Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ ՔՊ գրասենյակի մոտ․ ոստիկանները ցուցարարներին քաշքշեցին, թույլ չտվեցին մոտենալ

Ապրիլ 25,2022 19:20

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարներն այսօր երթով շարժվեցին դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ։ Սայաթ Նովա-Չարենցի փողոցների խաչմերուկում ոստիկանական ուժեր կուտակվեցին եւ ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ Սայաթ Նովայի փողոցի վրա գտնվող գրասենյակին։ Պատճառաբանեցին, որ թույլ չեն տալիս անվտանգության նկատառումներով։ Ցուցարարները պնդեցին, որ իրենց տեղաշարժը սահմանափակելու իրավական հիմնավորում չկա, ոստիկաններն էլ հրեցին նրանց՝ թույլ չտալու համար առաջխաղացումը։

Քաշքշուկ տեղի ունեցավ։ «Նիկոլ՝ դավաճան», «առանց թուրքի Հայաստան»,-վանկարկում էին ցուցարարները։ Առնվազն հինգ տղամարդու ոստիկանները բերման ենթարկեցին։ Մեկն էլ հայտնվել էր գետնին, ում քաշքշելով տարան կարմիր բերետավորները։ Դեպքի վայրում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա եւ ոստիկանների(որոնցից մեկը քաղաքացիական հագուստով էր) միջեւ լարված խոսակցություն եղավ, պատգամավորը պնդեց, որ նման անհամաչափ ուժ չեն կիրառում։ Ոստիկանները պնդեցին, որ անհամաչափությունը փողոցում չի որոշվում, խոսակցությունը լարվեց; «Արա՜, ընկեր ջան՝ տանելու ձեւ կա, յոթանասուն տարեկան մարդ կա։ Խփում եք գետնին»,-բղավեց Տիգրան Աբրահամյանը։ «Չտեսա՞ր ինչ ա կատարվում, խի՞ չես ասում, որ ենթարկվեն օրինական պահանջին»,-իր հերթին բղավեց քաղաքացիական հագուստով ոստիկանը։

Տիգրան Աբրահամյան-Մենակ տենց վախտ եք հիշում, որ էսի սենց ա։

Ոստիկան-Լավ էլ հիշում ենք։

Տիգրան Աբրահամյան-Որ երկիրը հանձնում-գնում են, էտ վախտ էլ եք հիշո՞ւմ։

Իրավիճակը նորից լարվեց։ Եւս երեք տղամարդու ոստիկանները քաշելով տարան, այդ թվում՝ տարեցի։ Քաղաքացիական հագուստով ոստիկանը հայտարարեց՝ իրենք են լավ տիրապետում, թե որ փողոցն է ծանրաբեռնված, եւ իրենք են որոշում՝ որ փողոցով թույլատրել շարժվել։

Ցուցարար-Մարդուն գցում եք հատակին։

Ոստիկան-Եկեք հաղորդում գրեք։

Ի վերջո ոստիկանները պատ կազմած փակած պահեցին Սայաթ Նովայի փողոցը, եւ ցուցարարները երթը շարունակեցին Չարենցի փողոցով։ Այնուհետեւ ցուցարարները գնացին ոստիկանության կենտրոնի բաժանմունք՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկվածներին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930