Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարելի է հասնել Հայաստանի ավելի լավ ապագայի. Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 25,2022 22:00

Սկիզբը՝ այստեղ

Մաս 9

Կասկածից վեր է, որ բոլորս ուզում ենք Հայաստանը տեսնել բարգավաճ, բայց մեծամասնության համար բարգավաճ Հայաստանը սոսկ վերացարկում է։ Երկրի բարգավաճման մասին շատ է խոսվում, բայց իրականում քչերն են ընդունակ դուրս գալու անձնական շահերի և սեփական ընտանիքի, մտերիմ ընկերների ու ազգականների բարօրության մտահոգության շրջանակից։ 2001 թ.-ից ի վեր, մեր գործընկերների հետ միասին, փորձում ենք նախաձեռնել երկրի և ժողովրդի ապագայի վերաբերյալ հանրային լայն քննարկում և մշտապես բախվում ենք մտավոր այդ աշխատանքի մեջ ներգրավվելու հարցում մեծամասնության դժկամությանը: Բացի այդ, մեր հասարակական կյանքի տհաճ առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք միշտ չէ, որ պատրաստ ենք համբերատար քննարկել բարդ ու ցավոտ թեմաները և դեռ պետք է սովորենք երկխոսության արվեստը։ Սակայն առանց նման քննարկումների անհնար է հանգել հասարակական կոնսենսուսի, որը պետք է ընկած լինի Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ կոնկրետ որոշումներ կայացնելու հիմքում։

Երկրի բարգավաճման մասին շատ է խոսվում, բայց իրականում քչերն են ընդունակ դուրս գալու անձնական շահերի և սեփական ընտանիքի, մտերիմ ընկերների ու ազգականների բարօրության մտահոգության շրջանակից։

Մեզանից յուրաքանչյուրն ունի որոշակի հայացքներ, արժեհամակարգ, առաջնահերթություններ, հաջողության չափանիշներ և, հետևաբար, իրերի նկատմամբ քիչ թե շատ լայն հայացք ու պլանավորման իր հորիզոնը։ Ոմանց համար Հայաստանի բարգավաճումը տնտեսական աճի կայունությունն է և պետական ​​սահմանների անվտանգությունը, ոմանց համար՝ նրա դերը համաշխարհային քաղաքականության մեջ։ Ինչ-որ մեկն ամեն ինչից վեր է դասում քաղաքացիների բարեկեցությունը, ինչ-որ մեկը՝ հայկական աշխարհի կենտրոնը լինելու երկրի կարողությունը։ Մեկը մտորում է միջնաժամկետ հեռանկարում, մյուսը մտահոգ է իր երեխաների ապագայով, մի ուրիշն էլ մտածում է հայության մի քանի ապագա սերունդների մասին։ Հայ ազգի ապագայի մասին մեր՝ իմ և իմ գործընկերների ու համախոհների տեսլականին է նվիրված «Ճամփաբաժանին. Երկխոսության հրավեր» ձեռագրի վերջին գլուխը: Ստորև ներկայացված են իմ պատկերացումներն այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք հիմա:

  • Հայաստանի զարգացման սոցիալ-տնտեսական մոդելի շուրջ հանգել հասարակական կոնսենսուսի. Ճանապարհ ընտրելը հեշտ չէ։ Պարզունակություն կլինի զարգացման մոդելների բաժանումը «լավերի» ու «վատերի»։ Ավելի ճիշտ կլինի խոսել որոշակի երկրի ու ազգի համար այս կամ այն մոդելի արդյունավետության մասին, բարգավաճման, անվտանգության, ինքնության պահպանման և նոր իրականության մեջ զարգացման տեսանկյունից լավագույն պայմաններն ապահովելու կարողության մասին: Ամենաարդյունավետ մոդելի ընտրությունը պետք է կատարվի գիտակցաբար՝ պրագմատիկ և միևնույն ժամանակ պատասխանատու, անձնուրաց վերնախավի կոնսենսուսի արդյունքում, որին աջակցում են հասարակության ամենաակտիվ և բավականին լայն շրջանակներ։ Մարտահրավերները, որոնց այդ ընթացքում ստիպված կլինենք դիմակայել, քննարկումների թափանցիկության ապահովումն է բոլոր փուլերում և որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև այդ որոշումների հետագա իրականացումը։

Հարկավոր է վերադառնալ նախագահի, վարչապետի և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների դերերի բաշխման, նրանց լիազորությունների և պարտականությունների քննարկմանը։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

  • Կողմնորոշվել պետության կառավարման ձևի հարցում և հաստատել պետական կառավարման համակարգ. Խոսքը վերն արդեն հիշատակված զսպումների և հակակշիռների համակարգի կառուցման մասին է, որը թույլ չի տա իշխանության կենտրոնացումը մեկի ձեռքում՝ այդ մեկը լինի նախագահ, թե վարչապետ, կապահովի իշխանության հիմնական թևերի տարանջատումը և իրենց քաղաքացիների հանդեպ հաշվետվողականությունը, թույլ կտա բարձրացնել թափանցիկությունը և կընդլայնի ներառականությունը երկրի և ժողովրդի համար կարևոր որոշումների կայացման գործընթացներում՝ նվազեցնելով այդ գործընթացների վրա որոշակի շահեր ներկայացնող խմբերի ազդեցության հավանականությունը։ Նման համակարգի հաջող պատմական օրինակ կարող ենք տեսնել Վենետիկի Հանրապետության քաղաքական համակարգում, որը գոյություն է ունեցել ավելի քան հազար տարի:

Շատերը առաջվա պես պատերնալիստական պատրանքներ են փայփայում՝ ավելի լավ ապագայի հույսերը կապելով ուժեղ, նույնիսկ ավտորիտար արդյունաբերական պետության իրենց ծանոթ մոդելի հետ:

Իմ կարծիքով, անհրաժեշտ է վերադառնալ նախագահի և վարչապետի դերերի բաշխման, նրանց լիազորությունների ու պարտականությունների քննարկմանը։ Նույնը վերաբերում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ կապված համայնքների խոշորացման հետ։ Մենք մշակում ենք ուսուցողական և խրախուսման ծրագրեր, որոնք տեղերում ղեկավարներին կօգնեն առավել արդյունավետ կերպով մասնավոր ներդրումներ ներգրավելու տարածաշրջանային զարգացման համար և վարելու ծրագրերը։ Բացի այդ, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք համայնքներին թույլ կտան ներդրումներից ստացված եկամուտներն ուղղորդել սեփական կարիքների և հետագա զարգացման ուղղությամբ:

Այսօր ազգային պետությունների ապագան, որպես աշխարհակարգի հիմք, ավելի հաճախ է կասկածի տակ դրվում: Իմ կարծիքով, խոսքն ավելի շատ նրանց դերի և գործառնության սկզբունքների վերաիմաստավորման, ինչպես նաև հասարակության հետ փոխգործակցության նոր մեխանիզմների որոնման մասին է։ Ցավոք սրտի, մեզանից շատերը դեռևս պատերնալիստական պատրանքներ են փայփայում՝ ավելի լավ ապագայի հույսերը կապելով ուժեղ, նույնիսկ ավտորիտար արդյունաբերական պետության իրենց ծանոթ մոդելի հետ, որը հայրաբար հոգ է տանում իր քաղաքացիներին: Պետության մասին այդպիսի տեսակետները գնալով ավելի ժամանակավրեպ ​​են դառնում։ Այժմ մենք խոսում ենք ոչ միայն նրա մասին, որ բարձրացնենք պետական ​​ինստիտուտների արդյունավետությունը, այլ նաև նրա մասին, որ պետք է հասկանալ, թե 21-րդ դարում ինչպիսին պետք է լինեն նրանց դերն ու գործառույթները, որպեսզի առաջանա մարդկային ստեղծագործական ներուժի բացահայտման ներդաշնակ ու անվտանգ միջավայր։

  • Անցկացնել ամբողջական ստուգումներ, գույքագրել մեր ունեցած ակտիվները և կատարել կադրերի ատեստավորում ոչ միայն պետական, այլև հասարակական հատվածում: Իմաստալից շարժման համար պետք է հստակ պատկերացնել երթուղու մեկնարկի և ավարտի ​​կետերը, հասկանալ, թե որտեղ ենք գտնվում, ուր ենք ցանկանում գնալ և նյութական ու ոչ նյութական ինչ ռեսուրսներ ունեն երկիրն ու գլոբալ ցանցային ազգը: Առանձին խնդիր է ՀՀ պետական ​​ապարատի արդյունավետության վերլուծությունը. հարկավոր է գնահատել պետական ​​հիմնարկներում աշխատողների թիվը, նրանց նպատակներն ու խնդիրները, կատարել նրանց ատեստավորումը, բացահայտել այն հաստիքները, որոնք կարելի է կրճատել ավելորդության պատճառով, կամ, ընդհակառակը՝ այն տեղերը, որոնք պետք է բացել, հարկավոր է մշակել և ներդնել շահագրգռման ու գործունեության գնահատման համակարգեր, որոնք թույլ են տալիս բարելավել կատարողականությունն ու հաշվետվողականությունը:

Գրավել ներդրումներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի ողջ համակարգի վերագործարկման համար. Հանրապետության կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականն ապահովել ՀՆԱ-ի նվազագույնը 7 տոկոս աճ։ ՀՆԱ-ն, բնականաբար, չի կարող լինել ազգի բարեկեցության միակ ցուցանիշը, և, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Հայաստանը պետք է շատ ավելի առաջ գնա իր ձգտումներում և փորձի ոչ միայն կրկնապատկել, այլև եռապատկել այդ ցուցանիշը։ Բացի այդ, հետպատերազմյան տնտեսության և քաղաքացիական ենթակառուցվածքների վերակառուցումը կապիտալի զգալի ներդրումներ է պահանջում: Ինչպես արդեն նշվեց, պահանջվող ներդրումների ծավալը ես գնահատում եմ 15-20 միլիարդ դոլար: Ինձ թվում է, որ հնարավոր է այդ նպատակների համար ստեղծել ֆոնդերի համակարգ, որը կդառնա պետություն-մասնավոր հատված համագործակցության օրինակ։

Տարբեր դերակատարների միջև համագործակցությունը կարող է արդյունավետ լինել՝ ինստիտուցիոնալ հիմքի առկայության դեպքում: «UWC Դիլիջան»-ը պետություն-մասնավոր հատված համագործակցության ցայտուն օրինակ է:
Լուսանկարը՝ UWC Դիլիջան

Այդ համակարգի խարիսխը լինելու է 3-ից 5 միլիարդ դոլար ծավալով ուղիղ ներդրումային հիմնադրամը՝ մինչև 10 տարի պլանավորման հորիզոնով։ Ընդ որում, կարևոր է ոչ միայն անհրաժեշտ միջոցների ներգրավումը, այլև դրանց գրագետ ներդրումը։ Հայաստանի զարգացման հիմնադրամը կարևոր դեր կխաղա մեր երկրում նախագծերի մեջ ներդրումների ամբողջ կառուցվածքը փոխելու գործում։ Դրա հաջողության համար անհրաժեշտ է չորս բաղադրիչ. 1) հայկական Սփյուռքի միջոցները, 2) Հայաստանի կառավարության մասնակցությունը, 3) զարգացման միջազգային ինստիտուտների և ռազմավարական ակտիվների սեփականատերերի ներդրումները Հայաստանում (առաջին հերթին՝ Ռուսաստանից), 4) միջազգային կապիտալի ներգրավումը։

ՀՆԱ-ն չի կարող լինել ազգի բարեկեցության միակ ցուցանիշը, և, այնուամենայնիվ, Հայաստանը պետք է փորձի ոչ միայն կրկնապատկել, այլև եռապատկել այդ ցուցանիշը։

Երկրորդ, անհրաժեշտ է ստեղծել 1 միլիարդ դոլարի հիմնադրամ՝ ուղղված նախկին Արևմտյան Հայաստանի տարածքում տարբեր ձեռնարկությունների ստեղծմանը և ներդրումների գրավմանը, ինչի մասին արդեն խոսել ենք վերը։

Երրորդ, կարևոր է հիմնադրամ ստեղծել հայոց լեզվի և մշակույթի աջակցության ու զարգացման համար։ Սեփական լեզվական մշակույթի բարձրացման հետ մեկտեղ պետք է ընդլայնենք և՛ եվրոպական, և՛ արևելյան օտար լեզուների, հիմնականում ռուսերենի, անգլերենի ու ֆրանսերենի, ինչպես նաև պարսկերենի, թուրքերենի, արաբերենի և, հավանաբար, չինարենի ուսումնասիրությունը: Մենք պետք է բազմաթիվ լեզուների տիրապետող ազգ լինենք, որպեսզի առավելություն ունենանք մեր հարևանների նկատմամբ.

Պետության, մասնավոր ներդրողների, զարգացման ինստիտուտների, ՀԿ-ների և զանազան այլ դերակատարների համագործակցությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե առկա է որոշակի ինստիտուցիոնալ հիմք, որը համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին, որոնք երբեմն պետք է մշակվեն մեր կողմից: Նման հիմք է ստեղծում հարթակների հավաքածուն: Հարթակը փոխգործակցության իրական կամ վիրտուալ հիմք է, որն ապահովում է ռեսուրսների կենտրոնացումը, գործընթացների համակարգումն ու խթանումը: Հարթակների հավաքածուն այսբերգի անտեսանելի մասն է. առանց հարթակների անհնար է գաղափարից անցնել իրագործման։ Դրանք թույլ են տալիս կազմակերպել և համախմբել մասնակիցներին, կատարել անհրաժեշտ հաշվարկները, իրականացնել ընթացիկ կառավարումը և այլն։ Հարթակների կարևոր գործառույթը ծախսերը նվազագույնի հասցնելն է։ Նույն հարթակի հիման վրա հնարավոր է իրականացնել ինչպես լայնածավալ, այնպես էլ փոքր նախագծեր, որոնք կկարողանան օգտվել արդեն իսկ գոյություն ունեցող ծառայություններից։

Հարթակը փոխգործակցության ինստիտուցիոնալ հիմքն է, որն ապահովում է ռեսուրսների կենտրոնացումը, գործընթացների համակարգումն ու խթանումը։ 

  • Բոլոր ծրագրերը, որոնք ես և իմ գործընկերներն իրագործում ենք Հայաստանում, ստեղծում են մեկ տարածք, հետապնդում են ընդհանուր նպատակ և հենվում են մի քանի հարթակների. տեխնոլոգիական (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ՝ FAST), մարդասիրական (Ավրորա մարդասիրական նախաձեռնություն), կրթական (Scholae Mundi բարեգործական հիմնադրամ), առողջապահական (Tree of Life), բնապահպանական (Climate Uturn), մշակութային (Ani), ֆինանսական (Ameria Group), զբոսաշրջության և ուրբանիզմի (Tourism and Urban Foundation, TUF), ինչպես նաև սոցիալական ձեռներեցության հարթակ (IDeA): Մեր գործընկերները՝ «Արար» հիմնադրամը, ստեղծել են անվտանգության ոլորտում նախագծերի իրականացման հարթակ։ Ընդգրկման ամբողջականության համար անհրաժեշտ են նաև գյուղատնտեսական, լեռնամետալուրգիական և արտահանման-ներմուծման հարթակներ:

Մեր պլանավորման հորիզոնը ներառում է մեր զավակներին ու թոռներին, որոնք նոր են թևակոխում իրենց կյանքի ուղին:
Լուսանկարը՝ IDeA հիմնադրամ

Մեր պլանավորման հորիզոնը ներառում է մեր զավակներին ու թոռներին, որոնք նոր են թևակոխում իրենց կյանքի ուղին:

Լուսանկարը՝ IDeA հիմնադրամ

  • Բարձր մասնագիտական որակավորում ունեցող կառավարիչների ու փորձագետների ​​ ներգրավում. Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելուս 20 տարիների ընթացքում ես բախվել եմ հետևյալ չորս հիմնական մարտահրավերի. որակյալ կառավարիչների սակավություն, զանգվածային բազմանպատակ նախագծերի սակավություն, որոնք դրական փոփոխությունների արժեքավոր հակազդեցություն կառաջացնեին, նման նախագծերի իրականացման համար փողի քչություն և դրանց հայտնվելու ու իրագործելու համար բարենպաստ ու խթանիչ միջավայրի սակավություն: Այս բոլոր մարտահրավերները փոխկապակցված են, բայց հիմնականը, իմ կարծիքով, առաջինն է, և եթե մենք կարողանանք գտնել դրա պատասխանը, վերջինս կծառայի որպես մնացած բոլոր խնդիրների լուծման բանալի։ Ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողները, ինչպես նաև զարգացման ինստիտուտներն ավելի պատրաստակամորեն գումար կհատկացնեն նախագծերին, երբ իմանան, որ դրանց իրագործմամբ զբաղվելու են համաշխարհային մակարդակի մասնագետներ, որոնք, մի կողմից, նման հաստատությունների կառավարման փորձ ունեն և, մյուս կողմից, լավ ծանոթ են Հայաստանին և նրա առանձնահատկություններին։ Լայնածավալ բազմագործառույթ նախագծերի առանձնահատկությունն այն է, որ դրանք աճում են սնկի պես և նպաստում նոր նախաձեռնությունների առաջացմանը՝ դրանով իսկ ստեղծելով մեզ անհրաժեշտ միջավայրը:

Փոխներգործությունն ավելի ու ավելի է անցնում առցանց ձևաչափի, և դա մեզ հնարավորություն է տալիս նշանակալիորեն ամրապնդելու մեր կարողությունները՝ աշխարհի ցանկացած կետից ներգրավելու հարկ եղած մասնագետներին: Այս առավելությունից լիարժեքորեն օգտվելու համար անհրաժեշտ է վերացնել երկրի կառավարման համակարգի մի շարք ներքին սահմանափակումներ և ստեղծել այն փորձագետների տվյալների բազան, որոնք պատրաստ են իրենց ժամանակը մասամբ կամ ամբողջությամբ տրամադրելու Հայաստանի զարգացման ծրագրերի վրա աշխատանքներին, որոնք իրականացվում են պետական ​​և մասնավոր հատվածներում։ Այդ առումով անհրաժեշտ կլինի նաև ստեղծել «ժամանակի բանկ» և հեռավար աշխատանքի կամ, հակառակը՝ տարբեր տարիքի մասնագետների Հայաստան տեղափոխվելու պայմաններ։

 

Շարունակելի

Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930