Լրահոս
Օրվա լրահոսը

«Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը» ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում

Ապրիլ 25,2022 17:54

2022 թվականի մարտի 24-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկը համալրվեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացրած «Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը» արժեքով։

Փախլավայի պատրաստումը հիմնականում տարածված է Գավառի տարածաշրջանի գյուղական և քաղաքային համայնքների կանանց շրջանում։ «Քյավառի փախլավան» տարիներ առաջ հայտնի է եղել «Բայազետի փախլավա» անունով: Դրա պատրաստման եղանակները 1830-ական թվականներին, հայ բնակչության գաղթից հետո, բերվել է Արևմտյան Հայաստանից: Վկայություններ կան, որ «Քյավառի փախլավան» պատրաստվել է հիմնականում մեծահարուստների համար, քանի որ այն բաղկացած է բավականին արժեքավոր մթերքներից: «Քյավառի փախլավան» պատրաստվել է հատուկ օրերին` պարտադիր ժողովրդական տոներից, ամանորից և հարսանեկան արարողություններից առաջ: Այն համարվել է ուրախ առիթների սեղանների զարդը, որը կարող է հաջողություն և երջանկություն բերել նորապսակներին:

Բայազետում փախլավան պատրաստվել է հատուկ նախշազարդված պղնձե սկուտեղների մեջ: Յուրաքանչյուր տոհմ ունեցել է իր հատուկ նախշազարդով սկուտեղը: Շատ մեծահարուստներ փախլավայի իրենց սկուտեղները պատրաստել են արծաթից:

Փախլավայի պատրաստման կարևոր բաղադրիչներից է հատուկ եղանակով մաքրած ու չորացրած առատ ընկույզը, ալպիական բնական մեղրը, հալեցված կարագից ստացված յուղն ու մանր կտորների բաժանված շաքարը: «Փախլավայի պատրաստման համար հավաքվում էին տոհմի կանայք կամ հարևանները, կատարվում էր աշխատանքի բաժանում, որը երկար նախապատրաստություններ էր ենթադրում՝ ընկույզի ընտրություն, խմորի պատրաստում, յուղ ու մեղրի առանձնացում։ Փորձառու կանանցից մեկը հսկում էր պատրաստման ընթացը, որը ուղեկցվում էր երգ ու պարով, հետաքրքիր պատմություններով, զրույցներով, անեկդոտներով և այլն: «Քյավառի փախլավան» պատրաստվում է խմորի 22-25 շերտերից, նախօրոք շեղանկյունաձև կտրվում է և պատրաստելուց հետո՝ տաք վիճակում վրան լցվում է բնական մեղրը: Փախլավան իր բաղադրության շնորհիվ երկար է պահպանվում` չկորցնելով համային և որակական հատկությունները: «Քյավառի փախլավան» գավառցիների ինքնության մասն է, յուրօրինակ այցեքարտ, որով Գավառը ներկայացվում է տարբեր փառատոների և հանրային միջոցառումների ժամանակ։

«Քյավառի փախլավայի» պատրաստման եղանակը պահպանվել է առ այսօր, և դժվար է պատկերացնել որևէ հարսանեկան կամ ամանորյա սեղան՝ առանց փախլավայի: Իր բաղադրությամբ լիովին տարբերվում է այլ տարածաշրջանների և ազգերի մշակույթում առկա փախլավաներից, ինչի շնորհիվ էլ առ այսօր մեծ համբավ ունի: Մեր օրերում էլ Գավառում կան փոքր ընտանեկան փռեր, որտեղ ավանդական եղանակով շարունակում են փախլավա թխել և վաճառել»,- պատմում են Գավառում փախլավա պատրաստողները։

Հայաստան ժամանած շատ զբոսաշրջիկներ հատուկ այցելում են Գավառ` Քյավառի փախլավա համտեսելու: Շատ գավառցիներ արտերկրում ստեղծում են փախլավայի պատրաստման արտադրամասեր, ինչն էլ նպաստում է փախլավայի պահանջարկի բարձրացմանը։ Հայաստանի տարբեր բնակավայրերում գործող առևտրի կենտրոններում վաճառվում են «Գավառի փախլավա» անվանումով թխվածքներ, մի շարք ռեստորաններում մատուցվում է քյավառի փախլավա, ինչը վկայում է փախլավայի համընդհանուր տարածման մասին։ Փախլավայի պատրաստման հմտություններն ու գիտելիքները փոխանցվում են սերնդեսերունդ, երիտասարդ աղջիկները մանկությունից մասնակից լինելով փախլավայի թխման գործընթացին՝ յուրացնում են պատրաստման հմտությունները։ Համային և որակական առանձնահատկություններից բացի, առատ ընկույզի և մեղրի առկայությամբ պայմանավորված, փախլավան կարող է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930