«Սատար Արցախին» կազմակերպությունը հրապարակայնորեն իր խորին անհանգստությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության վերջերս որդեգրած դիրքորոշման կապակցությամբ։
Կազմակերպությունը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետության անկախությունը բխում է նրա ժողովրդի՝ 1991 թ դեկտեմբեր 10-ի հանրաքվեով արտահայտած ինքնիշխան ընտրությունից՝ ԽՍՀՄ-ում գործող իրավական դրույթներին և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, որին հետևել է ԽՍՀՄ կազմից Ադրբեջանի դուրս գալուն:
«Սատար Արցախին» կազմակերպությունը հիշեցնում է, որ ոչ ոք իրավասու չէ արտահայտվել այդ անկախության մասին, բացի Արցախի Հանրապետության բնակչությունից։
Քաջ գիտակցելով 2020 թ պատերազմի պարտությունը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ աճող սպառնալիքից բխող խնդիրները՝ Սատար Արցախին կազմակերպությունը այդուհանդերձ համարում է, որ Արցախը ներառող Ադրբեջանի «միջազգային սահմանները» ճանաչելու մասին ցանկացած հայտարարություն ոչ օրինական է:
Կարդացեք նաև
Կազմակերպությունը գտնում է, որ նման դիրքորոշումը հղի է ոչ միայն Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտման հեռանկարով, այլև հետագա գոյության սպառնալիք է պարունակում հենց իր՝ Հայաստանի համար:
Պետք է նշել, որ ոչ ներկա զինադադարի երաշխավոր Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան և ոչ էլ Միացյալ Նահանգները՝ երկրներ, որոնք համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, նման պահանջ չի դնում Հայաստանի առջև, ուստի, «Սատար Արցախին» կազմակերպությունը դատապարտում է նման անօգուտ և վտանգավոր զարգացումը, որը տարածաշրջանային հետագա անվտանգությունն ու կայունությունը զոհաբերում է հակամարտության առերևույթ խաբկանքային կարգավորմանը, որի իրական պատճառներն են ադրբեջանական իշխանությունների ուլտրաազգայնականությունը, ռասիզմը և գաղութարար նկրտումները:
«Սատար Արցախին» կազմակերպությունը կոչ է անում ծագումով հայ բոլոր ֆրանսիացիներին և Արցախի բոլոր բարեկամներին՝ իրենց ակտիվ գործունեությամբ սատար կանգնել Արցախին՝ նպաստելով ազատ, անկախ Արցախի գոյությանն ու հզորացմանը։
20 ապրիլի 2022թ.
Սատար Արցախին կազմակերպության Վարչական Խորհուրդ
Ֆրանսերենից թարգմանությունը՝ Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ