Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու առկա դժվարությունները». Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ապրիլ 25,2022 18:26

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը։

Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ վերջիններիս այցը Հայաստան Հայոց ցեղասպանության ոգեկոչման շրջանակներում լավագույնս վկայում է երկու ժողովուրդների բարեկամական և ջերմ հարաբերությունների մասին, որոնք ունեն դարավոր պատմություն։

Հանդիպմանը Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի զավակները կարողացել են ապաստան գտնել Սիրիայում և կազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտների առաջընթացին: Այս առիթով Վեհափառ Հայրապետը, վերհիշելով իր այցերը Սիրիայի Արաբական Հանրապետություն, ինչպես նաև հանդիպումները Սիրիայի նախագահի հետ Սիրիայում և Սուրբ Էջմիածնում, ուրախությամբ հաստատեց հայ համայնքի նկատմամբ Սիրիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը։ Նորին Սրբությունն իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց Սիրիայի խորհրդարանին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց նաև հայ-սիրիական կապերի և փոխգործակցության սերտացման ու զորացման գործում Հայ Եկեղեցու համայնքների դերակատարությունը։
Իր հերթին տիկին Լյուսի Իսկանյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով պատվիրակության անդամներին, հաստատեց, որ Սիրիայի իշխանությունները շարունակում են իրենց աջակցությունը բերել սիրիահայությանը՝ խրախուսելով վերջինիս ներգրավվածությունը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացներին։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների, սրբավայրերի ու խաչքարերի պղծման և ոչնչացման դեպքերին։ Խոսելով Հայաստանի և Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ ապրելու իրավունքի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունների և հետպատերազմյան մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը վստահեցրեց, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու առկա դժվարությունները։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930