Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Քանի դեռ թուրքերը չեն ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը, չեն զղջում եւ դրա համար պատասխանատվություն չեն կրել, ի՞նչ հարաբերությունների զարգացման մասին է խոսքը»

Ապրիլ 25,2022 14:55

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում այսօր ասաց. «Համացանցում մի վերնագրի հանդիպեցի: Ասվում էր, թե Նիկոլ Փաշինյանը մինչեւ վարչապետ դառնալը երբեք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի այցելել: Դա ճշմարտանման, հեշտ ճշտվող տեղեկություն է, բայց նաեւ՝ լրիվ հավանական: Հուշարձանին, գերեզմանին այցելելը իր մեջ պետք է խորհուրդ ունենա: Դա ննջեցյալի հետ հոգեհաղորդ լինելն է եւ հարգանքի տուրք մատուցելը: Հիմա հարց է առաջանում. եթե դուք չեք ընդունում Հայոց Ցեղասպանությունը, դա համարում եք պակաս կարեւոր, քան առեւտուրը, այդ դեպքում ինչի՞ եք այցելում այդ հուշարձան:

Թուրքերի հետ երկխոսություն, հարաբերությունների զարգացում հնարավոր է: Բայց միայն այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահն ինքը այցելի այդ հուշարձան, ինքը գլուխ խոնարհի: Դրանից հետո կարելի է ինչ-որ բան քննարկել: Օրինակ, լեհերը հիմա գերմանացիների հետ համագործակցություն ունեն, նույնիսկ մեկ միության՝ ՆԱՏՕ-ի, անդամ են ու բազմաթիվ ոլորտներում համագործակցում են: Բայց դա եղել է այն դեպքում, երբ Գերմանիայի ֆեդերալ կանցլերը գլուխ է խոնարհել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում, ծնկի է իջել հրեաների եւ լեհերի ոչնչացման հուշարձանների առջեւ: Եթե դա տեղի չունենար, ոչ մի լեհի, հրեայի արժանապատվությունը չէր բավարարի դրանց հետ փոխգործակցության համար:

Հիմա, քանի դեռ թուրքերը չեն ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը, չեն զղջում եւ դրա համար պատասխանատվություն չեն կրել, ի՞նչ հարաբերությունների զարգացման մասին է խոսքը: Եթե դուք ավելի կարեւորում եք ոչ թե հիշատակը, ազգային արժանապատվությունը, այլ առեւտուրը, օրինակ, թուրքական մի ընկերություն կա, որն արտադրում է զուգարանի թուղթ, հիգիենիկ միջոցներ, կարող էին դրանից մի բլոկ գնել եւ գլուխ խոնարհել այդ փաթեթի առաջ, երախտիք հայտնել թուրք ժողովրդին, որ արտադրել են մի ապրանք, որը կարելի է ծախել եւ մեջը փող աշխատել:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից ովքե՞ր են կարեւորում առեւտուրը, թող գնան թուրքական ընկերությունների, ասենք, բայրաքթար ընկերության գրասենյակի առաջ գլուխ խոնարհեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930