Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննական կրթության մոդելի արդյունքները տպավորիչ են. Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլ 25,2022 17:03

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Կողմերը քննարկել են կրթության ոլորտին առնչվող երկկողմ համագործակցության ծրագրեր:


Ողջունելով դեսպանին` նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ֆիննական կրթության մոդելի արդյունքները տպավորիչ են, փորձը` հետաքրքրության արժանի:

Ընդգծելով, որ ինքը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, դեսպանը փաստել է, որ ֆիննական կողմը ոչ ֆորմալ կրթության ձևաչափով Հայաստանում մի շարք զարգացման ծրագրերի նախաձեռնություններ ունի` Ֆինլանդիայի ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Հայկական կողմն առաջարկել է փոխհամագործակցության ծրագրեր միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում, մասնավորապես՝ ուսանողների և հետազոտողների փոխանակման, մանկավարժական կրթության բնագավառում համատեղ հետազոտական ծրագրեր:

Նախարարը նշել է, որ կրթության համակարգը Կառավարության ուշադրության կենտրոնում է, ոլորտին առաջնային տեղ է տրված Կառավարության ծրագրում:

«Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցում: Այդ ծրագրի իրագործումն արդեն մեկնարկել է»,- նշել է Վահրամ Դումանյանը և տեղեկացրել, որ բոլոր դպրոցներն ապահովվելու են նոր գույքով և առարկայական լաբորատորիաներով` ԲՏՃՄ (STEM) առարկաների ուսուցման որակի բարձրացման նպատակով:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ֆիննական կրթության փորձի գործնական օրինակներ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում այժմ ընթացող հանրակրթական բարեփոխումների համատեքստում ֆիննական փորձը կարող է դիտարկվել Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման և ներդրման շրջանակում: Նա նաև առաջարկել է իրականացնել փոխհամագործակցության ծրագրեր գիտության, սպորտի և երիտասարդության բնագավառներում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930