Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ջրբաշյանը նշել է՝ շուտով Հայաստանը կկարողանա մրցակցել այլ երկրների հետ. ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

Ապրիլ 25,2022 18:50

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին առաջին անգամ ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Օրակարգում ընդգծված էր ոլորտի և նախարարության ներկայացուցիչների երկխոսությունը։

Քննարկման հիմնական զեկուցողն էր տեքստիլ արդյունաբերության ոլորտի ռազմավարական զարգացման գծով գլխավոր խորհրդատու Տիգրան Ջրբաշյանը։ Նա էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի թիմի հետ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հանգամանալից վերլուծություն և գործողությունների ծրագիր։

Երկամսյա պետական տեսչական ​​ստուգումների արդյունքում բացահայտվել են հայ արտադրողների թույլ և ուժեղ կողմերը։ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտի խոշոր ձեռնարկությունների թիվը ներկայումս ավելի քան 30 է։ Ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակվել է ընկերություններում կատարված ուսումնասիրությունների, անհատական ​​խորհրդատվությունների, ինչպես նաև ոլորտի փորձագետների հետ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքների հիման վրա:

Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ շուտով Հայաստանը կկարողանա մրցակցել այլ երկրների հետ, իսկ մրցավազքում առաջ անցնել հնարավոր կլինի միայն հնգամյա ծրագրով նախանշված քայլերի իրականացման շնորհիվ։ Այս ոլորտի արտադրողականությունը նախատեսվում է բարձրացնել 2,7 անգամ։

Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է միջոցներ հատկացնել միջազգային ցուցահանդեսներին տեղական բրենդերի և ձեռնարկությունների մասնակցության համար։ Բացի այդ, կհատկացվեն կրթաթոշակներ՝ տեքստիլի ոլորտում աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար։ Ծրագրի կետերից է նաև փոխգործակցությունը միջազգային կառույցների հետ։ Նախատեսվում է Հայաստանում բացել առաջատար կրթական կենտրոնների մասնաճյուղեր։

Ներկայումս տեքստիլ արդյունաբերության ոլորտում ներգրավված է ավելի քան 8,4 հազար աշխատող։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում կանխատեսվում է աշխատատեղերի թվի ավելացում, զգալիորեն կբարձրանա նաև արտադրողականությունը։ Միաժամանակ միջին աշխատավարձը կկազմի շուրջ 160 հազար դրամ (աճը՝ մեկուկես անգամ)։ Արտադրանքի արտահանումը կկազմի 536,9 մլն դոլար։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930