«Այս պատերազմը, որը չպետք է սկսվեր, պետք է հրատապ կերպով ավարտվի»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի բացման խոսքում լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը։
Նա, հիշեցնելով, որ ՌԴ-ն դուրս է հանվել ԵԽ-ից, հայտարարեց․ «Արդեն 46 պետություն է մեր կազմակերպությունում։ Մեր ուղերձը պարզ էր և հասկանալի, եթե որևէ երկիր հատում է կարմիր գծերը, նա տեղ չունի ԵԽԽՎ-ում, ոչ էլ ԵԽ-ի այլ կազմակերպություններում։ ՌԴ-ի կողմից՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելն այն կարմիր գիծն էր, որը ՌԴ-ն չպետք է հատեր»։
Թինի Կոքսը նշեց՝ Ուկրաինայում ամեն օր մարդիկ են իրենց կյանքը կորցնում, վիրավորվում, միլիոնավոր անձինք լքել են իրենց տները։
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության կին անդամներին, որոնք մասնակցում են ԵԽԽՎ նստաշրջանին, ԵԽԽՎ նախագահն ասաց․ «Նրանք իրենցով օրինակով ցույց են տալիս, թե ինչ կարող է անել խորհրդարանական դիվանագիտությունը»։ ԵԽԽՎ-ին առաջարկ էր ներկայացվել հրատապ դեբատ կազմակերպել «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքները» թեմայով։ Այն ընդունվեց պատվիրակների կողմից և կկազմակերպվի չորեքշաբթի օրը։
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Յան Լիդելը, հիշեցնելով պատմությունը, նշեց․ «Մենք մի անգամ էլ հեռացրինք Ռուսաստանին, բայց նորից հետ բերեցինք։ Պատմությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը չի կանգնում, նրանք նույնն են անում, ինչ նախկինում։ 2022-ին էլ մենք տեսնում ենք, որ մարդու իրավունքները խախտվում են ամեն օր, ամեն ժամ»։
Հույն պատվիրակ Ջորջ Կարտուգալոսը հայտարարեց․ «Սխալ էր Ռուսաստանին վերադարձնելը, պատմությունը դա ապացուցել է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ