Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների և ֆիզիկական բռնությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. ԽԱՊԿ

Ապրիլ 25,2022 16:54

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2022 թվականի առաջին եռամսյակային զեկույցի մասին

2022թ. առաջին եռամսյակը լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության համար համեմատաբար հանգիստ ժամանակաշրջան է եղել։ Տարատեսակ ճնշումների և ֆիզիկական բռնությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի նվազել է։ Այսպես՝ գրանցվել է 1 բռնության դեպք, երբ զանգվածային բողոքի ակցիան լուսաբանելիս լրագրողին բերման են ենթարկել, ինչպես նաև՝ այլ ճնշումների 12 դեպք։ ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացվել է 7 նոր դատական հայց՝ բոլորն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Դրանցից 2-ի դեպքում հայցվորները պաշտոնյաներ են։ Արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքի, սպառնալիքի, վիրավորանքի 5 փաստ։

Եռամսյակը աչքի է ընկել տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների կտրուկ աճով: Այս իրավիճակը մտահոգիչ է հատկապես քաղաքական դաշտում, մամուլում և հասարակության շրջանում առկա բևեռացման և կեղծ լուրերի լայն տարածման պայմաններում, երբ պաշտոնական տեղեկատվության անհրաժեշտությունն էլ ավելի ակնառու է դառնում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն դիտարկվող ժամանակահատվածում գրանցել է 45 այդպիսի խախտման դեպք, ինչը 30-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2021-2022 թթ. 1-ին եռամսյակների խախտումների քանակական տվյալները

Խախտումների տեսակները 2021 թ. 1-ին եռամսյակ

 

2022 թ. 1-ին եռամսյակ

 

Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ 7
(8
տուժող)
1
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ 20 12
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ 15 45

 2021-2022 թթ. 1-ին եռամսյակների ընթացքում ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործեր 

Դատական գործերի տեսակները 2021թ. 1-ին եռամսյակ 2022թ. 1-ին եռամսյակ
Վիրավորանքի և զրպարտության հիմքով 10 7
Այլ վեճեր 2 0

Միջազգային կառույցների, ինչպես նաև տեղական փորձագետների ուշադրության կենտրոնում շարունակել են մնալ նախորդ տարի Հայաստանում իրականացված այն օրենսդրական փոփոխությունները, որոնք սպառնալիքներ ստեղծեցին խոսքի ազատության ու ԶԼՄ-ների անկաշկանդ գործունեության համար։ Մասնավորապես՝ այս գնահատականը վերաբերում է այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացմանը և զրպարտության ու վիրավորանքի համար նախատեսված դրամական փոխհատուցման վերին շեմի եռապատկմանը: Խոսքի ազատության անհիմն սահմանափակումներ են առաջացնում նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում կատարված և դեռ շարունակվող փոփոխությունները, հատկապես՝ կապված պետական մարմիններում լրագրողների աշխատանքի, նրանց հավատարմագրումը մերժելու կամ այն դադարեցնելու հետ։

Հայաստանյան մեդիա փորձագետներից շատերը անհրաժեշտ են համարում այս փոփոխությունների անհապաղ վերանայումը և ընդհանրապես ԶԼՄ-ներին վերաբերող ամբողջ օրենսդրության բարեփոխումը՝ միջազգային փորձի ուսումնասիրության և ժամանակակից լավագույն լուծումների կիրառմամբ: ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները փետրվար-մարտ ամիսներին նախաձեռնել են մի շարք քննարկումներ գործադիր և օրենսդիր մարմինների պաշտոնյաների հետ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել տեղեկատվական ոլորտի զարգացման և մեդիա օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ։ Այս փաստաթղթում տեղ գտած սկզբունքների հիման վրա էլ կպատրաստվեն ու շրջանառության մեջ կդրվեն նոր օրենքների նախագծեր։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930