Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող medianews կայքի՝ ապրիլի 23-ին տարածած այն տեսանյութի առնչությամբ, ըստ որի՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից ապրիլի 13-ին փողոցային պայքարի մեկնարկ ազդարարելուց հետո՝ ամենօրյա հավաքներին հնարավորինս մեծ թվով մարդիկ հավաքելու համար, Վանեցյանի ընկեր Արամ Գրիգորյանը, նյութապես շահագրգռելու նպատակով, գումարներ է բաժանել մարդկանց: Հանգամանքները պարզվում են:
Այս առնչությամբ Aravot.am-ի ետ զրույցում Արթուր Վանեցյանը պարզաբանեց. «Ճիշտ կանեն՝ նյութեր նախապատրաստեն այդ սուտ տեղեկությունները տարածողի վերաբերյալ: Այդ տեսանյութը, որը շրջանառվում է հատկապես իշխանական մամուլով ու իշխանական քարոզիչների կողմից, մեկ տարուց ավելի վաղեմություն ունի: Երեւանում ապրող ցանկացած մարդ այդ կանանց ճանաչում է: Նրանք միշտ քայլում են Երեւանի փողոցներով եւ մուրացկանություն են անում, իսկ ինձ եթե տեսնում են ինչ-որ մի տեղ, անմիջապես մոտենում են: Իսկ ես առհասարակ որեւէ մեկին գումար չեմ տալիս: Արամը, քանի որ շատ համառ են իրենք փորձում այդ գումարները ստանան, ինչ-որ գումարներ է տալիս այդ կանանց: Ի՞նչ ցույց, ի՞նչ հավաք: Երեւան քաղաքի փողոցում ցանկացած շրջող մարդ այդ կանանց ճանաչում է: Գնացեք իշխանությունների կողմից ցանկացած միջոցառումների, նույն կանայք այնտեղ են: Դե հերի՛ք է, էլի:
Ես ձեզ հիմա մի ինֆորմացիա ասեմ, որ իմանաք: Ջահերով երթի վերաբերյալ տեղեկատվությունը աղավաղելու համար հենց այդ օրը որոշեցին այդ տեսանյութը հրապարակեն: Այդ տեսանյութն իրենք ունեն շատ-շատ վաղուց: Եթե բանը հասնի դրան, փաստերով կներկայացնեմ, որ իրենց այսպես կոչված չաթերում իրար գրում են, որ հեսա տեսանյութ ենք դնում ու ջահերով երթի օրվա խորհուրդը փչացնենք, ամո՛թ է, էլի, ամո՛թ: Գետինը մտնեն, ավելի լավ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ