Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիմֆոստազ․ խուսափեք այտուցներից

Ապրիլ 25,2022 09:30

«TV ԱԼԻՔ»․ Ի՞նչ եք մտածում առաջին հերթին, երբ հերթական հագուստը փոխելիս հանկարծ նկատում եք, որ այն մի տեսակ նեղ է թվում, սեղմում է: Հաստատ համարում եք, որ նիհարելու ժամանակն է: Սակայն երբեմն այդպիսի իրավիճակի պատճառն այնքան էլ ավելորդ քաշը չէ: Պարզապես ուշադրություն դարձրեք, թե ինչ տեսք ունեն ձեր ձեռքերն ու ոտքերը: Արդյո՞ք այտուցված չեն: Եթե այո, ապա հնարավոր է, որ ձեզ մոտ կան խնդիրներ ավշային համակարգում: Բացի ֆիզիկական անհարմարությունից եւ արտաքին տեսքի փոփոխությունից, դա կարող է վկայել օրգանիզմի նյութափոխանակության խանգարումների եւ իմունիտետի թուլացման մասին:

Ինչ է ավիշը

Ավիշը լատիներենից (lympha) թարգմանաբար նշանակում է մաքուր ջուր, հեղուկ: Այն մարդու օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրիչ է, որը կաթնասպիտակավուն թափանցիկ հեղուկ է եւ առաջանում է արյան պլազմայից գոյացած հյուսվածքային հեղուկից: Ավիշը օրգանիզմի հյուսվածքներին եւ բջիջներին մատակարարում է սննդանյութեր եւ հեռացնում նյութափոխանակության արգասիքները: Օրգանիզմում արյունատար համակարգից բացի կա նաեւ ավշային համակարգ, որն ապահովում է օրգանիզմի նյութափոխանակության գործընթացը, մաքրում է օրգանիզմի բջիջներն ու հյուսվածքները թունավոր նյութերից: Ավշային անոթների համակարգը սկսվում է մազանոթային ցանցով, որոնց պատերն ունեն բարձր թափանցելիություն: Մազանոթներից ավիշը մտնում է ավշային անոթներ եւ հանգույցներ: Ավշային անոթներն ունեն փականներ, որոնք խոչընդոտում են ավիշի հետհոսքը, ինչի շնորհիվ այն հոսում է մեկ ուղղությամբ` մազանոթներից դեպի ավշային ծորաններ եւ երակային հուն:

Հիդրոդինամիկ խնդիրներ

Ավիշի կանգ կամ լիմֆոստազ առաջանում է, երբ տեղի է ունենում ավիշի շրջանառության խանգարում ավշային անոթներում` դրանց խցանման հետեւանքով: Արդյունքում առաջանում են այտուցներ, եւ հիմնականում տուժում են ոտքերն ու ձեռքերը: Ավիշի կանգի ժամանակ ենթամաշկային ճարպաբջջանքում եւ մաշկում կուտակվում են բջիջների կենսագործունեության արգասիքներ (ճարպերի, սպիտակուցների քայքայման մնացորդներ, թափոններ եւ այլն), որոնք աստիճանաբար վերածվում են շարակցական հյուսվածքի թելերի (պնդանում են): Բժիշկներն այն անվանում են ֆիբրոզ: Վերջույթի ծավալը մեծանում է, ձեւափոխվում, ակոսները հարթվում են, մաշկը դառնում է չոր, փշրվող, վարակների նկատմամբ խոցելի, հաճախակի առաջանում են բորբոքումներ:

Չորս փուլ

Օրգանիզմն առնչվելով այսպիսի խանգարումների հետ, ամբողջ ուժով փորձում է վերականգնել ավիշի նորմալ շրջանառությունը, օրինակ` միջհյուսվածքային հեղուկի ավելցուկը «նետում է» արյան մեջ երակների միջոցով: Չէ՞ որ ավշային համակարգի վիճակից ուղղակիորեն կախված է ամբողջ օրգանիզմի առողջությունը: Լիմֆոստազը զարգանում է աստիճանաբար, 4 փուլով:

v Պարբերական այտուց.– Երբ արդեն կա ավիշի շրջանառության խանգարում, սակայն օրգանիզմը դեռեւս ի վիճակի է այն կարգավորել: Ախտահարված վերջույթը այտուցվում է որոշ ժամանակով, հետո անցնում է: Այս փուլում լիմֆոստազը հնարավոր է կանգնեցնել:

v Մշտական այտուց.– Նախորդ փուլի շարունակությունն է, երբ օրգանիզմը չի կարողանում պայքարել այտուցի դեմ: Հյուսվածքի վրա սեղմելիս խորը փոսիկ է առաջանում:

v Ֆիբրոզ եւ սկլերոզ.– Բջիջների կենսագործունեության արգասիքները, կուտակվելով ավիշի մեջ, ավիշի հետ սկսում են վերաճել շարակցական հյուսվածքի թելերի: Մաշկը հաստանում է, դառնում է պինդ: Կարող է ցավ առաջանալ:

v Փղախտ.- Փոփոխված հյուսվածքների հետեւանքով կորչում է վերջույթի ուրվագիծը: Շարժունակությունը հոդերում դժվարանում է: Ենթամաշկային ճարպաբջջանքում ավիշ է կուտակվում, առաջանում են տրոֆիկ խոցեր, մաշկի բորբոքումներ:

Ինչո՞ւ է առաջանում լիմֆոստազ

Իհարկե, լիմֆոստազը (ավիշի կանգ) հենց այնպես, դատարկ տեղում չի առաջանում: Ահա մի քանի պատճառներ, որոնք բերում են ավիշի շրջանառության խանգարումների.

  • ավշային անոթների բնածին արատները,
  • ճառագայթային թերապիան,
  • ավշային հանգույցների հեռացումը, երկարատեւ ջերմային ազդեցությունը (ուժեղ արեւ, սաունա եւ այլն),
  • ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, v մկանների տոնուսի նվազումը,
  • ճարպակալումը,
  • ավշային անոթների ճնշումը ուռուցքով,
  • վերջույթների ինֆեկցիոն եւ բորբոքային հիվանդությունները,
  •  ոտքերի եւ ձեռքերի տարբեր վնասվածքները (այդ թվում` այրվածքներ կամ գերսառեցում),
  • սրտի կամ երիկամների հիվանդությունները (օրինակ` զարկերակային գերճնշում կամ երիկամների թարախային բորբոքումներ):

Ռիսկի խումբը

Չնայած բազում պատճառներին, որոնք կարող են առաջացնել ավիշի կանգ, այս հիվանդությունն ունի նաեւ իր «մասնագիտական նախասիրությունները»: Հաճախ զարգանում է «կանգնած» աշխատանքի ներկայացուցիչների մոտ: Ռիսկի խմբում են բժիշկները (վիրաբույժները, ատամնաբույժները), ուսուցիչները, երաժիշտները, վաճառողները, մարզիկները:

Ինչպես զգուշանալ

Խրոնիկ լիմֆոստազի բուժումը սովորաբար պահանջում է վիրաբուժական միջամտություն: Սակայն հետեւելով մի քանի խորհուրդների՝ բացառությամբ բնածին արատների, հնարավոր է խուսափել այտուցներից: Բժիշկ մասնագետները խորհուրդ են տալիս.

v Կանոնավոր խնամել ոտքերի եւ ձեռքերի եղունգները: Զգուշորեն կտրել` չվնասելով հարակից մաշկը: Ցանկալի է մշակել հատուկ խարտոցով, որ վնասվածքներ չլինեն:

v Խուսափեք ձեռքերի եւ ոտքերի մաշկի վնասումներից: Խոհանոցում օգտագործեք ռետինե ձեռնոցներ: Եթե ամռանը սիրում եք ոտաբոբիկ քայլել, ապա ուշադիր եղեք, որ մաշկը չվնասեք:

v Ցանկացած քերծվածքների կամ ճաքերի դեպքում մաշկը մշակեք հակաբորբոքային միջոցներով (ջրածնի պերօքսիդի լուծույթ, մասուրի կամ չիչխանի յուղ եւ այլն): Եթե նկատում եք, որ վնասված հատվածի մաշկը կարմրել է եւ այտուցվել, ցավում է, մաշկը պնդացել է եւ շոշափելիս տաքություն է զգացվում, անպայման դիմեք բժշկի:

v Աշխատեք կրել ազատ հագուստ եւ ներքնազգեստ, ինչպես նաեւ մի հարմարվեք սեղմող կոշիկների հետ: Հագուստը եւ կոշիկը չպետք է խանգարեն ազատ շարժվելուն:

v Երկար մի մնացեք չափազանց շոգ բաղնիքում, սաունայում, ինչպես նաեւ արեւի տակ: Գերտաքացումը չորացնում եւ ծերացնում է մաշկը, կարող է առաջացնել ջերմային այրվածքներ:

v Երբ տուն եք գալիս, հատկապես երբ ստիպված եք եղել երկար ժամանակ անցկացնել ոտքի վրա, պարտադիր մոտ 20 րոպե պառկեք` ոտքերի տակ փոքրիկ բարձ դնելով:

v Եթե մի ձեռքի վրա վիրահատություն եք տարել (օրինակ` կոտրվածքից հետո), ապա արյան ճնշումը չափելու կամ ներարկումներ անելու համար պետք է օգտագործել առողջ ձեռքը:

Ինչպես մաքրել ավիշը

v Շնչեք խորը: Մեր մարմինը 3 անգամ ավել ավշային հեղուկ ունի, քան արյուն: Ավշի հոսքին որպես մղիչ ուժ նպաստում է խորը շնչառությունը: Այն արագացնում է թափոնների տեղափոխումը հյուսվածքներից եւ նպաստում է ավիշի արագ մաքրվելուն: Շնչեք խորը եւ օգնեք լյարդին մաքրել թափոնները:

v Շատ շարժվեք: Շարժումները նպաստում են ավշի արագ տեղաշարժմանը: Տարբեր ֆիզիկական վարժությունները` թռիչքներ տեղում, կքանիստեր եւ այլն, աերոբիկան օգնում են խուսափել ավշի կանգից:

v Ջուրը փրկություն է.- Առանց ջրի բավարար քանակի (օրական 1,5 լիտրից ոչ պակաս) ավշային հեղուկը չի կարողանա նորմալ հոսել: Բացի սովորական խմելու ջրից, կարելի է օգտագործել թարմ քամված հյութեր: Գազավորված, էներգետիկ եւ հյութ պարունակող ըմպելիքները խցանում են ձեր ավշային ուղիները: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար, որը դժվարացնում է ավշային համակարգի աշխատանքը: Օգտագործեք թարմ մրգեր եւ թարմ հյութեր:

v Կանաչիները մաքրում են ավիշը: Կանաչիների պարունակության մեջ եղած քլորոֆիլը մաքրում է արյունը եւ ավիշը:

v Ընկուզեղենը լավացնում է ավշի հոսքը: Ոչ աղի եւ չբոված ընկուզեղենը (հունական ընկույզ, հնդկական ընկույզ, նուշ, կաղին, արեւածաղկի սերմեր, դդմի սերմեր եւ այլն) պարունակում են օգտակար ճարպաթթուներ, որոնք մաքրում են ավիշը:

v Օգտվեք ավշային հոսքը լավացնող մերսումներից` լիմֆոդրենաժից, որն օգնում է ազատվել թափոններից եւ լավացնում է ավիշի շրջանառությունը:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

v Ավիշի շրջանառությունը լավացնում է բազուկի հյութը եւ կարմիր գինին:

v Արդյունավետ է մասուրի պտուղներից եւ հաղարջի տերեւներից պատրաստված թեյը: Պատրաստել խառնուրդից թեյ, խմել 0,5 բաժակ, ուտելուց առաջ:

v Ոտքերում եւ ձեռքերում ավիշի հոսքը կարգավորելու համար օգտակար է խատուտիկի արմատներից պատրաստված եփուկով կոմպրեսը:

1 ճաշի գդալ մանրացրած արմատների վրա լցնել 0,5 լիտր եռման ջուր, եփել 5 րոպե: Թողնել թրմվի 15 րոպե, որից հետո քամել: Լուծույթի մեջ թրջել սրբիչը, կապել այտուցված մասին եւ փաթաթել: Կոմպրեսը պահել 30 րոպե: Պրոցեդուրայի ժամանակ ոտքը կամ ձեռքը բարձր պահել, դնել բարձի վրա, այնպես, որ ոտքը կամ ձեռքը գլխից բարձր լինեն:

v Վերցնել իշառվույտի (դոննիկ) մանրացրած տերեւներից 4 ճաշի գդալ, վրան լցնել 1 լիտր եռման ջուր, թողնել մնա 20 րոպե, քամել: Թուրմը խմել 1 բաժակից, օրը 4 անգամ, ուտելուց 0,5 ժամ առաջ, 1 ամիս: Տալ 1 շաբաթ ընդմիջում եւ կարելի է կուրսը կրկնել:

v 0,5 կգ շագանակի պտուղների վրա լցնել 1 լիտր օղի, թողնել մնա 2 շաբաթ: Քամել: Ստացված լուծույթով դնել կոմպրես այտուցված մասերին: Լուծույթով թրջել բամբակյա կտորը, դնել այտուցված մասին, ծածկել կոմպրեսի թղթով, կապել բինտով, պահել ամբողջ գիշեր:

v Մսաղացով անցկացնել շագանակենու տերեւները: Ստացված զանգվածը քսել բամբակյա կտորի վրա, դնել այտուցված մասին, կապել բինտով, պահել ամբողջ գիշեր:

v Խնձորի քացախ.- 1 բաժակ գոլ ջրի մեջ լուծել 2 թեյի գդալ խնձորի քացախ եւ 1 թ/գ մեղր: Խմել առավոտյան նախաճաշից 10 րոպե առաջ:

Բոլոր դեպքերում խորհրդակցել բժիշկ մասնագետի հետ:

Պատրաստեց Շուշանիկ ՔՈՍՅԱՆԸ

Լույս է տեսել «TV ԱԼԻՔ ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ» 8 (1270) եւ 9 (1271) համարներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930