Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր վարչապետն ասել է, որ համաձայն ենք Ադրբեջանի առաջարկներին, իսկ դուք ձեր վարչապետի դիրքորոշմանը հակառակ ելույթ եք ունենում»․ Սամադ Սեիդովը՝ ԵԽԽՎ հայ պատվիրակներին

Ապրիլ 25,2022 21:21

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը։ Լիագումար նիստի ընթացքում հեռակա բանավեճ ծավալվեց հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև։ Այն սկսվեց նրանից, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում հայտարարեց, թե Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և 2022-ի փետրվարից Արցախի սահմանամերձ բնակավայրերի ժողովրդին հոգեբանական ճնշումների է ենթարկում, նաև կանգնեցնում հումանիտար ճգնաժամի առաջ։

Այնուհետև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց, որ երեկ, երբ ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված խաղաղ ցույցի մասնակիցներին։

Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն իր դիրքորոշումը հայտնել է անկախությունից ի վեր, որ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը առանց նախապայմանների և հարցրեց՝ արդյոք մյուս կողմը և՞ս նման դիրքորոշում ու պատրաստակամություն ունի։ Այնուհետև նա ցույց տվեց «Գորշ գայլերի» ժեստն ու ասաց․ «Սա արմատական ահաբեկչական կազմակերպության՝ «Գորշ գայլերի» խորհրդանիշն է։ Նրանք իրականացնում են ահաբեկչական գործողություններ հայերի, քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Դուք կարող եք հարցնել՝ ինչո՞ւ եմ ցույց տալիս այս նշանը և ես ինչո՞ւ եմ շեղվում թեմայից՝ ԵԽԽՎ առաջընթացի զեկույցից։ Ես թեմայից շեղվելու մտադրություն չունեմ։ Մենք քննարկում ենք մեր կազմակերպության առաջընթացը, բայց  երկու օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը այս նշանն է ցույց տվել խաղաղ ցուցարարներին, այն բարձրակարգ դիվանագետը, որը երկու տարի նախագահել է ԵԽԽՎ-ն»։ Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ այս պահվածքը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հայ գործընկերներին մեղադրեց, թե շեղվում են թեմայից ու ասաց․ «Ինչո՞ւ չեք հայտարարում, որ պարոն Չավուշօղլուն հարձակման է ենթարկվել, ինչո՞ւ չեք  հայտարարում, որ Երևանի կենտրոնում տեղադրված է ֆաշիստ Նժդեհի արձանը, կամ, որ մեկ միլիոն փախստականներ չեն կարողանում վերադառնալ մեր ազատագրված հողեր, քանի որ դրանք հայերի կողմից ականապատվել են»։ Այնուհետև հիշեցրեց, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել խաղաղության օրակարգի շուրջ ու ասաց․ «Իմ ուղեղում կոգնետիվ դիսոնանս է առաջանում, քանի որ ձեր  վարչապետն ասել է, որ մենք համաձայն ենք Ադրբեջանի  առաջարկներին, իսկ հիմա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց վարչապետի դիրքորոշմանը հակառակ ելույթ են ունենում»։

Թուրք պատվիրակ Կամիլ Այդինն է փորձեց համոզել, թե այդ նշանը թուրքական մշակութային ժառանգությանն է պատկանում, դա օգտագործում են բոլոր թուրք քաղաքական գործիչները՝ աջից ձախ և այն նաև ընկերության խորհրդանիշ է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930