«Չմոռանալ մեր պատմությունը եւ թույլ չտալ այդ պատմության կրկնություն»,- այս խորհրդով ապրիլի 23-ին, ՀՅԴ երիտասարդական թեւի կազմակերպած՝ դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթին մասնակցում էր նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Aravot.am-ի հետ զրույցում սպորտսմենն ասաց, որ այդ խորհուրդը պետք է բոլորիս համար նույնը լինի եւ հաճախ կրկնվող արտահայտությունը՝ պատմությունից դասեր քաղելու մասին, վերջապես պետք է ճիշտ կիրառենք. «Ունենք բազմաթիվ պատմության դասեր, որոնք անընդհատ, ցավոք, բացասական առումով, թույլ ենք տվել, որ կրկնվեն: Հիմա, մենք այդ կրկնության եզրին ենք. կամ կկանգնեցնենք այդ բացասական ընթացքը՝ մեր ազգի համար, պետության համար, կամ՝ թույլ կտանք, որ նույն աղետալի պատմությունը կրկնվի: Ոչինչ չի փոխվել. թշնամին նույնն է, նրա պահանջները նույնն են, մենք էլ պետք է, որ նույն հայը լինենք, որ ընդամենը 25 տարի առաջ, կարողացանք կանգնեցնել թշնամու ցանկությունները»:
7-րդ գումարման խորհրդարանում Արսեն Ջուլֆալակյանը ներկայացնում էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Հետո նա լքեց իշխող քաղաքական ուժը՝ սուր քննադատելով այդ ուժի վարած քաղաքականությունը, որդեգրած ճանապարհը:
Գործող իշխանության ղեկին գտնվող ձեր նախկին թիմակիցներն այսօր խաղաղության օրակարգ են առաջարկում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. ինչպե՞ս եք դրան վերաբերվում՝ Aravot.am-ի հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ նպատակահարմար չի համարում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթի ժամանակ եւ հընթացս խոսել նման լուրջ հարցերի մասին: Խոստացավ՝ առաջիկայում, առանձին զրույցով պատասխանել այդ առիթով մեր բոլոր հարցերին:
Նկատեցինք, որ ընդդիմադիր ուժերի համար, այդ քայլերթը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, ընդդիմության համար նաեւ, այսպես ասած, ստուգողական նշանակություն ունի այսօրվանից մեկնարկող հանրահավաքային փուլից առաջ եւ հետաքրքրվեցինք՝ իրեն կտեսնե՞նք այդ հանրահավաքներին: «Ինչպես նշեցի խոսքիս սկզբում, մենք հիմա այնպիսի մի փուլում ենք, որ կամ կկարողանանք հաղթահարել եւ պահպանել մեր պետականությունը՝ գոնե այսպիսի վիճակում, ինչ որ հիմա ունենք, եւ կփորձենք դրա վրա կառուցել այն, ինչ դարեր շարունակ երազել ենք, կամ ուղղակի կկորցնենք: Ես չեմ չափազանցնում: Այսինքն, հիմա լինել-չլինելու պայքար է եւ, իհարկե, եւ ես եմ մասնակցելու, եւ կոչ եմ անելու, որ բոլոր սրտացավ, հայրենասեր մարդիկ պարզապես կողմ դնեն իրենց քաղաքական նախասիրությունները կամ ճաշակի թեմաները եւ մասնակցեն այս աղետավոր գործընթացը կանգնեցնելուն»:
Կարդացեք նաև
Հարցին՝ որեւէ քաղաքական ուժի հետ կամ մեջ ձեզ կտե՞սնենք հետո, Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ես հիմա իմ քաղաքացիական դիրքորոշումն եմ հայտնում, սա քաղաքական չի, սա ազգային է, սա հայրենասիրական է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ