«Առաջիկա 5 օրում մեր նպատակն է ողջ ՀՀ-ում ոտքի կանգնեցնել ժողովրդին։ Մայիսի մեկին՝ մինչեւ մեր խմբերի Երեւան հասնելը, կունենանք մեծ հանրահավաք։ Մինչեւ դա խնդրում եմ ամենօրյա մասնակցությամբ ցույց տալ, որ իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ինչպես հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակից այսօր մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երթը։ Սաղաթելյանը շեշտեց, որ միառժամանակ ՀՀ մարզերից քաղաքացիները քայլելով գալու են Երեւան, ցանցային եւ ապակենտրոն պայքարը շարունակվում է։
«Չարիքին հեռացնելու ենք․ քիչ է մնացել»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։ Բողոքի երթը Կոմիտասի պողոտայով ընթանում է «զարթնիր՝ լաո» առաջնորդող մեծ պաստառով, «առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով։ Ցուցարարներն արդյունքում հասնելու են կենտրոն՝ Ֆրանսիայի հրապարակ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ