Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արագած Ախոյանը դիմեց ՔՊ պատգամավորներին՝ քանի ուշ չի, փոքրիկ մարդասիրական միջանցք ունեն՝ դուրս գալու. «Դավաճանի պիտակը թոռից թոռ մնալու է իրենց վրա»

Ապրիլ 25,2022 20:15

«Ամեն ինչ ծրագրավորված է ու մասնավոր կարծիքավորները պիտի մի քիչ համբերատար լինեն, որովհետեւ Ազատության հրապարակը այն կենտրոնն է, որտեղ հավաքվում են, բայց հանրապետության տարբեր շրջաններում արդեն այդ շարժումը կա: Առաջին օրվա համեմատ արդեն տեսանք ինքնաբուխ մոտ 5000-ից ավելի մարդիկ են հավաքվում ու հենց այս հրապարակում է եփվում այն ոգին, որը պետք է այս իշխանություններին հեռացնի: Քննադատողներին ես հասկանում եմ, մարդիկ ամեն ինչ միանգամից են ուզում, ուզում են իրենց փոխարեն ինչ-որ մեկը գործ անի: Ես խորհուրդ կտամ, որ գան այստեղ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Հարցին՝ իշխանությունները շրջանառում են այն թեզը, որ այստեղ հավաքվածները «նախկիններն» են, որոնք արդեն եղել են իշխանության, 30 տարի կեղեքել, թալանել են, այս թեզն ինչպե՞ս չեզոքացնել՝ նա պատասխանեց. «Իշխանությանն ասեք, որ իրենց հիմնական այդ զենքը փչացել է, էլ չի աշխատում: «Նախկիններ»՝ այդ զենքը փչացել, մաշվել է, արժեզրկվել է: Չկա այստեղ նախկին-ներկա: Ընդհակառակը, հենց իրենց թիմի մեջից, որոնք պաշտոն են զբաղեցնում եւ այսօր լուրջ ճյուղ են ղեկավարում, շատ շատերը հոգու խորքում զզված, ատամները կրճտացնելով սպասում են՝ երբ պիտի գա այդ բաղձալի պահը, որ իրենք էլ պրծնեն իրենց ղեկավարությունից: Ես մի խորհուրդ էլ տամ՝ այն պատգամավորները կամ այն պաշտոնյաները, որոնք ՔՊ-ի քվոտայով այսօր պաշտոն են զբաղեցնում կամ պատգամավորի մանդատ ունեն, քանի ուշ չի, իրենք մի փոքրիկ մարդասիրական միջանցք ունեն՝ դրանից դուրս գալու, թող մտածեն դրա մասին:

Մեկ է, այսպես թե այնպես լինելու է այն, ինչ լինելու է, ուղղակի այդ բեռը, պիտակը իրենց վրա չգնան թոշակի, կամ երիտասարդ-երիտասարդ՝ անպիտանի ու որպես դավաճանի անդամ, պարտության մարմնավորում ամբողջ կյանքը թոռից թոռ այդ պիտակը մնալու է իրենց վրա: Քանի ուշ չի, կարող են դեռ հայտարարություն անեն ու դուրս գան, միգուցե դա կմեղմացնի այն ծանր հանցագործությունը, որին հենց իրենք մասնակից են: Այսօրվա վարչապետի աթոռին կառչած անձնավորությունը ԱԺ ամբիոնից հայտարարեց իր դավաճանության մասին, որից հետո պիտի անվտանգությունը ձերբակալեր պետական  դավաճանության համար, բայց չարեցին: Ոչինչ, հետո իրենք են պատասխան տալու՝ անգործության համար: Հիմա վախեցնում են, թե եթե սա չանենք՝ պատերազմ կլինի: Պատերազմից իրենք են վախենում: Պատկերացնում ես հարեւանդ գա ասի՝ այս տունն իմն է, տուր, թե չէ կծեծեմ, ասես՝ լավ, առ, մենակ մի՞ ծեծի: Այս հոգեբանությամբ երկիր չեն ղեկավարում, ազգային ոգին կոտրել են: Իրենց թվում է՝ կհաջողվի այս դավաճանական պլանը, բայց չի հաջողվելու: Ջահերով երթը տեսաք, 60 հազարից ավելի մարդ կար»:

Դիտարկմանը՝ ընդդիմությունը Իջեւանից քայլելով գալիս է Երեւան, ասում են՝ ընդդիմության մտքի սով է, նախկինի քայլերն են կրկնում՝ Ախոյանը չհամաձայնեց. «Ես չէի ասի: Սով չկա, նոր հեծանիվ չպիտի հորինել…Իրենց ամեն ինչը հաշվարկված էր՝ այդ կապիկությունները, ձեռք կապելը, մորուք թողնելը, կեպին դնելը, ինչ-որ կերպարներ ստեղծելը, որ ժողովրդին իրենց կողմը քաշեն, հսկայածավալ գումարներ էին, որոնք նախօրոք ներդրվել էին: Հիմա այս ժողովուրդը, որ դուրս է գալիս, շատ որակյալ, շատ գիտակից, ավելի որակյալ ժողովուրդ է, քան այն, ինչ իրենք ունեին: Շատ մեծ սխալ է ժողովուրդը ամբոխի հետ շփոթելը»:

Արագած Ախոյանը հորդորեց ժողովրդին միանալ իրենց. «Մեկ-մեկ գալիս ասում են՝ եկել ենք, ի՞նչ ենք անելու: Չկա՛ նման բան, այսօր պահանջվում է կանգնել այստեղ, ապահովել մարդկային քանակ, ուրեմն դա պիտի անենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930