Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն 10 հիվանդից մեկը բուժման ընթացքում կամ վիրահատության բարդություն է ունենում, կամ՝ ներհիվանդանոցային վարակ. ԱՆ ռազմավարությունը՝ այսպիսի դեպքերը կանխելու

Ապրիլ 25,2022 16:50

Բժշկական հաստատություններում անբարենպաստ դեպքեր են համարվում վիրահատությունների բարդությունները, հիվանդանոցում բուժվելու ժամանակ ներհիվանդանոցային վարակներ վերցնելը, դեղորայքից առաջացած ռեակցիաները, ուշացած կամ սխալ ախտորոշումները: ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանի խոսքով, այդ իրավիճակները շտկելու համար պահանջվում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, մինչդեռ, եթե խելամտորեն իրականացվեն եւ կանխվեն այդպիսի գործընթացները, բնականաբար, այդ ռեսուրսները չեն վատնվի:

Այսօր նախարարության պաշտոնյան «Արմենպրես»-ի մամուլի սրահում ներկայացրեց առողջապահության նախարարության ռազմավարության նախագիծը, որը բարելավելու է առողջապահական ծառայությունների որակը: Ըստ Կարինե Գաբրիելյանի, ռազմավարության նպատակն է առկա ռեսուրսների պայմաններում ապահովել անվտանգ, ծախսարդյունավետ, մարդակենտրոն բժշկական ծառայություններ: Նոր ռազմավարությունը կապվելու է առողջապահության համապարփակ ապահովագրության հետ:

«Զարգացած երկրներում էլ խնդիր է, որ անորակ բժշկական ծառայությունները բերում են ֆինանսական ռեսուրսների վատնումի: Անգամ զարգացած երկրներում շատ կարեւոր է բուժօգնության որակի բարելավման խնդիրը: Եվրամիության երկրներում իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 10 հիվանդից մեկի մոտ բուժման ընթացքում գրանցվում է վնասում կամ՝ բարդություն: Մեկ այլ ուսումնասիրություն վկայում է, որ այդ վնասումներից 5-ից 4-ը կանխարգելելի են, հետեւաբար այդ թվերը վկայում են այն մասին, որ խիստ կարեւոր է բուժօգնության որակը՝ հենց ֆինանսները ռացիոնալ օգտագործելու առումով»,-ասաց տիկին Գաբրիելյանը:

Նրա խոսքով, 2010-2015 թվականներին բուժօգնության որակի ակտիվ գործընթացների միջոցառումների հետեւանքով 5 տարվա ընթացքում հնարավոր է եղել խնայել 28 միլիարդ դոլար:

Հարցին՝ այսօր ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում՝ այդ թվում եւ բժշկական հիմնարկները, ի՞նչ են անում, որպեսզի մարզերում էլ այդ որակյալ ծառայությունները հասանելի լինեն, Կարինե Գաբրիելյանն ի պատասխան ասաց, որ ներկայումս մարզերում աննախադեպ ծավալի շինարարություն է ընթանում, որպեսզի որակյալ ծառայություններ մատուցվեն: Նա նշեց, որ ռազմավարությունը բաղկացած է վեց բաղադրիչից. այն կներդրվի փուլային տարբերակով:

ԱՆ պաշտոնյայի խոսքով, պետք է վերանայեն բուժհաստատությունների լիցենզավորման պահանջները, որ դրանք սնկի նման չաճեն՝ ինչպես տեղի է ունենում հիմա:

«Որպեսզի որակի բարելավման աշխատանքները լինեն շարունակական հարկավոր է բուժհաստատություններում նոր մշակույթի ստեղծում: Այսինքն՝ ոչ պատժիչ միջավայր ստեղծեն, որպեսզի մարդիկ չխուսափեն բարձրաձայնել այդ պատահարների, թերությունների մասին, եւ բուժանձնակազմը չվախենա, որ կպատժվի: Միջազգային պրակտիկայում կա հետեւյալ մոտեցումը՝ եթե անձի կողմից բացահայտվում է բուժօգնության որակի մասին թերություն, չպետք է կենտրոնանալ անձին պատժելու վրա, այլ, յուրաքանչյուր թերության հետեւում պետք է փորձել գտնել համակարգային թերություն, որի պատճառով այդ սխալը տեղի է ունենում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930