«Այս տարվա առաջին եռամսյակը նախորդ ժամանակահատվածների հետ համեմատած բավականին հանդարտ է եղել, եւ եթե գումարենք ֆիզիկական բռնությունների ու տարատեսակ ճնշումների քանակը, կտեսնենք, որ դրանք կրկնակի պակասել են»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում ԽԱՊԿ 2022թ. առաջին եռամսյակային զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ներկայացնելիս, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով. «Այս եռամսյակի ընթացքում ընդամենը մեկ ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվել: Դա եղել է բռնի ուժով լրագրողին բերման ենթարկելը, երբ բողոքի ակցիա էր լուսաբանում: Մենք հետեւելու ենք այդ դեպքի զարգացումներին եւ տեսնելու ենք, թե ինչով է ավարտվում, որովհետեւ լրագրողի նկատմամբ այն քրեական գործը, որ փորձել են հարուցել, ամենեւին էլ տեղին չէ: Նա ներկայացել է որպես լրագրող եւ որեւէ իրավախախտում չի կատարել»:
Աշոտ Մելիքյանն ասաց, որ այս եռամսյակի ընթացքում արձանագրել են տարատեսակ այլ ճնշումների 12 դեպք. «Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, կտեսնենք, որ 2021-ին 7 դեպք էինք արձանագրել ֆիզիկական բռնությունների: Անցյալ տարվա առաջին եռամսյակում ճնշումների քանակը 20 էր, այս տարի 12-ը: Նվազումն ակնհայտ է:
Առաջին եռամսյակի ընթացքում արձանագրել ենք 7 նոր դատական գործ ընդդեմ լրագրողների եւ լրատվամիջոցների, 7 գործից 2-ում հայցվորները պաշտոնյաներ են, քաղաքական գործիչներ: Պետք է հատուկ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ եռակի ավելացել են տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները: Այս թվերը ամբողջությամբ վկայում են այն ծանր իրավիճակի մասին, որ լրագրողները շատ մեծ դժվարությամբ են ստանում պաշտոնական տեղեկատվությունը պետական մարմիններից: Այդ բողոքները եւ փաստերը շարունակում են մեզ հասնել, ինչի առումով մեր մտահոգությունն ենք հայտնում»:
Կարդացեք նաև
ԽԱՊԿ նախագահի խոսքով, շատ ժամանակ դա կարող է պատճառ հանդիսանալ տեղեկատվական դաշտում ապատեղեկատվության տարածման համար, որովհետեւ ըստ Մելիքյանի, միշտ չէ, որ ապատեղեկատվությունը կապված է միտումնավոր ֆեյք լուրեր մտածելու ու տարածելու հետ. «Շատ հաճախ լրագրողն ուզում է պետական ատյաններից ստանալ ստույգ տեղեկատվություն, սակայն չունենալով դա` ավելի շատ է տուրք տալիս այլ աղբյուրներից ստացած տեղեկություններին, որոնք կարող են հստակ եւ ճշգրիտ չլինել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ