաջ այսօր դիմադրության երթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Ինչպես հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակից այսօր մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երթը։
«Դավաճան՝ հեռացիր»,-վանկարկեցին ցուցարարները։ Սաղաթելյանը շարունակեց մատնանշել Նիկոլ Փաշինյանի ստերը․ «Չորս տարի առաջ ասում էր, թե նախագահականի եւ ԱԺ դարպասները բաց են ժողովրդի առաջ։ Ահա այդ դարպասները։ Երկու ամիս անց դրանք փակվեցին ժողովրդի առաջ։ Սա է սուտասանը եւ ծաղրածուն»։ Ավելի վաղ ցուցարարները մատնանշել էին եւս մեկ սուտ՝ «խաբեբա» գրությամբ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնելով արագաչափի վրա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ