Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 42 անձի նկատմամբ, 8 անձանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթում

Ապրիլ 25,2022 12:42

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ նախկին և ներկա մի խումբ զինծառայողներ, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից, այդ կապակցությամբ երրորդ երկրում նախապես որոշված վայրում ներկայացնելով իրենց գրավոր համաձայնությունը և ստանալով համապատասխան ծածկանուն, մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը, բջջային կապին համակցված ինտերնետային հավելվածների կամ սոցիալական կայքերում գրանցված իրենց անհատական էջերի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով հավաքել և վերջիններին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:

Ընդ որում, զինծառայողներից ոմանք հստակ տեղեկություններ են ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը սկսվելու կոնկրետ օրվա մասին և այդ ընթացքում ակտիվ կապի մեջ գտնվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ վերջինների առաջադրանքով հավաքել և նրանց են հանձնել՝ տարբեր զորամիավորումների, զինապահեստների, զինատեսակների, հրամանատարական կետի, շտաբի գտնվելու վայրերի, տարբեր մարտական դիրքերի կոորդինատների, սպառազինության, կոնկրետ զինտեխնիկայի տեղակայման և դասավորվածության, զորամասերի կազմում ընդգրկված ստորաբաժանումների սպառազինության, դրանց տեղակայման վայրերի, անվանումների, զորամասի համարի, նախկին անվանման, զորամասերի միացման, զորամասերի մարտական խնդիրների իրականացման տեսակների վերաբերյալ պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, այդ թվում՝ դրանց տեղանքը պատկերող լուսանկարներ՝ դավաճանական գործողությունների դիմաց ինչպես անձամբ, այնպես էլ տարբեր անձանց անուններով առձեռն ու բանկային փոխանցումների միջոցով որպես վարձատրություն՝ պարբերաբար ստանալով տարբեր չափերի գումարներ:

Հիշյալ քաղաքացիների կողմից վարձատրության դիմաց պետական դավաճանություն կատարելու հետևանքով հակառակորդին ընձեռվել է իրական հնարավորություն՝ կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, որպիսի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի վերսկսման հենց առաջին օրվանից հակառակորդը հրթիռահրետանային և ԱԹՍ միջոցներով դիպուկ հարվածներ է հասցրել շտաբին, N միավորումների և N զորամասերի կառավարման համակարգին, N միավորումների և N զորամասերի մշտական տեղակայման վայրերին, հրթիռահրետանային սպառազինության պահեստներին, ՀՕՊ առանձին համակարգին և այլ ռազմական ու տնտեսական օբյեկտներին, որը հանգեցրել է մարդկային և սպառազինության մեծ քանակությամբ կորուստների:

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 42 անձանց նկատմամբ, որոնցից 24-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2022 թվականի ապրիլի 15-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդհանուր 8 անձանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթում և նրանց վերաբերյալ քրեական գործի մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։

ԱԱԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930